Աբովյանները՝ հոբելյաններում

Աբովյանները՝ հոբելյաններում
Հայ գրականության եւ մանկավարժության հիմնադիր Խաչատուր Աբովյանը 1848թ. ապրիլի 2(14)-ի վաղ առավոտյան դուրս է եկել տնից եւ այլեւս չի վերադարձել: Սակայն քչերը գիտեն, որ նույն ճակատագրով եղել է նաեւ մեկ ուրիշ Աբովյան: Հայ մանկավարժ, հասարակական գործիչ Գեւորգ Կարապետի Աբովյանը 1866թ. նոյեմբերի 13-ին անհետացել է: Ներկայացնելով նրան՝ Հայկական սովետական հանրագիտարանը ենթադրել է, որ նարոդնիկների հետ ունեցած կապերի համար ցարական ոստիկանությունը նրան գաղտնի աքսորել է Օխոտսկ, որտեղ եւ մահացել է:



Գեւորգ Աբովյանը ծնվել է Լոռու մարզի Օձուն գյուղում, 1837թ.-ին: Այս տարի նրա ծննդյան 175 ամյակն է: Սկզբնական կրթություն ստացել է Սանահինի դպրեվանքում: Այնուհետեւ ուսանել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: 1849-ին նա Ներսես Աշտարակեցու օժանդակությամբ ուղարկվել է Մոսկվա` Լազարյան ճեմարան, որն ավարտել է 1954-ին: Ուսանողական տարիներին մտերմացել է առաջավոր մտավորականների հետ, տարվել հեղափոխական գաղափարներով: Ապրել է ընդամենը 29 տարի, բայց թողել է ուսանելի ժառանգություն:



1954-ից մինչեւ իր առեղծվածային անհետացումը Թբիլիսիում զբաղվել է մանկավարժությամբ, կիրառել նոր ծրագրեր եւ մանկավարժական մեթոդներ: Նրա «Համառոտություն հայոց պատմության» աշխարհաբար դասագիրքն ունեցել է 4 հրատարակություն: Գ. Աբովյանն անձնական կապեր է ունեցել Գ. Սունդուկյանի եւ Պ. Պռոշյանի հետ եւ ակտիվորեն մասնակցել թատերական եւ երաժշտական կյանքին, գրել է երգեր, «Շուշանիկ» պատմական ողբերգության (բեմադրվել է Թիֆլիսում,1859թ.) երաժշտությունը, ստեղծել եւ ղեկավարել է երգչախումբ:



150 տարի առաջ՝ 1862-ին, նույն Օձուն գյուղում ծնվել է գյուղագիր Անուշավան Մովսեսի Աբովյանը: Նա պատանի հասակում զրկվել է ծնողներից: Նախնական կրթությունն ստացել է Ջալալօղլու (Ստեփանավան) հայկական դպրոցում: Հետո փոխադրվել է Թիֆլիս: Նրա «Լեւոնի հեքիաթը» գործն ունի ինքնակենսագրական բնույթ եւ հետաքրքիր մանրամասներ է ներկայացնում իր եւ Հովհաննես Թումանյանի մտերիմ հարաբերություններից:



«Գրական տեղեկատու»-ն 1986-ին գրել է, որ Հովհաննես Թումանյանը «Անուշ» պոեմի նախաբանը նվիրել է Անուշավան Աբովյանին: 1906-ին տպագրելով «Պատկերներ գյուղական կյանքիից» գիրքը՝ Ա. Աբովյանը ԽՍՀՄ գրողների միության անդամ է դարձել 1938-ին (75-76 տարեկան հասակում), նույն տարում էլ ավարտել է իր երկրային կյանքը: Երկու  Աբովյաններ՝ նույն գյուղից: Տոհմական կապը կարծես թե կասկած չի հարուցում: Իսկ տոհմածառի ընդարձակումը կտանի՞ արդյոք դեպի մեծն Խաչատուր Աբովյանը կամ թե 115 տարի առաջ Թիֆլիսում ծնված տիտղոսակիր Գեւորգ Աբովը (Գեւորգ Արշակի Աբովյան): Անկախ այս հարցադրումներց՝ հոբելյանները, կարծում եմ, արժանի են արժեւորման:



Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ