Դուդուկագործին երկար են հիշում

Դուդուկագործին երկար են հիշում
Հանգստյան օրերին Վերնիսաժը սկսում է ապրել: Փողոցը բռնած խայտաբղետ երաժշտության, հազար լեզվով խոսող գնորդների ու հայկական կեղծ ու շիտակ զարդանախշերի մեջ  լսվում է դուդուկի ձայնը:



Գալստյան եղբայրները դուդուկ են սարքում արդեն  մոտ քառասուն տարի: «Մեր ընտանիքում բոլորն էին դուդուկագործ, հայրս է մեզ սովորեցրել այս արհեստը»,-ասում է Աշոտ Գալստյանը: Նա մասնագիտությամբ էներգետիկ է, եղբայրը` ճարտարապետ, սակայն երկուսն էլ չեն մոռացել, թե իրենց պապն ինչպես էր դուդուկ սարքում: Այս գործիքի պատրաստումը երկար ու բարդ գործընթաց է: Փայտը, որից պատրաստում են դուդուկը, պետք է լինի ոչ պակաս, քան 50 տարեկան ծառից: Այս տեսակի փայտը, սակայն, դեռ տասը տարի մշակում են, որպեսզի դուդուկ դառնա: Երկար ճանապարհ անցած «կիսագործիքն» այնուհետեւ ընկույզի յուղով մշակում են ու կրակով դաղում:



Յուրաքանչյուր գործիք իր տոնայնությունն ունի, որը ճշգրիտ լսողությամբ վարպետներն են միայն կարողանում լարել: Ըստ եղբայրների` իրենց պատրաստած դուդուկը մի քանի սերունդ նվագում են առանց երկրորդ անգամ լարելու:



Վարպետ Աշոտը մի փոքրիկ տղայի երկար պատմում էր, թե ինչպես պետք է նվագել դուդուկը, որտեղ դնել մատները, երբ ու ինչպես փչել, եւ ընթացքում նաեւ նվագում էր` ցույց տալու նրան, թե ինչ դուրս կգա լավ պարապելու դեպքում: Տղան վերցրեց գործիքն ու գնաց փորձելու:



«Տեսնո՞ւմ ես, էս տղայի թոռը մի օր կվերցնի դուդուկն ու կհիշի մեզ»: Վարպետը գոհ էր:



Նարե ՍԱՀԱԿՅԱՆ