Ինքնաառաջադրվածը ինքնաբացարկ է հայտնել

Ինքնաառաջադրվածը ինքնաբացարկ է հայտնել
Շիրակի մարզի թ.35 ընտրատարածքում դեկտեմբերի 2-ին կայանալիք ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին առաջադրված պատգամավորության երեք թեկնածուներից մեկը` ինքնաառաջադրված անկուսակցական Արման Խաչատրյանը, ինքնաբացարկ է հայտնել: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո» գործակալությունը: 



Արդյունքում` թ.35 ընտրատարածքում պատգամավորության թեկնածուներ են գրանցված ՀՀԿ-ի կողմից առաջադրված «Սովռանո» ՍՊԸ-ի տնօրեն Արման Սահակյանը, ինքնաառաջադրված «Հայոց համազգային շարժում» կուսակցության անդամ Մուրադ Գրիգորյանը:



Երևանի թ.1 ընտրատարածքում նույն օրը կայանալիք ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին գրանցված են առաջադրված բոլոր չորս թեկնածուները` «Ժառանգություն» կուսակցության կողմից առաջադրված կուսակցության վարչության գլխավոր քարտուղար, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը, ՀՀԿ-ի կողմից` ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Ռոբերտ Սարգսյանը, Հայաստանի Կանաչների (Սոցիալ-էկոլոգիական) կուսակցության կողմից` նույն կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը, ինքնաառաջադրված Հայաստանի ժողովրդական կուսակցության անդամ Էդուարդ Պետրոսյանը:



Ըստ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի, թեկնածուների նախընտրական քարոզչություն ժամանակահատվածը կսկսվի նոյեմբերի 4-ին և կտևի մինչև նոյեմբերի 30-ի ժամը 24-ը:



Թեկնածուներն ինքնաբացարկ հայտնելու իրավունքից կարող են օգտվել մինչև նոյեմբերի 22-ի ժամը 18-ը:



Հիշեցնենք, որ թ.թ. 1 և 35 ընտրատարածքներում լրացուցիչ ընտրությունները նշանակվել են համապատասխանաբար ՀՀԿ անդամ Ռուբեն Հայրապետյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Բալասանյանի պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցված համարվելու հիմքով: Ռ. Հայրապետյանը ներկայացրել էր հրաժարականի դիմում` իր ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծի ենթարկված զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան պատճառով: Ս. Բալասանյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել էին սեպտեմբերի 9-ին Գյումրիի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ: