Ոչ մի լավ բան

Ոչ մի լավ բան
Երեկ ողջ օրը մեծ լարում կար մթնոլորտում՝ համենայնդեպս քաղաքական եւ լրատվական դաշտն անհամբերությամբ լուրերի էին սպասում Ռուսաստանից: Օգոստոսի 8-ին, արձակուրդն ընդմիջելով, Սերժ Սարգսյանը շտապել էր Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման: Սպասվում էր, որ մի քանի առանցքային հարցերի պատասխաններ են տրվելու այսօր: Մասնավորապես Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցելու, գազի գնի վերանայման, առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված:



Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանը, ոչ ակամայից, շարունակում է գտնվել ռուսական ազդեցության դաշտում, եւ, որքան էլ վիրավորական է ինքնիշխան պետության համար, ռուսներն են այստեղ որոշում շատ հարցեր: Եվ այսպես, օրվա երկրորդ կեսից սկսեցին լուրեր գալ հանդիպման բովանդակության մասին: Եվ մեր, դեռ սովետական շրջանից տողատակերում կարդալու ունակ հասարակությունը սկսեց գուշակություններ անել, թե ինչ է նշանակում այն, որ Պուտինն իր խոսքում հիշատակել է Ռուսաստանում գտնվող աշխատանքային միգրանտների եւ նրանց՝ մոտ մեկ միլիարդ դոլարի հասնող տարեկան տրանսֆերների մասին, որոնք կազմում են մեր ՀՆԱ-ի զգալի մասը:



Ինչ է նշանակում Պուտինի «շնորհակալությունը» ՀՀ կառավարությանը, որն «աջակցում է իրենց ներդրումներին»: Եվ վերջապես. ինչ է նշանակում ՀՀ նախագահի խոսքը գազի գնի վերանայման պայմանավորվածության մասին. «Այն պետք է բխի գազի շուկայական իրական գնից՝ բազմապատկած կամ բաժանած Հայաստանի բնական կարիքները, հարաբերակցելով տարածաշրջանային գներին»: Եվ վերջապես, հանդիպման օրը՝ օգոստոսի 8-ը, ոմանց կարծիքով, բոլորովին էլ պատահական չի ընտրված: Այս օրը, 4 տարի առաջ սկսվեց ռուս-վրացական պատերազմը, որը բազմաթիվ զոհերի եւ Աբխազիան ու Հարավային Օսիան ռուսական հայտարարելու պատճառ դարձավ: