Ինչպես անհատական թոշակ չստացավ Նժդեհի օգնականին սպանողը

Ինչպես անհատական թոշակ չստացավ Նժդեհի օգնականին սպանողը
Նոյեմբերյանցի գրող Աշխեն Աբազյանը երկար տարիներ աշխատել է  Նոյեմբերյանի շրջանային «Ծիածան» թերթի պատասխանատու խմբագիր, Նոյեմբերյանի կինոցանցի տնօրեն:



 



«Տեսանկյունը» տեղեկացնում է, որ նա վերջերս տպագրել է իր հերթական գիրքը՝«Ես տեսել եմ ու լսել», որտեղ  ականատեսի վկայությամբ  ներկայացնում է  հետաքրքիր պատմություներ: Դրանցից մեկը Գարեգին Նժդեհի օգնականին սպանած բոլշեւիկի մասին է:



 



«Նշանավոր գործերով աչքի ընկած կուսակցության հնագույն անդամներին  որոշեցին անհատական թոշակ  նշանակել: Մեր շրջկոմը, որպես արժանի թեկնածու, ներկայացրեց շրջկոմի շենքի երկարամյա պահակին, որը Զանգեզուրի կռիվներին մասնակցել էր, Նժդեհի օգնականին սպանել եւ, իր ասելով, այդ խիզախության համար անմիջապես ընդունվել բոլշեւիկյան  կուսակցության շարքերը: Կոմունիստ պահակը հպարտ-հպարտ գնաց Երեւան, սակայն այնտեղից վերադարձավ պռոշը կախ՝ մերժել էին: Հիասթափված խմբագրություն եկավ՝ բողոքելու:



 



-Դե պատմիր, ինչո՞ւ գործդ գլուխ չեկավ:



 



-Մի շան որդու երեսից:



 



-Բա շան որդին ո՞վ էր, ի՞նչ ոխ ուներ քո դեմ:



 



-Հը՜մ…- մի լավ մզզացրեց:



 



-Ասա, ասա, մի քաշվիր,-ոգեւորեցինք:



 



-Չկարողացա հաշվել, թե քանի կաբինետ մտա, բայց ամեն տեղ քաղաքավարի, հարգանքով, ժպտադեմ ընդունում  ու ճամփու էին դնում: Վերջին կաբինետում նստողը, որ թղթերս պետք է ստորագրեր ու ավարտած համարեր գործը, մեկ թղթերին մտիկ արավ, մեկ՝ ինձ ու աչքի տակից հարցրեց.  «Կատարածդ  նշանավոր գործդ  ո՞րն է, որ անհատական թոշակի ես արժանանում»: Տրամադրությունս բարձր պատասխանեցի՝ «Նժդեհի օգնականին իմ ձեռքով եմ սպանել: Լավ սնայպեր էի»: Էս պատասխանս էր, որ տունս քանդեց: Էդ պաշտոնավոր մարդը, լուրջ ու բարի թվացող մարդը, միանգամից փոխվեց, աչքերը չռեց  վրաս, կարմրատակեց  ու .  «Շուն-շան որդի, որբ եմ մեծացել քո պատճառով, ամբողջ կյանքում որոնել եմ հորս սպանողին, հիմա եկել ու քո ոտքով դեմս կանգնել ես: Կենտկոմում չլինեինք, սատկացնելու էի, հազիվ եմ ինձ զսպում: Կորիր աչքիցս.. եւ իմացած լինես, քանի ես կամ, դու չմտածես անհատական թոշակի եւ պարգեւի մասին»: Որ ասեմ՝ փախել եմ, հավատացեք: Ուզում եմ գրեք, թե ի՞նչ իրավունքով է դաշնակցականի տղեն պաշտոն գրավել:



 



Այստեղ չհամբերեցինք.



 



-Տարիքդ անցել ես, դեռ չգիտե՞ս  Նժդեհն ո՞վ էր, ի՞նչ էր ուզում, փոխանակ անհարմար զգաս, քեզ չներես, որ հայ ես սպանել, էն էլ Նժդեհի օգնականին:



 



-Հայ  չէին, դաշնակցական էին,-պատասխանեց հանգիստ ու անվրդով:



 



Եվ այդպես էլ չկարողացանք հասկացնել»: