Հանուն հաճույքի կարող է կնոջն ու երեխեքին էլ մեռցնել

Հանուն հաճույքի կարող է կնոջն ու երեխեքին էլ մեռցնել
Հինգ երիտասարդ կին են, տարեկիցներ, երեւի ընկերուհիներ: Իսկ մի տեղ եթե կանայք են հավաքված, խոսակցության թեման, բնականաբար, տղամարդիկ են, նրանց հետ հարաբերություններն ու նրանցից ունեցած դժգոհությունները: Մեկը, որ երեւի մեջների ամենաակտիվն է՝ հետաքրքիր արտաքինով, պատմում է իր վերջին արկածները: Մյուսները կլանված լսում են, երբեմն ռեպլիկներ թողնում, ժպիտով կամ ախուվախով արձագանքում պատմածին: Ես պատմության սկիզբը, ցավոք, չեմ լսել: "Միացել եմ" կեսից, երբ արդեն նկարագրում է իրենց հերթական հանդիպումը: Հագուստի եւ կերած-խմածի մանրամասն նկարագրությունը բաց թողնեմ, թեեւ ընկերուհիներին այդ մասը շատ հետաքրքրեց, անցնեմ բուն "թեմային":



"Երբ ձեռքը տարավ՝ մեջքս գրկեց, հասկացա, որ հեռուն գնացող մտադրություններ ունի եւ... հենց նույն օրը: Բայց դե, ախր բոլորովին չեմ ճանաչում՝ ի՞նչ իմանաս ով է, ինչացու է, ինչ փորձանք կբերի գլխիս: Զգուշորեն ձեռքը հեռացրի մեջքիցս ու ասացի՝ շատ արագ ես գործում, այդպես չի կարելի: Նեղացած՝ ձեռքը քաշեց, թե՝ հո 18 տարեկան չե՞նք, արագը ո՞րն է: Դե, ասում եմ, ծանոթանանք, իրար ճանաչենք, մնացածը՝ հետո: Ասում է՝ ինչի դու պատրաստվում ես հարյուր տարի ապրե՞ս՝ կյանքը կարճ է: Փորձում եմ խոսքն ուրիշ տեղ տանել, ասում եմ՝ ինչի՞ չես քո մասին պատմում: Ասում է՝ ի՞նչ պատմեմ, դե՝ ճարտարապետ եմ, աշխատում եմ էսինչ արվեստանոցում, շենքերի նախագծեր եմ անում, ուրիշ ի՞նչ ես ուզում իմանալ, իրան հիմարի տեղ դնելով՝ փորձում է ցրել ինձ:



Իբր չգիտի, որ ամենաշատը ինձ մի բան է հետաքրքրում: Ասում եմ՝ իսկ որտե՞ղ ես ապրում: Կամաց եմ մոտենում գլխավոր թեմային, որ հուշտ չլինի: Ասում է՝ Քոչարի վրա: Ասում եմ՝ ո՞ւմ հետ: Ասում է՝ մեծ ընտանիք ենք, ո՞ւմ ես ուզում թվարկեմ: Իբր գլխի չի ընկնում հարցիս իմաստը: Ուղիղ ասում եմ՝ դե" ընտանիք ունե՞ս՝ կին, երեխաներ: Ասում է՝ չէ, ամուսնացած չեմ: Պատկերացնո՞ւմ եք՝ իսկ ինքը հեչ չամուսնացածի տեսք չունի:



Մտքումս ասում եմ՝ սրիկա, հանուն հաճույքիդ կարող ես կնոջդ ու երեխեքիդ էլ մեռցնել: Բայց շարունակում եմ՝ իբր հավատացի: Ասում եմ՝ բա մինչեւ հիմա ինչո՞ւ չես ամուսնացել: Ասում է՝ չի ստացվել, քո նման լավ աղջկա չեմ հանդիպել: Էդ մեկն արդեն չափն անցար, մտքումս մտածում եմ ես, բայց էլի ցույց չեմ տալիս: Ասում եմ՝ բա մայրդ մեղք չի՞, ով գիտի տարիքն առել է, բայց տան հոգսերն իր վրա են: Ասում է՝ չէ, տնային աշխատող ենք պահում, ու քթի տակ խնդում է:



Հասկանալի է, որ կնոջը տնային աշխատող է ասում, սրիկա: Հա՞, ասում եմ, բայց էդ տնային աշխատողները վտանգավոր են, գործ-մործ կանեն, հետո տնից բան-ման կթռցնեն կամ էլ, եթե միայնակ կին է, սեքսի պահանջ կունենա, մի օր էլ քեզ մենակ կբռնացնի՝ ծոցդ կմտնի: Տեսնեմ ուշաթափվել է ծիծաղից, ասում է՝ հա՞, ինչ էլ գիտես, տենց էլ անում ա, բայց ես երես չեմ տալիս, իսկ թռցնելը՝ չէ, ձեռից մաքուր ա: Մերս էլ ամբողջ օրը տանն ա՝ ինձ դժվար թե մենակ բռնացնի: Համ էլ ես ե՞րբ եմ տանը լինում որ: Այ այդտեղ արդեն ներվերս չդիմացան, ասեցի՝ դու որ քո կնոջ մասին տենց ես խոսում, վաղը-մյուս օրը իմ ետեւից ինչե՜ր կասես՝ գնա, քեզ տեսնել չեմ ուզում":

Սոնա ԱՄԱՏՈՒՆԻ