Քաղաքացիական անհնազանդությունից մինչեւ զինված ապստամբություն

Քաղաքացիական անհնազանդությունից մինչեւ զինված ապստամբություն
Երեկ կեսօրին Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ ուրբաթ օրը իր եւ ԱԺ նախագահի հանդիպմանը՝ նշելով, որ վերջինս իրեն ոչ մի բան չի առաջարկել, որ իր զրուցակիցը Սերժ Սարգսյանն է, իսկ նա որեւէ առաջարկ չէր ուղարկել:



 



«Պարոն Աբրահամյանին չեմ դիտում որպես միջնորդ կամ սուրհանդակ: Պարոն Սարգսյանը կարող է ինձ գրավոր կամ բանավոր առաջարկներ ներկայացնել: Պարոն Աբրահամյանը կարգավիճակ չունի ինձ որեւէ առաջարկ անելու, նա չի կարող Սերժ Սարգսյանի անունից ինձ առաջարկ բերել»,- ընդգծեց Հովհաննիսյանը: Նշեց նաեւ, որ դա քաղաքավարական այց էր, ցանկանում էր լուծում գտնել այս իրավիճակից:



 



Ասուլիսից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հանգստանում էր վրանում, եւ Ազատության հրապարակում քաղաքացիական անդորր էր: Իսկ երեկոյան քաղաքացիական բաց ֆորումի հերթական միջոցառումներ էին, եւ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հավաքվածներին ներկայացրեց իր պատկերացումները պայքարի հետագա ընթացքի վերաբերյալ: «Ապրիլի 9-ին այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք հայտարարել են, թե ժողովրդի կողքին են, Ազատության հրապարակում պետք է լինեն: Անկախ նրանից, թե Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին ինչ կանի, իր երդումը կլինի միայն ՀՀԿ-ի համար: Քաղաքացիները պետք է կարողանան մինչեւ ապրիլի 9-ը իրենց կարծիքը որոշել՝ միտինգների, երթերի միջոցով, ձգտեն նրան, որ այդ ամենը ստանա զանգվածային մեծ մասնակցություն, եւ քաղաքացիական ուժերն ապրիլի 9-ին ստիպված լինեն գալ այստեղ, հակառակ դեպքում իրենք ժողովրդի հետ չեն»,- ասաց Ղուկասյանը: Նաեւ ավելացրեց, որ չունենք վստահություն ընտրությունների արդյունքների նկատմամբ. «Այդ դեպքում ժողովուրդը պիտի ուղիղ իրականացնի իր իշխանությունը»:



 



Նախագահի նախկին թեկնածուն կարծում է, որ Սահմանադրական դատարանի որոշումից հետո, հետընտրական այս փուլում է իրական ընտրությունը տեղի ունենալու: «Ավարտվեցին Սերժ Սարգսյանի կողմից կազմակերպված շինծու ընտրությունները: Սահմանադրական դատարանի որոշումն այդ շինծու ընտրությունների գործընթացում դրեց վերջակետ: Այդ օրվանից Հայաստանում սկսվեց իսկական ընտրությունների գործընթացը, որովհետեւ ապրիլի 9-ին մեր հանրությունը պիտի որոշի` ինքը ենթարկվո՞ւմ է այս ոչ թափանցիկ եւ կասկածի ճանապարհով ձեւավորված պետական մարմնին, թե՞ ոչ»,- հայտարարեց Ղուկասյանը:



 



Արդյո՞ք քաղաքացիական անհնազանդություն կձեւավորվի երկրում, որին, ըստ նախագահի նախկին թեկնածուի, հասնելու տարբեր միջոցներ կան: «Ամենապարզ միջոցը հարկեր չվճարելն է, եւ եթե առաջին եռամսյակի արդյունքով հարկերը չվճարվեն ռեժիմին, ռեժիմի ապագան կլինի շատ կարճ. հասկանալի է, որ ռեժիմը կարողանում է պահպանել իրեն ի հաշիվ նրա, որ տնօրինում է մեր պետության բյուջեն»,- ասաց Ղուկասյանը: Ըստ նրա, ռեժիմը որեւէ լծակ չունի խոչընդոտ հանդիսանալ քաղաքացիական անհնազանդությանը: «Եթե ինքը սկսեց կրակել մարդկանց վրա, եթե սկսեց մարդկանց հետապնդել եւ պատժել, միանշանակ հանրությունը ձեռք կբերի զինված ապստամբության իրավունք: Դա արդեն մյուս իրադրությունը կլինի, եւ ռեժիմը դա հասկանում է»,- ընդգծեց Անդրիաս Ղուկասյանը՝ պարզաբանելով, որ ժողովրդի իրավունքն է ինքն իրեն պաշտպանելը:



 



Իսկ կինոռեժիսոր Արշակ Զաքարյանն առաջարկեց ապրիլի 8-ին միլիոնանոց երթ կազմակերպել, գնալ եւ Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնել, իսկ ապրիլի 9-ին հավաքվել Ազատության հրապարակում եւ ժողովրդի կողմից ընտրված Րաֆֆի Հովհաննիսյանին ճանաչել օրինական նախագահ:



 



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ