«Ոճրագործ» Օսկանյանն ու դատախազի միջնորդագիրը

«Ոճրագործ» Օսկանյանն ու դատախազի միջնորդագիրը
ԲՀԿ անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի դեմ գլխավոր դատախազի միջնորդության քննարկումն Ազգային ժողովում հիշեցնում էր Հրանտ Մաթեւոսյանի հայտնի «Մենք ենք, մեր սարերը» գործը: Ռեւազը, այս դեպքում Հանթսմանը, չի բողոքում, որ իր ոչխարները (փողերը) կերել են, սակայն «քննիչ»-գլխավոր դատախազն է նրա փոխարեն անհանգստանում:



 



Երեկ առավոտվանից ԱԺ շենքում կարծես արտակարգ դրություն հայտարարված լիներ: Երկուստեք՝ թե ՀՀԿ-ն, թե ԲՀԿ-ն, ԱԺ էին բերման ենթարկել իրենց այն պատգամավորներին, որոնք հազվադեպ են լինում խորհրդարանում: ՀՀԿ-ն քվորում ապահովելու խնդիր ուներ, ԲՀԿ-ն էլ՝ միասնական եւ միահամուռ երեւալու, թեպետ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը բացակայում էր: Կուսակցությունից ասացին, որ Հայաստանում չէ: ԱԺ-ում չէր նաեւ ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանը, փոխարենը ժամանել էին Յուվեցի Կարոն՝ Կարո Կարապետյանը, Ռուստամ Գասպարյանը եւ այլք, ովքեր հազարից մեկ են բարեհաճում ԱԺ: Դեռ առավոտից ՀՀԿ-ԲՀԿ պատերազմի շունչ էր զգացվում: Մինչ «չարաբաստիկ» միջնորդությամբ ԱԺ կժամաներ Աղվան Հովսեփյանը, երկու խմբակցություններն ԱԺ շենքի հակադիր հատվածներում խմբակցությունների 10 րոպեանոց նիստեր արեցին եւ դիրքավորվեցին՝ մարտի դաշտ մտնելու համար:



ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ  ՏԱՐԱԿՈՒՍԱՆՔԻ ՏԵՂԻՔ ՏՎԵՑԻՆ



Դատախազի ելույթից նախ պարզեցինք,  որ Օսկանյանին ԱԱԾ-ն ոչ թե մեղադրում է փողերի լվացման, այլ յուրացման մեջ: Աղվան Հովսեփյանը, հանդիսավորությամբ եւ առավելապես վտանգավոր հանցագործ բացահայտածի ներքին հպարտությամբ մոտենալով ԱԺ ամբիոնին, սկսեց անվարժ կարդալ իր առջեւ դրված տեքստը (իսկ հոգաբարձուների փոխարեն «հոգեբարձուներ» բառն ականջ էր սղոցում): Ասաց, որ Օսկանյանը զբաղվել է փողերի յուրացմամբ` տարբեր հաշվեհամարների գումարներ է փոխանցել` փորձելով օրինականացնել դրանք: Խոսքը 520 միլիոն դրամի կամ ավելի քան մեկ միլիոն 400 հազար դոլարի մասին է, որը գոյացել է Հայաստանում «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ընկերության վաճառքից: Ընկերության սեփականատերն իբրեւ նվիրատվություն «Սիվիլիթասին» է ցանկացել տալ այդ փողերը` Վարդան Օսկանյանի միջոցով:            Նշված գումարը փոխանցվել է Օսկանյանի հաշվեհամարին, որից 181 հազար դոլարը, ըստ Աղվան Հովսեփյանի հայտարարածի, նախկին արտգործնախարարն անձնական նպատակներով է օգտագործել: Հովսեփյանը մանրամասնորեն ներկայացրեց դեռ 2010 թվականի ամռանը սկսված եւ մի քանի ամիս տեւած գործարքները, եզրափակեց յուրօրինակ հաթաթայով. «Մենք մանրակրկիտ կերպով ենք ստուգել  այդ ֆինանսական շարժերը, բայց, բանկային գաղտնիության օրենքը չխախտելով, իրավունք չունենք բարձրաձայնելու, թե ինչպես են դրանք ծախսվել, որ ռեստորանում կամ հյուրանոցում հաշիվ փակվել»: Աղվան Գառնիկիչը սա ասաց այնպիսի տոնով, կարծես ներկաներից միայն Օսկանյանն էր ռեստորան այցելել, եւ որ դա աններելի մեղք է:



Արդյոք Օսկանյանի յուրացրած գումարները տրամադրած կողմը (տվյալ դեպքում Հանթսմանները) բողոք ներկայացրե՞լ են, հետաքրքրվեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Դատախազի պատասխանից դահլիճը փռթկաց: Պարզվեց, որ քննչական մարմինը պաշտպանում է «Սիվիլիթաս» հիմնադրամի «նյութական շահերը»: Փաստորեն, տուժողն այս գործում Օսկանյանի հիմնադրած «Սիվիլիթասն» է, որը բողոք չունի: Պատգամավորներին այս փաստը տարօրինակ թվաց: Գլխավոր դատախազը հակադարձեց. «Կարեւոր չէ, թե «Սիվիլիթաս» հիմնադրամի գործադիր տնօրեն Սալբի Ղազարյանն ինչ մտերմական հարաբերությունների մեջ է գտնվում կամ չի գտնվում Վարդան Օսկանյանի հետ: Նրանք առնվազն կարող են քաղաքացիական հայց չներկայացնել, բայց դա չի բացառում քրեական պատասխանատվությունը»: Նա նաեւ պարզաբանեց, որ ֆինանսական դիտարկումների կենտրոնը հետեւում է երկրում ֆինանսական հոսքերին. 20 միլիոն դրամից ավելի, եթե դա կապված չէ անշարժ գույքի օտարման հետ, եւ 50 միլիոն դրամից ավելի, եթե կա անշարժ գույքի օտարում: «Եվ քանի որ այդ գումարները, որոնք փոխանցվել են Վարդան Օսկանյանի հաշվեհամարին, գերազանցել են 20 միլիոն դրամը, բնականաբար, այդ շարժով զբաղվել է ֆինանսական դիտարկումների կենտրոնը, հետագայում` Ազգային անվտանգության օպերատիվ ծառայությունը, որի հիման վրա հարուցվել է քրեական գործ: Նրանք պարտավոր են դա անելու»:



Ապա պատգամավորները սկսեցին հարցեր տալ գլխավոր դատախազին, որոնց պատասխանները հայտնի ասույթն էին հիշեցնում. Գառնիկիչի բոլոր երգերը «Սիվիլիթասի» շահերի պաշտպանության օգտին են: Գլխավոր դատախազը համառորեն մտել էր մատի եւ մատանու՝ այս դեպքում Օսկանյանի եւ «Սիվիլիթասի» արանքը եւ վեց ժամ շարունակ փորձում էր վստահեցնել, որ Օսկանյանը յուրացրել է «Սիվիլիթասին» հասանելիք գումարները:



Դատախազն  ըստ էության ոչ մի պատգամավորի լուրջ փաստարկներով չէր կարողանում հակադարձել, որքան հարցադրումները բարդանում էին, նա ավելի նյարդային շարժումներ էր անում, իսկ երբեմն փայլում հանճարեղ բառապաշարով: Բանը հասավ նրան, որ  Հովսեփյանը երբ հերթական անգամ հայտարարեց, թե փողերի լվացում չի նշանակում միայն անհայտ ծագման փողերի  լվացում, հետեւյալ օրինակը բերեց. ենթադրենք՝ մարդը մի քանի տասնյակ միլիոնի հարկային պարտավորություն չի կատարում, պահում է իրեն, եւ, որպեսզի այդ գումարներն օրինականացնի, «ոճրագործը կիրառում է փողերի օրինականացման տարբեր սխեմաներ»: Տպավորությունն այնպիսին էր, որ Հովսեփյանին նման միջնորդությամբ ԱԺ էին գործուղել միմիայն  մի նպատակով, որ ինքն իրեն վարկաբեկի:



ՓՈՂԸ ԿԱ, ԲՈՂՈՔ ՉԿԱ, Ի՛ՆՉ ԵՔ ՈՒԶՈՒՄ ԻՆՁԱՆԻՑ



«Ես գող չեմ»,- ի պատասխան գլխավոր դատախազի հնչեցրած մեղադրանքների՝ հուզված ասաց նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, հավելելով, թե այս ընթացքում ինչ արել է, արել է ի նպաստ իր հիմնած «Սիվիլիթաս» հիմնադրամի, եւ եթե եղել են բացթողումներ, դրանցում միտում չկա: Վիճահարույց գումարները, ըստ Օսկանյանի, խորհրդակցելով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հետ, անցած շաբաթ օրն ամբողջությամբ փոխանցվել են հիմնադրամի հաշվեհամարներին.  «Այստեղից լումա պակաս չէ: Գնացեք- ստուգեք: Ինչի՞ս են պետք Հանթսմանի փողերը»:



«Փողը կա, բողոքը չկա: Ի՞նչ ասեմ ես, ի՞նչ եք ուզում ինձանից»,- այլայլված շարունակում էր Օսկանյանը: «Ես կարծում եմ, որ սա փոթորիկ է ոչ ինչ-որ բաժակի մեջ: Սա նույնիսկ փոթորիկ չի մատնոցի մեջ»: Նախկին արտգործնախարարն այս ամենի մեջ քաղաքական դրդապատճառներ է տեսնում: Հայաստանը, նրա ձեւակերպմամբ, վերադարձել է 37 թիվ.  «Մարդ լինի, հոդված կգտնեք: Մեր երկրի խնդիրները թողած` 10 տարվա արտգործնախարարին դրել եք այստեղ, այսպիսի հարցադրումնե՞ր եք անում»: Ինչ վերաբերում է 2008թ. մարտի 1-ի կապակցությամբ իր հասցեին հնչող մեղադրանքներին, որոնք հիմնականում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց, ի պատասխան Օսկանյանն ընդգծեց, որ այդ օրն ասուլիս  հրավիրելու իր նպատակը տասը զոհերը կանխելն է եղել։ «Երանի այդ օրը դուք նույնպես նման պատասխանատվություն վերցնեիք։ Ոչ ոք չվերցրեց, ե՛ս վերցրեցի։ Եթե նույն հնարավորությունն ունենամ այդ շիկացած իրավիճակը թուլացնելու համար, նորից կանեմ դա»,-հայտարարեց նա եւ, դիմելով պատգամավորներին, ընդգծեց. «Այս փաստերով եթե դուք եք ինձ «հանձնում», հետո ձե՛զ հետ էլ է լինելու։ Խնդիր չկա, հանձնե՛ք, ժողովո՛ւրդ»։



ԷԼ ԳՈՂ ՓԻՍՈ, ԷԼ ՔԱՉԱԼ ՇՈՒՆ



Օսկանյանի բաց «դատավարությունը» որոշ պատգամավորների հնարավորություն էր տվել մեղադրական հարցեր տալ, որոնք վեց ժամ շարունակ Օսկանյանի երեսով էին տալիս անցած տարիների սխալները՝ սկսած Ղարաբաղի որպես բանակցային կողմ, իրավունքից զրկելուց, վերջացրած Մարտի 1-ով: Իսկ Օսկանյանը զգացմունքային ելույթներով փորձում էր տակից դուրս գալ՝  պարբերաբար աղաղակելով, որ ինքը մեղավոր չի:



ՎՃՌՈՐՈՇ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ` ԱՅՍՕՐ



«Բարգավաճ Հայաստանը» կոչ արեց չմասնակցել քվեարկությանը: ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունն» ընդունել են այդ առաջարկը: ՀԱԿ-ն իր որոշումը դեռ չի ցանկանում բարձրաձայնել, բայց, մեր տեղեկություններով, Տեր-Պետրոսյանը նման որոշում է կայացրել: Ասում են՝ Գագիկ Ջհանգիրյանն է դեմ քվեարկությանը  չմասնակցելուն: Սակայն ՀՀԿ-ն ակնհայտորեն անհանգստացած է, որ քվորում չի ապահովվելու, եւ քվեարկությունը տապալվելու է: Հենց դրանով էր բացատրվում խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի զգացմունքային խոսքը, որ սա արվում է «գործի ամբողջական քննությունն ապահովելու համար»: Թերեւս ՀՀԿ-ականներին ներշնչելու համար Գալուստ Գրիգորիչը հայտարարեց, որ քաղաքական մեծամասնությունը քվեարկելու է իր խոսացածի «տոնայնությամբ»: Այս տոնայնությամբ էլ նիստն ավարտվեց՝ այսօր կշարունակվեն ելույթները, ապա նորից կխոսեն գլխավոր մեղադրողն ու գլխավոր «մեղադրյալը», եւ կանցնեն քվեարկության: