Հումորի առաջին միջազգային փառատոն Երեւանում

Հումորի առաջին միջազգային փառատոն Երեւանում
Երեկ Նկարչի տանը տեղի ունեցավ «Արեւավիշապ» գրաֆիկական հումորի առաջին միջազգային փառատոնը: Փառատոնի աշխարհագրական ընդգրկումը մեծ էր:



 



Ներկայացված էին 52 երկրից 265 նկարիչների  մոտ 2 հազար աշխատանքներ, որից ընտրվել եւ մրցույթին ցուցադրվել էին 700-ը: Ներկայացված աշխատանքներում մասնակիցների մի մասը մասնակցում էր գրքի թեմայով մրցույթին, մի հատված էլ իրենց երգիծանկարները ներկայացրել էր ազատ խորագրի ներքո, կային նաեւ հրավիրված նկարիչներ: Մրցույթին հայ ծաղրանկարիչներից 12 հոգի էին մասնակցում: Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիայի անդամ Պավել Ջհանգիրովի խոսքերով,  հարեւան Ադրբեջանում փառատոններ են կազմակերպվում, մենք ինչո՞ւ չկազմակերպենք նման փառատոններ. «Չէ՞ որ դա կզարգացնի նաեւ տուրիզմը, կամ Պարսկաստանում միայն հումորային 3 ամսագիր է հրատարակվում, գումարած դրան՝ հումորի մակարդակը շատ բարձր է այնտեղ»:



 



Առավելապես քաղաքական երգիծանկարներով հայտնի ծաղրանկարիչ Արզօն մրցույթին մասնակցել է 6 աշխատանքներով, իսկ այն հարցին, թե ինչքանով էր հեշտ քաղաքական թեմայից անցում կատարել գրքի թեմային, պատասխանում է, որ հեշտի ու բարդի հարց չկա, պարզապես նախասիրության հարց է. «Այսօր ավելի շատ քաղաքականությունն է առաջնային պլան մղված, բայց գիրքն էլ իրենից մի մեծ քաղաքականություն է ներկայացնում, որովհետեւ եթե մենք չկարդանք, գրականությամբ չսնվենք, հաստատ սխալ քաղաքականություն կվարենք»: Լավագույններն ընտրվելու են քվեարկությամբ, իսկ հաղթողների անունները հայտնի կդառնան ամսի 7-ին: