Սերժ Սարգսյանը չի արդարացրել ջերմուկցիների հույսերը

Սերժ Սարգսյանը չի արդարացրել ջերմուկցիների հույսերը
Աշոտ Արսենյանին պատկանող «Արմենիա» առողջարանի հարեւանությամբ  Ջերմուկում նոր առողջարան է կառուցվում, որը թվում էր, թե «Արմենիայի» մասնաշենքն է, բայց պարզվում է՝ բոլորովին էլ ոչ: Այն փայատիրական հիմունքներով է ստեղծվել, որտեղ մեծ՝ մոտ 50 տոկոսի չափ փայաբաժին ունի Վայոց ձորի նախկին մարզպետ Սամվել Սարգսյանը, մի 15 տոկոսի չափ՝ Աշոտ Արսենյանը, ում ներգրավել են, որ չդժգոհի, թե իր բիզնեսը խլում են, իսկ մնացած 30-35 տոկոսը, ըստ լուրերի, Սերժ Սարգսյանի ընտանիքինն է: Շենքը կառուցվում է Նարեկ Սարգսյանի ճարտարապետական արվեստանոցի կողմից: Շինարարությունը սկսվել է 2009-ին եւ պետք է ավարտվեր 2011-ին, սակայն այժմ երեսպատման աշխատանքներն են ընթանում եւ հազիվ թե մինչեւ տարեվերջ ավարտվեն: Առողջարանն ավելի ճաշակով ու շքեղ է լինելու, քան հին «Արմենիան»: Այնուամենայնիվ, ջերմուկցիներն արձանագրում են, որ առողջարանային գլխավոր կենտրոն դառնալու իրենց հույսերը չեն արդարացել:



Եվ անգամ դժգոհում են, որ Սերժ Սարգսյանն իրենց այնպես տիրություն չարեց, ինչպես Ռոբերտ Քոչարյանը Ծաղկաձորին արեց: Ճիշտ է՝ Ծաղկաձորի մոտ կեսը, ասում են, ՀՀ նախկին նախագահին է պատկանում, բայց իրենք համաձայն էին անգամ դրան՝ միայն թե առողջարանային կենտրոնն աշխատեր եւ տեղացիներին եկամուտ բերեր: