Այդքան երիտասարդ ու այդքան տաղանդավոր

Այդքան երիտասարդ ու այդքան տաղանդավոր
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ընդամենը մի քանի տարվա կյանք ունի, սակայն հարուստ կենսագրությունը խոսում է նվագախմբի համառ ու տքնաջան աշխատանքի մասին։



 



Մեծ նվաճումներ, փառք, ելույթներ հեղինակավոր բեմերում, ծափահարություններ լավագույն համերգասրահներում. այս ամենին հասնելը հեշտ չէ։ Երիտասարդական նվագախումբը դարձել է Հայաստանի յուրատեսակ այցեքարտը, որը մեր երկիրն աշխարհին ներկայացնում է ամենաբարձր մակարդակով։ Եվ պատահական չէ, որ օրերս Հայաստան ժամանած արքայազն Չարլզի պատվին տրված գալա համերգը վստահվել էր հենց երիտասարդական նվագախմբին։ Նվագախումբը մեծ վարպետությամբ կատարեց Ալեքսանդր Հարությունյանի, Չայկովսկու, Ջուզեպպե Վերդիի, Արամ Խաչատրյանի եւ այլ կոմպոզիտորների ստեղծագործություններից։ Համերգին մասնակցում էին նաեւ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբը, Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը, մենակատարներ Նարեկ Հախնազարյանը (թավջութակ), Բարսեղ Թումանյանը (բաս), Գեւորգ Հակոբյանը (բարիտոն)։



 



Ականատեսները պատմում են, որ համերգից հետո արքայազն Չարլզը, ով օժտված է երաժշտական բարձր ճաշակով, իր հիացմունքն է հայտնել երեկոյի ընթացքում հայ երիտասարդների բարձրարվեստ կատարումների նկատմամբ։ Նա նույնիսկ զարմացել է՝ իմանալով երիտասարդական նվագախմբի երաժիշտների միջին տարիքը՝ այդքան երիտասարդ ու այդքան պրոֆեսիոնալ։



 



Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մեծագույն պատիվ է ելույթ ունենալ արքայազն Չարլզի առջեւ ու ներկայացնել հայաստանյան մշակույթը։ «Մենք ներկայացանք բազմաժանր ձեւաչափով, ինչը նկատել էր նաեւ արքայազնը եւ բարձր գնահատել։ Նման գնահատականներն ինձ ու նվագախմբին ներշնչում են ուժ, վստահություն, եռանդ՝ հետագա աշխատանքների ու հաղթանակների համար»,- ասում է Սերգեյ Սմբատյանը։ Անդրադառնալով արքայազնին ներկայացված համերգային ծրագրին, երիտասարդ դիրիժորը կարեւորեց, որ այդտեղ ընդգրկված էին նաեւ հայ կոմպոզիտորների աշխատանքներ։ Սերգեյ Սմբատյանը նշում է, որ ամեն ինչ անում է, որպեսզի աշխարհի տարբեր բեմերից հնչեն հայ կոմպոզիտորների գործերը։ «Ես հպարտ եմ, որ 2010 եւ 2011 թթ. Բուքինհեմյան եւ Վինձորի պալատներում իմ համերգների ընթացքում, որոնց նույնպես ներկա էր արքայազն Չարլզը, իմ առաջարկով հնչել է Արամ Խաչատրյան։ Դա իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումներից է։ Նման համերգներ շատ քիչ են լինում, եւ դրանք պատմության մեջ են մտնում»,- ասում է Սերգեյ Սմբատյանը։



 



Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ