Ստվերային անունը, ըստ իս, ճիշտ չի ընտրվել

Ստվերային անունը, ըստ իս, ճիշտ չի ընտրվել
Ստվերային կառավարություն: Ինչու՞ ստվերային… Մեր ենթագիտակցության մեջ ստվերայինը նստած է վատ ենթատեքստով: Ստվերային տնտեսություն, մենաշնորհ, «ատկատների շքերթ»: Հիշեցնենք, որ Հայաստանն աշխարհի խոշորագույն ստվերային տնտեսություն ունեցող երկրների մեջ 18-րդն է:



 



Դա ինչ որ լավ տրամադրություն, տրամադրվածություն առաջացնու՞մ է… , որ օգտագործվել է այդ բառը: Մի՞թե ժողովրդի իշխանությունը, կառավարությունը, ինչպես հայտարարվում է, կարող է ստվերային, անտեսանելի կամ քողարկված լինել… Անվանման մեջ պայքարի, հաղթանակի ոգի չկա… Կա կառավարություն եւ ստվերային կառավարություն, առկա երեւացողը, գործողը կառավարությունն է, իսկ ստվերայի՞նը… Ինչեւէ, նման լուրջ քայլ անելուց առաջ չէր խանգարի անունն իր բովանդակությամբ հնչեցնելու խնդիրը…



 



Փաստորեն Ազատության հրապարակում ձեւավորվող կառավարությունը այլընտրանք է գործող կառավարությանը… Այն ժողովրդի, Ազատության հրապարակի կամքը պիտի արտահայտի եւ բնական է, կառավարության կազմը պետք է արժանանա ժողովրդի հավանությանը:  Որպեսզի Գալուստ Սահակյանը, թեկուզ կատակով, մամուլում չհայտարարի. «Շատ նեղված եմ, որ անունս չկա էդ ստվերային մարմիններում»: Այսինքն՝ իրենք իրական կառավարությունն են, ստեղծվածը՝ ստվերը: Մարդիկ շատ հաճախ բառից են տրտնջում՝ իրականից ինչ տեսանք, որ ստվերայինից ինչ տեսնենք…



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ