Հիմա նա Սերժ Սարգսյանի ներկայացուցիչն է

Հիմա նա Սերժ Սարգսյանի ներկայացուցիչն է
ԱԺ ընտրություններից հետո լրագրողներից փախչող Վիկտոր Դալլաքյանը, ով նախօրեին Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ նախագահի ներկայացուցիչ Ազգային ժողովում, երեկ վերջապես հաղթահարեց իր «վախն» ու կամովին հայտնվեց լրագրողների օղակում: Այս ամիսներին Դալլաքյանը, հավանաբար, լավ պարապել էր, որ կարողանա  դուրս գալ լրագրողների հարցերի տակից: Երբ նրան հարցրինք, թե ինչպես ստացվեց, որ Սերժ Սարգսյանի հասցեին սուր քննադատություններ հնչեցրած Վիկտոր Դալլաքյանն այժմ այդ նույն Սերժ Սարգսյանին պետք է ներկայացնի Ազգային ժողովում, Դալլաքյանն անցավ սեփական ձեռքբերումները թվարկելուն։ Ասաց, որ ինքն աշխատել է երեք նախագահների հետ էլ, երեքին էլ թե քննադատել է, թե լավն է ասել: Դրանից հետո սեփական ձեռքբերումները թվարկեց, այնուհետեւ ասաց այն, ինչ վերջին տասը տարիներին ասում է ցանկացած լրագրողի հետ հանդիպելիս՝ որ ՀՀ նորագույն պատմության մեջ չկա մի պատգամավոր, ով 83 օրինագիծ է հեղինակել, ու սկսեց հատ-հատ թվարկել այդ օրինագծերը։ Ապա ասաց, որ ինքն այս ընթացքում հետեւել է մամուլին եւ տեսել, թե քանի պաշտոնի տեղափոխեցին իրեն, «սակայն ոչ մի լրագրող այդպես էլ չզանգեց, որ ինձանից հարցնի»,- սրտնեղեց Դալլաքյանը:



Ի դեպ, սա այնքան էլ չի համապատասխանում իրականությանը, քանի որ, երբ դեռ նշանակումը չկար, պրն Դալլաքյանը շատ նյարդային էր արձագանքում լրագրողների հեռախոսազանգերին: Ապա ասաց, որ, ինչպես նախկինում էր անում, լրագրողներին կարող է հիմա էլ խորհրդատվություն տալ: Վերջում հայտարարեց, թե միեւնույն է՝ ինքը ներում է բոլորին, բոլոր լրագրողներին: Բնական է՝ հիմա արդեն լավ չի լինի, որ ՀՀ նախագահի ներկայացուցչի դեմ բացասական հրապարակումներ լինեն, ուստի ներելու իսկը ժամանակն է: Սակայն այս ներողամիտ ու բարեհամբույր «ներկայացուցիչը» կերպարանափոխվել է, երբ մեր լրագրողը հարց է ուղղել նրան: Իսկ «Հրապարակի» լրագրողն ընդամենը նկատել է. «Դուք մեծահոգաբար ներեցիք բոլոր լրագրողներին, մինչդեռ վանաձորցիները, փաստորեն, չկարողացան ներել Ձեզ այդքան կտրուկ ճամբարափոխ լինելու համար եւ չընտրեցին ԱԺ պատգամավոր»: «Հրապարակի» անունը լսելով՝ Դալլաքյանն ափերից դուրս է եկել, թե՝ «հլա անջատի էդ դիկտաֆոնը եւ բարեկիրթ եղի»:



Փաստորեն, նա բարեկիրթ է համարում միայն այն լրագրողներին, ովքեր իր մասին բարի բաներ են գրում ու բարի հարցեր տալիս: Իսկ այն լրատվամիջոցը, որը բացասական բան է գրում, «զակազ» է կատարում: Եվ այս բառն օգտագործում է մի մարդ, որը տարիներ շարունակ տարբեր իշխանությունների կողմից բարեհաջող օգտագործվել է ու բոլորի նվագի տակ պարել: