Ընկերացնել այդ երաժիշտներին Հայաստանի հետ

Ընկերացնել այդ երաժիշտներին Հայաստանի հետ
Դասական երաժշտությունն այսօր ունկնդիր ունի մեր երկրում,-ասում է «Երեւանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը, ապա այդ առիթով պատմում Էդվարդ Թոփչյանի կողմից հեղինակած մի անեկդոտ. «Ժամանակին ասում էին` երբ բեմի վրա սիմֆոնիկ նվագախումբ է նվագում, բեմի վրա ավելի շատ մարդ կա, քան դահլիճում: Դա իրականություն էր, ու 2000-ին մեր համերգներն այդպես էին անցնում. դահլիճում հաշված մարդիկ էին ներկա, հետո տարեցտարի սկսեց աճել այդ թիվը, իսկ այսօր դա պարզապես ռեկորդային քանակ է, ու մենք արդեն խստագույնս դահլիճի կարիք ունենք: Դա իսկապես նվաճում է, որին տարիների ընթացքում ենք հասել»:



 



  



Դեռ ապրիլին Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով մեկնարկած «Երեւանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային փառատոնը հունիսին ներկայացնելու է էստոնական հայտնի «Հորտուս մուզիկուս» նվագախմբի համերգը: Ինչպես նաեւ փառատոնի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենա աշխարհի լավագույն երգչախմբերից մեկը համարվող «Գրեմմիի» մրցանակակիր Էստոնիայի ազգային տղամարդկանց երգչախումբը: Ի դեպ, երկու խմբերի համերգային ծրագրում էլ կան հայկական գործեր, որոնք, անկախ Հայաստան գալու փաստից, մշտապես ընդգրկված են խմբերի երգացանկում. «Փառատոնի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ մենք տարվա գրեթե բոլոր սեզոններին ունենք համերգաշարեր, քանի որ հրավիրում ենք աշխարհի ամենամեծ երաժիշտներին, եւ քանի որ փառատոնն անհնար է անել 10-15 օրում, ուստի այն կիսում ենք գարնանային, ամառային, աշնանային համերգաշրջանների»: Աշնանային համերգաշրջանի շրջանակներում Երեւան կայցելեն Դմիտրի Խվորոստովսկին, Կոնստանտին Օրբելյանը, «Շանհայ» լարային քառյակը, Յուրի Բաշմետը եւ «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախումբը։ Իսկ փառատոնն այս տարի կփակվի դեկտեմբերի 7-ին` լեգենդար դիրիժոր Կլաուդիո Աբադոյի եւ «Մոցարտ» նվագախմբի համերգով:



 



Սոնա Հովհաննիսյանը նշում է, որ գոնե վերջին երկու տարիներին փառատոնը միջազգային ասպարեզում ճանաչելի դարձնելու խնդիր չկա, բայց «2000-2007-ը փառատոնը պարզապես մեր անձնական ուսերի վրա ենք կրել, չնայած այդ տարիներին եկան «Քրոնոս» քառյակը, Վիեննայի տղաների երգչախումբը, Յուրի Բաշմետը, «Տոկիո» լարային քառյակը, այսինքն՝ ամենամեծ նվաճումները եղան այդ տարիներին, իսկ 2007-ին բեկումնային հանդիպում եղավ Ստեփան Ռոստոմյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ, ով, հասկանալով փառատոնի լրջությունը, ասաց` գրեք այն իմ հովանու ներքո: Այդտեղից էլ սկսեց բարոյական եւ ֆինանսական աջակցությունը փառատոնին»:



 



Հովհաննիսյանը նշեց, որ երաժիշտների ընտրությունը կատարում է փառատոնի գեղարվեստական ղեկավար կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը՝ ընտրելով այն անուններն ու «բանալի» անձերը, որոնք Հայաստանին հետագայում պետք է որեւէ ծառայություն մատուցեն. «Փառատոնի նպատակն է ընկերացնել այդ մարդկանց Հայաստանի հետ, ովքեր կարող են աջակցել հայ երաժիշտների առաջխաղացմանը միջազգային ասպարեզում, եւ մեզ համար այդպիսի մեծություններին հրավիրելն առաջնային խնդիր է: Ի դեպ, իրենք Հայաստանում ավելի քիչ հոնորար են ստանում, քան եվրոպական որեւէ երկրում»: Հովհաննիսյանը նշում է, որ, շնորհիվ անձնական կապերի եւ փառատոնի 14-ամյա կենսագրության, անցած տարի Երեւան եկավ   Նիդերլանդների թագավորական նվագախումբը, որի ելույթը լսելու համար Երեւան էր ժամանել Վրաստանի առաջին տիկինը, «ով, լինելով դանիացի, չէր կարողացել իրենց երգչախումբը տանել իրենց երկիր: Նրանք պատրաստ էին նույնիսկ 2 անգամ ավելի վճարել, բայց այստեղ արդեն միայն գումարի հարց չէր»:



 



Կան երաժիշտներ, ովքեր դեռ օր չեն գտնում Հայաստան այցելելու համար, քանի որ այդ երաժիշտների գրաֆիկը 4-5 տարի առաջ արդեն գրված է. «Օրինակ մենք, 2004-2005-ից սկսած, Եվգենի Կիսինին հրավիրում էինք Հայաստան, եւ իր մենեջմենթը բացարձակ ոչինչ չէր պատասխանում, հետո, 2008-ին, անձամբ Կիսինից ստացանք նամակ, ով գրել էր, որ ճշտել է` «Երեւանյան հեռանկարները» լուրջ փառատոն է, եւ իր համերգը 4 տարի առաջ արդեն նշանակել էր: Այսինքն, մի երաժիշտ գալով՝ մի քանի այլ երաժիշտների համար դռներ է բացում, մեզ համար ինչքան փակ դռներ բացվեցին Դոմինգոյի կամ Վալերի Գերգիեւի գալուց հետո: Այդ մարդիկ պարզապես երաժիշտներ չեն, այդ համերգներն էլ ինքնանպատակ չեն, կարեւորը, որ այստեղ միջավայր է ստեղծվում, եւ կրթվում են թե երաժիշտները, թե հանդիսատեսը»: Ի դեպ, «Երեւանյան հեռանկարները» Բյուրականում հիմնել է փառատոնային ակադեմիա, որն աշնանը կբացվի եւ կծառայի հայ երաժիշտների կարիերայի առաջխաղացմանը: