Մարդ, որ տեսել է Դոն Կիխոտին

Մարդ, որ տեսել է Դոն Կիխոտին
Մեզնից յուրաքանչյուրն իր գործի զավակն է:



Սերվանտես



 



 



Դոն Կիխոտն ու Սանչո Պանսան.



 



Նրանք միշտ մեր մեջ են. մեր ներսում` անմոռանալի արկածները, խիզախությունը, սերը, ընկերությունը, հրաշքներն ու տեսիլքները կմնան, քանի կա հնարամիտ Հիդալգո Դոն Կիխոտ Լամանչեցու հողմաղացների, գինու տկերի, առյուծների ու չարագործների դեմ պայքարելու երազանքը:



 



Տարիներ շարունակ Սերվանտեսի մեծագույն ստեղծագործությունը հայ ընթերցողին ներկայացվել է կցկտուր, հատվածաբար, սեղմագրերով, միջնորդ լեզվից արված թարգմանություններով, որ շփոթմունքի ու անճշտությունների առիթներ է տվել: Կան ընթերցողներ, ովքեր հետագայում են բացահայտել, որ Դոն Կիխոտը սեղմագրով չի ավարտվում, որ քաջարի ասպետի արկածներն ամփոփվում են հատորների մեջ: Եվ հիմա, 21-րդ դարի նախաշեմին, մեզ առաջին անգամ հնարավորություն է ընձեռվում ընթերցելու բնագրից թարգմանված Սերվանտեսի գլուխգործոցը:



 



Այս բացառիկ հնարավորությունը մեր մշակույթին պարգեւած հեղինակը դասախոս, լեզվաբան, բասկագետ, թարգմանիչ, ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Բասկյան ակադեմիայի պատվավոր անդամ, կյանքից վաղաժամ հեռացած Վահան Սարգսյանն է: Ակադեմիական շրջանակներում Վահան Սարգսյանի թողած ժառանգության արժեքը լավ գիտեն, եւ գուցե նրա անվանը ուսանողները հանդիպում են 950 էջանոց «Իսպաներեն-հայերեն» հսկայածավալ բառարանը թերթելիս: Իսկ ով առաջին անգամ կբախվի Վահան Սարգսյանի մատենագիտական ցանկին, կրկին անգամ կհամոզվի, թե ինչ է նշանակում մեծ գիտնականի մեծ աշխատանք, մասշտաբայնություն, ամբողջական նվիրաբերում հանուն երկրի մշակութային, քաղաքակրթական անցյալի ու ապագայի: Եթե հիմա փորձեմ մատենագիտական ցանկը ներկայացնել, հոդվածի համար տարածություն չի մնա:



 



Ով երբեւիցե որոշի անդրադառնալ հայերի ու բասկերի պատմությանը,  լեզվական ծագմանն ու ճակատագրին, հանգիստ կարող է քայլել այն լայն ու հիմնավոր ճանապարհով, որ սկզբնադրել է Վահան Սարգսյանը: Որովհետեւ Հայ-բասկյան «Արաքս» միջազգային գիտական հանդեսը հեղինակած խմբագրի աշխատությունները դարձել են հայ-բասկյան կապերը վերջնականապես ամրագրող փաստական կարծր հիմնասյուններ:



 



Եվ, անկասկած, իսպանական գրականությունը եւ ուրեմն` Իսպանիան մենք ճանաչելու ենք Վահան Սարգսյանի թարգմանություններով: Նրա թարգմանական աշխատանքն անգնահատելի է: Իսպանական արձակի ու պոեզիայի այնպիսի նմուշներ, որոնք հայ գրականության մեջ` գրողական եւ թարգմանական ապագա զարգացումների համար վճռորոշ են լինելու. Ֆրանսիսկո Կեւեդո, «Բուսկոնի կյանքը», «Երազներ», Միգել Սերվանտես, «Խրատական նովելներ», Ֆլորեսի եւ Բլանկաֆլորի լեգենդը, Թեոդոր կույսի պատմությունը, Գաբրիել Արեստի, «Քար եւ երկիր», Ժոզեֆ Ագուստին Շաո, «Այտորի լեգենդը», Խուան Անտոնիո Մոգել, «Պերու Աբարկա», Անանուն, դե Լունա «Լասարիլյո Տորմեսցու կյանքը», «Բասկյան ավանդազրույցներ», Խոսե Մարիա Սատրուստեգի, «Մահվան թաքնված դեմքը», Բեռնարդ Էչեպարե, «Էուսկերեն բարբառի առաջնեկը», «Ժամանակակից նավառացի բանաստեղծներ», Ֆերնանդո դե Ռոխաս, «Սելեստինա», Լուիս Վելես դե Գեւարա, «Կաղլիկ սատանան», Միգել դե Սերվանտես, «Հնարամիտ հիդալգո դոն Կիխոտ Լամանչեցի», հատոր I, Միգել դե Սերվանտես, «Հնարամիտ հիդալգո դոն Կիխոտ Լամանչեցի», հատոր II:



 



Եվ բազմաթիվ հրապարակումներ, հոդվածներ, դասախոսություններ, երազանքներ, դադարներից ու հանգստից երես թեքած խենթ աշխատանք:



 



Լռություն եւ աշխատանք:



 



Երկու բառերի մեջ տեղավորված կյանք, որից հետո պայծառատեսությունն է ու հունձքը: Ով իր աշխարհն է ստեղծում, աղմուկի համար ժամանակ չունի: Վահան Սարգսյանի կյանքն այսպես է. տաղանդ լռության միջով, որ երջանկության աշխարհներ է փոխանցում ընթերցողներին: Ասում են՝ նա չէր սիրում իր անձի ու աշխատանքների հանդեպ ավելորդ զեղումներ: Համոզված եմ՝ նա մի աշխարհի անցաթուղթ ուներ, որ տրվում է կյանքի գնով եւ տրվում է կոչվածներին:



 



«Դոն Կիխոտի» իր առաջաբանում Վահան Սարգսյանը գրում է.



 



«Այսպիսով, շրջանառության մեջ է դրվում «Դոն Կիխոտի»` իսպաներեն բնագրից կատարված առաջին ամբողջական թարգմանությունը, որը կոչված է լրացնելու հայ թարգմանական գրականության ամենաէական բացը: Հայ ընթերցողին սպասվում է նոր հանդիպում Սերվանտեսի անմահ հերոսի հետ… Ինչ-որ մեկն ասել է, որ Հայաստանն ազգերի դոն Կիխոտն է: Սրանում, անկասկած, մեծ խորհուրդ կա: Հայ ժողովուրդը եւս ունեցել է իր խենթերը եւ դրանց վերաբերվել մեծագույն սիրով ու ակնածանքով: Հիշենք մեր «Սասնա ծռեր» դյուցազնավեպը, հիշենք Րաֆֆու «Խենթը»: Հայերենում «ծուռ» եւ «խենթ»  բառերը շատ ավելի տարողունակ են, քան սովորական խելագարությունը նշանակող հոմանիշները: Մենք խելագարներից փախչում ենք, խենթերին` պաշտում: Հուսով ենք, որ նորովի հայացված «Դոն Կիխոտն» իր արժանի տեղը կգրավի մեր գրադարաններում` Աստվածաշնչի, «Համլետի», «Իլիականի», եւ «Ֆաուստի» կողքին եւ կդառնա մեր ամենօրյա հոգեւոր սննդի կարեւորագույն բաղադրիչներից մեկը»:



 



Կարելի է պատկերացնել, թե «Դոն Կիխոտը» թարգմանելիս ինչ զգացողություններ է ապրել Վահան Սարգսյանը: Բայց մենք կարող ենք միայն պատկերացնել, իսկ նա զգացողությունները վերապրած ու մեզ կտակած հեղինակն է:



 



Մարդ, որ տեսել է Դոն Կիխոտին: