Հայրենիքի ժողովրդավարականն է լավ

Հայրենիքի ժողովրդավարականն է լավ
ՀԱԿ-ի կազմում դեռեւս գոյություն պահպանող որոշ ուժեր ենթակա են ՀԱԿ-ից արտաքսման: Զորօրինակ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունն իր Պետրոս Մակեյանով: «ՀՀ երկրորդ քաղաքի ղեկավարի ընտրություններում ընդդիմությունը չի կարող որեւէ դերակատարում ունենալ»՝ սա այս ընդդիմադիր գործչի հայտարարությունն է, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ ՀՀԿ-ԲՀԿ դաշինքի թեկնածու Բալասանյանի ջրաղացին ջուր լցնելու փորձ: Ինչո՞ւ է Մակեյանը նման հայտարարություն անում հիմա, երբ հայտնի է, որ ՀՅԴ-ն իր թեկնածուն կունենա այս ընտրություններում: Այլ կերպ դնենք հարցը՝ ինչո՞ւ է Մակեյանն այսպիսի բան հայտարարում, երբ տակավին պարզ չէ, թե ինչ որոշում կկայացնի ՀԱԿ-ը, որտեղ, հենց իր պնդմամբ, որոշումները կայացվում են կոնսենսուսի արդյունքում:



Բլթոց: Այլ բառով հնարավոր չէ նկարագրել Մակեյանի հայտարարությունը: Այլապես պետք է ասեինք, որ նա այսու անցում է կատարել իշխանության ճամբար ու ՀԱԿ-ի ներսում աշխատում է ՀՀԿ-ԲՀԿ միասնական թեկնածուի օգտին: Նեղանալ չլինի, բայց սա կարող է պարզապես դիմակպատռուկ նկատվել: Ինչպե՞ս կարձագանքի ՀԱԿ-ը Մակեյանի այս հայտարարությանը: Կարծում ենք՝ ոչ մի կերպ: Բանն այն է, որ իր քառամյա պայքարը 7 պատգամավորական մանդատով պսակած Կոնգրեսն այլեւս որեւէ բան հայտարարելու ոչ ի վիճակի է, ոչ էլ ցանկություն ունի:



Եվ, ընդհանրապես, Կոնգրեսի համար ՏԻՄ ընտրությունները երբեք կարեւորություն չեն ունեցել: Հիշեք Երեւանի ընտրությունները, հիշեք, թե ՀԱԿ ակտիվիստները, Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, ինչքան անհավես էին պայքարում Հրազդանի ընտրություններում տեղ գտած ընտրախախտումները ջրի երես հանելու ուղղությամբ: Գյումրիի քաղաքապետի ընտրության հետ կապված այդ անտարբերությանն ավելացել է նաեւ ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ի սկսած արիշվերիշների թեման, որ զգալիորեն կաշկանդում է «հեղափոխական» Կոնգրեսին եւ մասնավորապես նրա շեֆին, ով էլ քաղաքագիտական վերլուծություն կոչված այս շեդեւրի հեղինակն է:



Դե պատկերացրեք, թե սա ինչ բան է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարազատ խնամին անգամ չի դիմանում եւ լքում է ՀԱԿ-ը: Իսկ այդ հարազատ խնամին ոչ այլ ոք է, քան Դավիթ Շահնազարյանը՝ ՀԱԿ-իշխանություն «երկխոսության» երանելի ժամանակներում ՀԱԿ առանցքային գործիչներից մեկը: Եթե վերոնշյալ բլթոցներին ավելացնենք ՀԱԿ-ԲՀԿ քաղաքական կենսատարածքում թյուրիմացաբար թե միտումնավոր պայթած մյուս ականների հայտարարությունները եւս, ապա կտեսնենք, որ ՀՀԿ-ն (կարդա իշխանությունը) լավ էլ աշխատել է ծայրահեղ ընդդիմադիր եւ այլընտրանքային ընդդիմադիր դաշտում: Աշխատելը ո՞րն է: Կարելի է ասել՝ հենց իշխանությունն է արարել այդ դաշտերը:



Ամենայն ազնվությամբ եմ ասում՝ փառք ու պատիվ Գալուստ Սահակյանին: Տեսեք՝ ԲՀԿ-ն որեւէ հոդաբաշխ խոսք դեռեւս չի կարողացել ասել, թե այդ ինչպես պատահեց, որ ՀՀԿ-ն որոշեց Գյումրիում պաշտպանել ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի թեկնածությունը: Իսկ Գալուստ Սահակյանն այնպես յուղեց ԶԼՄ-ների գլուխը, որ սրանք «Հեղնար աղբյուրի» հերոսի պես մտածեցին, թե իրենց կյանքն իզուր են ապրել: «Ի՞նչ կապ ունի կուսակցությունը, ժողովուրդն իր հավակնություններով մոտ է Սամվել Բալասանյանին: Իրեն են ուզում: Սա էլ համայնք է՝ թող իրենց ուզածով լինի»: Եվ սա այն նույն Գալուստ Սահակյանն է, ով Իջեւանում ՀՀԿ թեկնածուի պարտությունից հետո ցավ ի սիրտ ասում էր՝ հաշվեք, որ 100 տեղից 100-ում չի հաղթել ՀՀԿ-ն, այլ 99-ում է հաղթել:



Ո՞նց չհարգես այս մարդուն, որ ընդունակ է 100 տոկոսով միմյանց հակասող հայտարարություններ անել: Տեսեք ինչ է ասում՝ ի՞նչ կապ ունի կուսակցությունը: Եթե կուսակցությունը կապ չունի, հարգելի Գրիգորիչ, ապա ՀՀԿ-ն թող մի կողմ քաշվեր՝ ընդունելով սեփական պարտությունը, եւ ոչ թե կպչեր ԲՀԿ-ի պոչին ու պաշտպաներ Բալասանյանին: Ձեր 100 տարվա ընկերն էր Վարդան Ղուկասյանը: Ինչո՞ւ, գոնե ձեւի համար, չհայտարարեցիք, որ նրան եք պաշտպանում: Վախեցաք նոր պարտությո՞ւն արձանագրել, երկրորդ Իջեւա՞ն:



Եվ ահա, ՀՀԿ-ական այս պանիկայի մեջ Մակեյանը հայտարարում է, որ ընդդիմությունը ոչինչ անել չի կարող Գյումրիի քաղաքապետի ընտրություններում: Մենք չենք կարողանում հասկանալ, թե այդ ինչ ժողովրդավարական հայրենիքի մասին է երազում Պետրոս Մակեյանը, երբ տակավին կարծում է, թե ընդդիմությունն անուժ է: Էն էլ՝ ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանի ձեռքը կրակն ընկած Գյումրիի պես քաղաքում: Ո՞վ է ներշնչել Մակեյանին, որ Գյումրին Բալասանյանին է ուզում եւ վերջ: Գալուստ Սահակյա՞նը: Ինչ էլ հավաստի աղբյուր է գտել…



Իսկ հիմա՝ ավելի լուրջ: Ամենայն հավանականությամբ, Վարդան Ղուկասյանի միջնաբերդից այդպես էլ լուր չի տարածվի, որ նա որոշել է առաջադրվել: Գյումրիի տարածաշրջանի ՀՀԿ-ական «վոժդը» նման երեխայություն չի անի՝ լավ իմանալով խաղի կանոնները: Վերջին հաշվով հենց նրա եւ ոչ թե ինձ հետ են նախագահական նստավայրում զրուցել այս թեմայով: Այդուհանդերձ, Վարդան Ղուկասյանը, գյումրեցիների աչքից վերջնականապես չընկնելու համար, բացահայտ չի աշխատի Բալասանյանի համար: Իսկ սա նշանակում է, որ պայքարը ծավալվելու է Բալասանյանի (կարդա՝ ՀՀԿ-ԲՀԿ դաշինքի) եւ ՀՅԴ ներկայացուցիչ Հովսեփ Սիմոնյանի միջեւ: Այս պարագայում, որքան էլ չարչարվեն ոմանք, հնարավոր չէ ասել, թե ընդդիմությունը ոչինչ անել չի կարող: Ընդդիմությունն ամենաքիչը կարող է նոր հեծանիվ չհնարել եւ համախմբվել այլընտրանքային թեկնածուի շուրջ, եթե, իհարկե, «շտատնի» ընդդիմության մեջ կոնսենսուս չկայացվի պարտվողականության օգտին:



 Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ