Օծվեցին Տվեր քաղաքի նորակառույց հայկական եկեղեցու խաչերը

Օծվեցին Տվեր քաղաքի  նորակառույց հայկական եկեղեցու խաչերը
Նոյեմբերի 24-ին Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց Թեմի Առաջնորդ Տ.Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանի հանդիսապետությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ ( Տ.Պողոս աբեղա Վարդանյան, Տ.Թադեոս քահանա Տերտերյան, Դանիել սարկավագ Խանանյան) կատարվեց Տվեր քաղաքի նորակառույց եկեղեցու խաչերի օրհնության և օծման արարողությունը:



Եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 2000 թվականին: Բուն շինարարական աշխատանքները, սակայն, սկսվել են 2007 թվականին, երբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ճարտարապետական բաժինը վերջնական լրամշակում և հաստատում է եկեղեցու նախագիծը: Եկեղեցին կառուցվում է  համայնքի հավատավոր հայորդիներ Վալերի Առուշանովի, Վալերի Հակոբյանի և Գագիկ Յազիչյանի բարերարությամբ: Երեսուներեք մետր բարձրությամբ հայկական ավանդական  ճարտարապետության ոճով կառուցված եկեղեցին գտնվում  է քաղաքի կենտրոնում և ունի 2500 քմ տարածք: Քաղաքի համատարած աղյուսե շինությունների կողքին  տուֆակերտ հայոց եկեղեցին իսկական զարդ է, աղոթքի սքանչելի նոր սրբավայր  բնակիչների համար:



Եկեղեցուն կից կառուցվել է նաև եռահարկ մի շենք, որտեղ ընդգրկված է դպրոցը, հովվատունը, թանգարանը և հանդիսությունների սրահը: Ինչպես եկեղեցու, այնպես էլ կից շինության ներքին հարդարման աշխատանքները դեռ չեն ավարտվել: Շուտով կտեղադրվեն պատուհանները և ձմռանը հնարավոր կլինի անխափան շարունակել գործը: Քանի դեռ ընթացքի մեջ  էին  շինարարական աշխատանքները, Գագիկ Յազիչյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ 2005 թվականին Հայաստանից  խաչքար են բերում, եկեղեցու բակում ծածկով փոքրիկ մի անկյուն ստեղծում` աղոթքի, ուխտի  և մոմավառության համար:



Եղեռնի զոհերի հիշտակին նվիրված խաչքարի շուրջ տարիներ շարունակ Տվերի աղոթասեր հայորդիները հավաքվել են ազգային ու եկեղեցական տոներ նշել և հույսով սպասել, որ եկեղեցին շուտով դռները կբացի: Ըստ վիճակագրական տվյալների` Տվերի մարզում ապրում է քսան հազար հայ, իսկ Տվեր քաղաքում` վեց հազար: Եկեղեցական  խորհրդի ատենապետ Գագիկ Յազիչյանի խոսքով` ամեն հայ  իր լուման  ունի աղոթատան կառուցման գործում:Բնակիչները պատմում են, որ մեծաթիվ համայնքը եկեղեցու կարիք միշտ զգացել է.  պսակի, մկրտության և այլ արարողությունների համար մարդիկ մեծ դժվարությամբ  հասել են Մոսկվա կամ էլ ռուսական եկեղեցի գնացել:Շինարարները վստահեցնում են, որ հաջորդ տարի եկեղեցին պատրաստ կլինի սրբազան արարողությունների համար:



Քաղաքի համայնապատկերը զարդարող նորաշեն եկեղեցու երկուսուկես մետր բարձրությամբ ոսկեպատ խաչերը կրկնօրինակն են Մոսկվայում կառուցվող հայկական եկեղեցու  խաչերի  և պատրաստվել են Ալեքսանդրովսկ քաղաքի մեքենաշինական գործարանում:



Խաչերի օրհնության և օծման գեղեցիկ ու խորհրդավոր  արարողությանը ներկա էին քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր, բարեպաշտ հայորդիներ:



Արարողության ընթացքում ջրով և գինով լվացվեցին խաչերը, ապա սրբալույս մյուռոնով օծվեցին:



Արարողության ավարտին ներկաներին հայրական իր  խոսքն ուղղեց Սրբազան հայրը` գոհություն հայտնելով  Ամենակալ Տիրոջը, ում  կամքով ու ողորմությամբ կառուցվեց աղոթատունը:Սրբազան հայրն օրհնության խոսք ասաց   բարերարներին, որոնց նվիրյալ և աստվածահաճո  աշխատանքով քար առ քար  վեր բարձրացավ եկեղեցին:



«Այս սուրբ գործը, որին համերաշխ և միակամ լծվեց Տվերի հայ համայնքը, վկայում է մեր  Տիրոջ` Հիսուս Քրիստոսին, Մայր Աթոռ Սուրբ էջմիածնին և հայրենիքին հավատարիմ ապրելու, նախնյաց արժեքները սրբությամբ պահպանելու  գիտակցության  մասին:Այսօր ցնծում է մեր հոգին, որովհետև օրհնված և օծված Սուրբ Խաչը  բազմել է հայոց եկեղեցու գմբեթին` որպես հաղթության և փրկության  նշան, որի զորությամբ պիտի շարունակվի  կյանքը Ռուսիո հողում`հաստատուն հավատքով,  շեն ու բարեկեցիկ»:Ապա Սրբազան հայրը հորդորեց Տվերի հայերին առավել աշխուժորեն լծվել համայնքի հոգևոր և մշակութային կյանքի կազմակերպմանը, չտրվել  գայթակղություններին, այլ ապրել նվիրագործված, կենարար խաչի խորհուրդով, որպեսզի Տերը  նորոգի ամենքին  հավատքի և   հույսի մեջ և  արժանի դարձնի Սուրբ խաչից բաշխվող օրհնությանը:



«Անսասան մնացեք առ Աստված հավատի  մեջ և ձեր կյանքը հարստացրեք  աստվածահաճո նոր գործերով»,-ասաց Թեմակալ Առաջնորդը:



Արարողության ավարտին բոլորն ուրախ սրտով,  միասնաբար   Տերունական աղոթքն ասացին, որից հետո  ներկա հավատացյալներին բաժանեցին օրհնված մատաղ:



Ալվարդ Նազարյան