Հայոց հարցն ու Բոտերոյի «Ծխող կինը»

Հայոց հարցն ու Բոտերոյի «Ծխող կինը»
Երեկ սոցիալական ցանցերի եւ երեւանյան լրահոսի թեման ամառվա շոգից ու քաղաքական կյանքի զարգացումներից 180 աստիճանով կտրուկ շեղվել էր, պատճառը «Գաֆէսճեան արվեստի կենտրոնի» դիմաց նախօրեին տեղադրված կոլումբիացի հայտնի քանդակագործ Ֆերնանդո Բոտերոյի «Ծխող կինը» քանդակն էր, որը սոցիալական ցանցերում ինչ անուն ասես չստացավ՝ «Տկլոր կնգա արձան», «Մամա Ռոզա», «Չարաբաստիկ Բոտերոյի կնիկը»: Ու քանի որ ցանկացած հարց մեզանում քննարկվում է ազգային մակարդակով, ապա քանդակն էլ այդ մակարդակում միանգամից որակվեց ապազգային, դեռ մի բան էլ ավելի՝ արձանը ստացավ «ոչ հայեցի» գնահատականը, ըստ այդմ, կարելի է ենթադրել, որ հայեցի արձաններ էլ են լինում: Ու քանի որ թմբլիկ կինը պատկերված էր ոչ միայն ծխախոտը ձեռքին, այլ նաեւ ծալ-ծալ՝ գրոտեսկային մերկությամբ, ապա քննարկումների մեծ մասն էլ այդ մերկության ուղղությամբ էր ընթանում:



Իսկ մինչ այդ Կասկադի մոտ անհաղորդ հանգստությամբ անցորդներին էր նայում Բոտերոյի «Ծխող կինն» ու իր մերկության ֆոնին լուսանկարվել ցանկացողների հերթեր առաջացնում: Թե ինչ գնով է ձեռք բերել «Գաֆէսճեան կենտրոնը» աճուրդների ժամանակ միլիոնավոր դոլարներով վաճառվող Բոտերոյի այս գործը, զրուցեցինք «Գաֆէսճեան արվեստի կենտրոնի» հանրային կապերի եւ փիառ բաժնի տնօրեն Լիլիթ Սոխակյանի հետ, ով նշեց, որ իրենք ոչ մի արվեստանմուշի գնից տեղյակ չեն եւ հետագայում էլ չեն իմանում, թե որքան է վճարվել այս կամ այն արվեստի նմուշի դիմաց. «Դա գաղտնի ինֆորմացիա է այն իմաստով, որ միայն համապատասխան մարդիկ են տիրապետում այդ ինֆորմացիային»:



Հարցին, թե ճի՞շտ է, որ Բոտերոյի «Հռոմեացի զինվորը» Գաֆեսճյանը գնել է մեկ միլիոն դոլարով, Սոխակյանը նշեց, որ աճուրդային կայքերում գուցե նշվի, թե Բոտերոյի քանդակները տարբեր ժամանակներում ինչքանով են վաճառվել. «Իսկ թե որքանով է Ջերալդ Գաֆեսճյանն այդ արձանները ձեռք բերել, ես ինքս տեղյակ չեմ, դրա համար չեմ կարող հաստատել այդ գինը»: Հարցրինք, թե առաջիկայում հայ հասարակությունը սպասի՞ քանդակներ Ֆերնանդո Բոտերոյից, որոնք գուցե դարձյալ կտեղադրվեն Կասկադի տարածքում:



Սոխակյանը նշեց, որ ներկա պահին այդ 3 քանդակներն են լինելու «Գաֆէսճեան քանդակների պարտեզում». «Բոտերոյի թե «Կատուն», թե «Հռոմեացի զինվորը» եւ թե «Ծխող կինը» համաշխարհային հռչակ վայելող քանդակների շարքին են պատկանում եւ շատ քիչ քանակությամբ կան, դրանք պահպանվում են կամ հենց կոլումբիացի քանդակագործի ծննդավայրում, կամ մեր Երեւանում, մոտ ժամանակներում նոր քանդակներ Բոտերոյից դեռեւս չենք ունենալու»: Թե ինչու է Գաֆեսճյանի ընտրությունը կանգ առել Բոտերոյի «Ծխող կնոջ» վրա, ապա, ըստ Սոխակյանի, դա քանդակագործի ամենահայտնի գործերից է. «Բոտերոն լավագույնս իր արվեստն արտահայտել է կանացի մեծ ֆորմաների միջոցով, եւ ամենատպավորիչն ու հիշվողը նրա կանացի կերպարներն են»:



Քանդակի ընտրությունը կատարել է հենց Ջերալդ Գաֆեսճյանը, որն ի դեպ հենց իր անձնական հավաքածուից է: Ինչ վերաբերում է քանդակի տեղադրման վայրին, ապա քանի որ Թամանյանի արձանից մինչեւ 50- ամյակի հուշարձան ամբողջովին Ջերալդ Գաֆեսճյանի մասնավոր տարածքն է, ապա քաղաքապետարանի համաձայնությունը քանդակը տեղադրելու հարցում ամենեւին պարտադիր չի եղել: Քանդակի հարցում մարդկանց արձագանքները Սոխակյանը նորմալ համարեց. «Ինչպես որ ժամանակին «Կատուն» չընդունվեց, հետո դարձավ սիրված վայրերից մեկը, ես վստահ եմ, որ «Ծխող կինը» նույնպես ժամանակի ընթացքում կսիրվի եւ կընդունվի»: