Վերահսկիչի զեկույցները ջրվո՞ւմ են

Վերահսկիչի զեկույցները ջրվո՞ւմ են
Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ՀՀ վերահսկիչ պալատի կողմից 2011 թվականի հաշվետվության ներկայացումից հետո ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանից հետաքրքրվել է. «Ինչո՞ւ հայտնաբերված չարաշահումները քրեաիրավական շարունակություն չեն ունենում՝ ելնելով արձանագրված չարաշահումների տուգանքների չափերից»: «2008-ից հետեւում եմ Ձեր հաշվետվություններին եւ եկել եմ այն եզրակացության, որ մի քանի տասնյակ միլիարդ դրամի չարաշահումներ եք հայտնաբերել: Մինչդեռ Դուք Ձեր գնահատականներում նշում եք՝ մենք իրավաբան չենք, դատախազ չենք, որ գնահատական տանք: Ինչո՞ւ քրեաիրավական որակավորումներ եք տալիս, բայց դրանց շարունակություն չի տրվում»,- հարցրեց պատգամավորը:



Ջհանգիրյանի խոսքով, այդ խախտումների համար դեռ միջինից բարձր չինովնիկ չի ենթարկվել քրեական պատասխանատվության: Հետեւաբար. «Գլխավոր դատախազությունն է վատ վիճակում հայտնվում, իսկ Վերահսկիչ պալատի զեկույցները ջրվում են»: Իշխան Զաքարյանն էլ զինաթափ եղած խոստովանեց. «Խնդիրներ կան, եւ դրանք պետք է նայել: Պետք է օրենքում մեխանիզմներ ստեղծվեն, պետք է այդ գործերը գնան ուր որ հարկն է կամ չգնան, ուստի ակնկալում ենք ԱԺ-ի աջակցությունը»: