Չարենցագետի ու Չարենցի ժառանգների միջով սեւ կատու է անցել

Չարենցագետի ու Չարենցի ժառանգների միջով սեւ կատու է անցել

Մի քանի օր է, որ չեն դադարում չարենցագետ Դավիթ Գասպարյանի «Գիրք մնացորդաց»՝ Չարենցի անտիպ ժառանգության շուրջ ընթացող քննարկումները: Իսկ պատմությունն ի սկզբանե սա էր. պետությունը պետպատվերի շրջանակում տպագրում է մի գիրք, որը հետո նույն պետության կողմից արգելանքի տակ է դրվում: Պատճառը, պարզվում է, եղել է այն, որ մեծն բանաստեղծի աղջիկը՝ Անահիտ Չարենցը, բողոք-նամակ է ուղղել մշակույթի նախարարին եւ հանրապետության նախագահին՝ կապված գրքում արծարծված որոշ փաստերի եւ բանաստեղծի էրոտիկ, բաց տեքստերով մի շարք գործերի հետ, խնդրելով արգելել վաճառքը:





  Բայց այս պատճառաբանությունն առնվազն տարօրինակ է հնչում, որովհետեւ եթե խնդիրն իսկապես բանաստեղծի բաց բովանդակությամբ գործերի մեջ է, որոնց հետ կապված՝ Անահիտ Չարենցը վերապահումներ ունի, ապա դեռեւս 1983-ին հենց ինքը կազմել եւ այդ գործերից մի քանիսը ներառել է «Եղիշե Չարենց. անտիպ եւ չհավաքված երկեր» ժողովածուում, որից հետո նույն Դավիթ Գասպարյանի աշխատասիրությամբ, 1996-ին տպագրվել է «Եղիշե Չարենց. նորահայտ էջեր» ժողովածուն, որտեղ նույնպես ընդգրկված են «բաց» բովանդակության բանաստեղծություններ: Մի քանի բան էլ տպագրվել է «Ինքնագիր» ամսագրում: Հետեւաբար, եթե Անահիտ Չարենցը տարակարծություններ ունենար, ապա դեռ 96-ին պետք է որ դրանք արտահայտեր: Ինչ վերաբերում է այն փաստին, որ Չարենցն ընդհանրապես արգելել է դրանք տպագրել, նրա գրական ժառանգությունը պատկանում է միայն իր ժառանգներին, եւ, դրանք տպագրելով, խախտվել են անձի հեղինակային իրավունքները, ապա, համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի հոդված 37-ի կետ 1-ի, «Հեղինակի գույքային իրավունքները գործում են հեղինակի կյանքի ընթացքում եւ շարունակում են գործել նրա մահից հետո՝ 70 տարի»:  



 



ՉԱՐԱՇԱՀԵԼ ԵՆ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ  



 



«Մեր կառույցն իրավունք չունի գիրք փակելու, ես դրա գործառույթները չունեմ, մենք հրատարակում ենք ծրագրի մեջ մտած գրքերը»,- ասում է մշակույթի նախարարության գրահրատարակչական գործի գործակալության պետ Էդվարդ Միլիտոնյանը, ի պատասխան Դավիթ Գասպարյանի հրապարակային այն խոսքերին, ըստ որի՝ «Միլիտոնյանի կառույցն է արել... բա գրող մարդը գիրք կարգելի՞...»: Միլիտոնյանի խոսքով, հանձնաժողովը, որի անդամ է նաեւ ինքը, գիրքն ընդունել, ծրագրում է ընդգրկել՝ վստահելով եւ հարգելով Չարենցի մեծ հիշատակը, Դավիթ Գասպարյանի վաստակը, ինչպես նաեւ «Նաիրի» հրատարակչության փորձը: Ինչ խոսք, երկաթե փաստարկներ են: «Նախարարին կից հանձնաժողովը, որի մեջ ինքն էլ կար, էն ժամանակ ներկայացրել է «Նաիրի» հրատարակչությունը, որի նախագահ Հրաչյա Թամրազյանն էլ կար այդ հանձնաժողովում: Հիմա իրանք երկուսն էլ հանձնաժողովի անդամ են ու ներկայացրել են գիրք»,- ասում է Միլիտոնյանը:   Ինչ վերաբերում է հարցին, թե ի՞նչ են արել հանձնաժողովի անդամները, մի՞թե չեն ծանոթացել գրքի բովանդակությանը՝ իմանալու, թե ինչ գիրք են ուղարկում տպագրելու, ապա Միլիտոնյանը «երկաթե ալիբիներ» ունի: «Հանձնաժողովը հարյուրավոր հայտեր է քննարկում, եւ ես Ձեզ ասեցի՝ հանձնաժողովի անդամներից երկուսն էլ գրականագետ դոկտորներ են, հանձնաժողովի որեւէ անդամ հարկ չի համարել գիրքը վերցնի-կարդա եւ խմբագրի, այստեղ չարաշահվել է վստահությունը,- ասում է Միլիտոնյանը, ապա ենթադրությունների մակարդակի վրա շարունակում պարզաբանումներ տալ:- Այո, կարող էին կարդալ եւ կարող էին տեսնել, եթե լինեին այդ նյութերը գրքի մեջ կամ կարող է չլինեին այդ պահին, հետո ավելանային, էդ էլ կա. որեւէ հանձնաժողովի անդամ չէր կարող հետամուտ լիներ, թե որ պահին ինչ տեքստ է բերվում-ավելացվում կամ հանվում: Դա, էլի եմ ասում, հրատարակչական աշխատանքի պակաս-պռատությունն է եղել, եւ իրենք էլ դա ընդունում են, որովհետեւ հայհոյալից բառերը գրված են եղել լրիվորեն, այնինչ ընդունված է՝ նման բառերի դեպքում կետեր են դրվում: Այդ գրքի մեջ կային բաներ, որոնք երեխաների կարդալու բանը չէին՝ բարոյական եւ այլ բաներից ելնելով»: Ավելին, Միլիտոնյանն անկեղծանում է եւ ասում, որ եթե Չարենցի տեղը լիներ, կպատռեր դրանք, չէր էլ պահպանի, որովհետեւ դրանք ամենեւին էլ մեծ բանաստեղծի լավագույն գործերը չեն եւ գրվել են հոգեկան շատ անկայուն վիճակում:   Միլիտոնյանը զայրացած էր նաեւ «արգելանք» բառի վրա, եւ, ըստ նրա, դա այն դեպքում, երբ 50-ից ավելի գիրք Գասպարյանին է տրվել, իսկ 40-ից ավելի էլ գրադարաններ են գնացել. «Ես խնդրում եմ՝ այդ «արգելանք» բառը մի օգտագործեք, դա լրիվ ուրիշ բան է»: Փաստորեն, պետությունը գումարներ, միջոցներ է տրամադրում, գիրք է հրատարակում եւ հիմա կրկնակի վնա՞ս է կրում՝ արգելանքի տակ առնելով իր արտադրանքը. այս դիտարկման հետ էլ Միլիտոնյանը կտրականապես համաձայն չէ. «Պետությունը վնաս չի կրում, այդ գիրքը պահպանվելու հարց ունի, Չարենցն ասում է՝ պահպանել այդ գրվածքները թանգարանում, սա էլ համարենք մի ձեւ, որը պահպանվում է թանգարանում»: Բայց Չարենցը հաստատ չի ասել՝ պահպանել այդ ձեռագրերը 400 օրինակ գրքի տեսքով, պետբյուջեի հաշվին: «Գիտեք ինչ, որեւէ տեղ գրված չէ, որ այդ գրքերը պետք է վաճառվեն, դրանք պետական կարիքների համար են»: Միլիտոնյանը կասկած հայտնեց նաեւ Դավիթ Գասպարյանի ազնվության մասով. «Ես էլի եմ ասում՝ վստահել են չարենցագետին, հրատարակչությանը, հետո, ես ի՞նչ իմանամ՝ գրքում այդ կտորը դրվա՞ծ է եղել, թե՞ ոչ, ի՞նչ իմանամ՝ կարող է երկու պստլիկ պատառիկ հետո են բերում-դնում: Էդտեղ արդեն հրատարակչության խնդիր է առաջանում, իսկ հրատարակչությունը թերացել է, այդ մասին Թամրազյանին էլ տեղյակ չեն պահել, նա էլ տեղյակ չի եղել»: Փաստորեն, մշակույթի նախարարությունը, դրան կից գրահրատարակչական հանձնաժողովը, նրա 10-ից ավելի անդամները, լիակատար անտեղյակության մեջ, վստահության հիմունքներով գիրք են տպում, վստահությունից ելնելով քվեարկում են, իսկ նախարարն էլ, վստահությունից ելնելով, որոշումներ է հաստատում:  



 



ԻՆՉՈ՞ւ ԵՆ ԹԱՄՐԱԶՅԱՆԻ ԱՆՈՒՆԸ ՏԱԼԻՍ ԵՎ ՈՉ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ






  «Նաիրի» հրատարակչության նախկին տնօրեն Հրաչյա Թամրազյանը մեր զանգից անակնկալի եկավ եւ խորհուրդ տվեց հրատարակչություն զանգել, որովհետեւ ինքն այդ խնդրով չի զբաղվել եւ վաղուց արդեն հրատարակչության տնօրենը չէ: Իսկ ինչո՞ւ են իր անունը տալիս: «Անձնապես ինձ վերաբերող հարցեր չեն կարող լինել, որովհետեւ ես որեւէ առնչություն չեմ ունեցել այդ գրքի հետ եւ ուղղակի փաստի առաջ եմ կանգնել: Դիմեք «Նաիրի» հրատարակչություն, ես այդ ամենով չեմ զբաղվել եւ իսկապես զայրացած եմ այդ առթիվ»,- նշեց Թամրազյանն ու անջատեց հեռախոսը, որից հետո խմբագրություն զանգահարեց մի կին եւ սկսեց հետաքրքրվել, թե ով է այս խնդրով զանգահարել Թամրազյանին, որովհետեւ նա այդ գրքի հետ կապ չունի եւ, ինչպես հայտնի մանրապատումում է ասվում, «Ռաֆիկ նի վչյոմ նե վինավատ»:   Փաստորեն, 5 տարի տնօրեն չեղած Թամրազյանն արագ հանձնարարել էր, որ «Նաիրի» հրատարակչության ներկայիս տնօրեն Քնարիկ Մարգարյանը զանգահարի մեզ ու, ի պաշտպանություն Թամրազյանի, խոսք ասի: Ասաց, թե վերջինս կապ չունի այդ գրքի հետ, եւ այդ ժամանակ Վրեժ Իսրայելյանն է եղել «Նաիրի» հրատարակչության տնօրենը: Իսկ իրենք էլ ժամանակին զգուշացրել են Իսրայելյանին, որ գրքում նման արտահայտություններ կան, եւ այդ խնդիրը պետք է լուծվի, իսկ այսօրվա մեր զանգն էլ ուղղակի Թամրազյանին զարմացրել է. «Թամրազյանը զարմացավ, որ իրան եք դիմում, որովհետեւ այդ մարդը նման ոչ մի հարցերի հետ կապ չունի.... ինչի՞ են Թամրազյանի անունը տալիս, երբ մենք ունենք տնօրեն, որն զբաղվում է այդ հարցերով: Սխալ է իր անունը տալը, պիտի այն մարդու անունը տալ, ով եղել է այդ ժամանակ: Հիմա այդ թյուրիմացությունը որ եղել է, բոլորիս վրա էլ շատ վատ է անդրադառնում... մենք ժամանակին զգուշացրել ենք Վրեժ Իսրայելյանին»: Երբ հետաքրքրվեցի, թե այդ «մենքն» ովքեր են, ներկայիս տնօրենը դժվարացավ պատասխանել, իսկ այն, որ հրատարակչությունը թերացել է, դա ճիշտ չէ, որովհետեւ պատասխանատվությունը «բերողի» վրա է ընկնում: Այնուամենայնիվ զարմանալի է, թե ինչպես է պետպատվերի շրջանակում հրատարակվում մի գիրք, անցնում մի քանի օղակներով, տասնյակ մարդկանց ձեռքով, ստանում հանձնաժողովի համաձայնությունը, նախարարության «կանաչ լույսը» եւ նույնքան էլ արագ «որակազրկվում»:



 



  ՈՎՔԵՐ ԵՆ ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ  



 



Գրքի հեղինակ, չարենցագետ Դավիթ Գասպարյանը չցանկացավ ասել, թե ով կամ ովքեր են նպաստել իր գրքի վրա արգելանք դնելուն, բայց այդ մարդկանց համարեց  «ժամանակավորապես մոլորված մարդիկ»: Գասպարյանից հետաքրքրվեցինք, թե ինչու է չարաշահել հանձնաժողովի վստահությունը: «Ես ոչ մի վստահություն չեմ չարաշահել, ընդհակառակը, գործ եմ արել, դրել եմ ասպարեզ»: Իսկ այդպիսի բանի համար մարդուն, այսինքն՝ իրեն, պիտի գնահատեն, դրական վերաբերվեն, ոչ թե բացասական կարծիքներ տարածեն, ինչը, ըստ նրա, գալիս է «որոշ մարդկանց թշնամությունից, այլեւայլ շարժառիթներից... որոշ մարդիկ իրենց հավակնությունների բավարարությունը չեն գտել, եւ դա կարող է նրանց, այսպես ասած, տրամադրել գրքի դեմ»: Իսկ ովքե՞ր են այդ հավակնոտ մարդիկ: «Այն մարդիկ, ովքեր գրական շրջանակի մեջ են»: Գուցե հանձնաժողովի մեջ է՞լ են եղել նման հավակնոտ մարդիկ, ովքեր այդպիսի չարակամություն են դրսեւորել: «Չէ, ես նման բան չեմ ուզում ասել»:   Այդ դեպքում գուցե ասի՞, թե ինչու է տպագրել այն ձեռագրերը, որ Չարենցն ինքն է խնդրել չտպագրել: «Այդպես չի ասել, ինքն ասել է՝ ինչ գնով էլ լինի, պահպանել, իսկ պահպանելն առաջին հերթին նշանակում է տպագրել, հակառակ դեպքում կկորչեն: Բացի դա, ես այդ նյութերը մամուլում հրապարակել եմ, գիտաժողովներում հանդես եմ եկել, դրանք հասանելի են եղել հասարակությանը»: Բայց երկար տարիներ իր եւ Չարենցի ժառանգների հարաբերությունները լավ են եղել, հիմա ինչո՞ւ հանկարծ սեւ կատու անցավ իրենց միջով: «Դե, եթե մեկը մի բանից դժգոհ է մնում, վերաբերմունքն էլ փոխվում է, չէ՞»,- ասում է չարենցագետը, ապա հավելում, որ Անահիտ Չարենցն անձնապես որեւէ բան չի ասել իրեն: Իսկ գուցե Չարենցի ֆոնդի պարունակության հետ կապված տարաձայնություննե՞ր են ունեցել: «Չէ, դրանք արդեն պետական սեփականություն են, եւ յուրաքանչյուր ոք կարող է ուսումնասիրել, դրանք հասանելի են»:



 



Սոնա Ադամյան