Ով ում դեմ է պայքարում

Ով ում դեմ է պայքարում
Սեպտեմբերի 9-ին Քաջարանում եւս քաղաքապետ են ընտրելու: Օգոստոսի 5-ից սկսվել է առաջադրման ժամկետը, սակայն այստեղ դեռեւս առաջադրումներ չկան: Սպասվում է, որ առաջադրվելու է գործող քաղաքապետ, հանրապետական Վարդան Գեւորգյանը: Քաջարանը, որի քաղաքական շնչառությունը պղնձամոլիբդենային կոմբինատն է թելադրում, մի մեծ աշխատանքային կոլեկտիվի է նման, մեկ մարդու` կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի դեմքին նայող: Քաջարանում նույնիսկ կատակում են` «Մեր քաղաքը փոքրիկ Սիրիա է, Մաքսիմն էլ Բաշար Ասադն է»: Կոմբինատի տնօրենը ոչ միայն Քաջարանի, այլեւ հարեւան քաղաքների` Կապանի, Գորիսի համայնքապետերի ընտրությանն է միջամտում: Անցյալ ընտրություններում նա պաշտպանել էր Կապանի գործող քաղաքապետ, դաշնակցական Արտուր Աթայանին, սակայն Սյունիքում խոսում են, որ Մաքսիմ Հակոբյանն այս անգամ որոշել է պասիվ մնալ, եւ հարցական է՝ կպաշտպանի՞ արդյոք ՀՀԿ-ից առաջադրված Աշոտ Հարությունյանին, թե՞ ոչ: Քաջարանցիներն ընդհանուր առմամբ վատ չեն վերաբերվում իրենց քաղաքապետին:



Նշում են, որ Վարդան Գեւորգյանը կռված տղա է, «Մաքսիմենց հետ լավ է», իրեն հասարակ է պահում եւ ամեն մեկի հետ լեզու է գտնում, բայց մի թերություն ունի` թույլ տղա է: «Լիսկայի, մեկ էլ Մաքսիմի արանքը որտեղ դնեն, այնտեղ էլ կմնա», - պատմեց մեզ ծանոթ քաջարանցի երիտասարդը:



Կարդացեք նաեւ՝  «Առաջադրումները կավարտվեն երեք օրից»