Գյումրիի լուսացույցները նվիրել են ՀՀ կառավարությանը

Գյումրիի լուսացույցները նվիրել են ՀՀ կառավարությանը
Գյումրի քաղաքի ավագանու երեկվա նիստում քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը նկատել է, որ քաղաքապետարանի հնարավորությունները թույլ չեն տալիս քաղաքի բոլոր խաչմերուկներում տեղադրել լուսաֆորներ, ճանապարհային երթեւեւկությունը կարգավորող նշաններ, վերանորոգել եւ թարմացնել նախկինում տեղադրված նշանները, անընդհատ կատարել փողոցների գծանշում, իսկ կառավարությունը համապատասխան միջոցներ չի տրամադրում ու  նպատակահարմար է այդ ամենը փոխանցել ճանապարհային ոստիկանությանը:



 



Հանրապետության բոլոր համայնքներում այդ ամենը վաղուց հանձնված է ՀՀ կառավարությանը, միայն երկու քաղաքներում է (Գյումրի եւ Վանաձոր), որ դրանք քաղաքապետարանի ենթակայության տակ են: «Լուսաֆորների մասով բավականին աշխատանք ենք կատարել, քաղաքում գործող 12 լուսաֆորներից 11-ը փոխարինված է թվային ցուցչային լուսաֆորներով, իսկ 1-ը՝ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կտեղադրվի: Քաղաքին մոտավորապես 30 լուսաֆոր է դեռ անհրաժեշտ, դրանք բոլորը թանկ հաճույք են: Մինչ օրս  լուսացույցները ձեռք են բերվել եւ փոխվել քաղաքապետի անձնական միջոցներով»,-ասաց Կ.Մանասյանը



 



«Մենք անցած տարի ծախսել ենք ընդամենը 9 մլն դրամ, այս տարի հաստատված է 14-15 մլն դրամ՝ դրանք վերանորոգելու, պահպանելու համար: Նախնական հաշվարկներով, մենք արդեն ծանոթ ենք նախագծին, կառավարությունը  ճանապարհային ոստիկանությանը երկու քաղաքների համար մոտավորապես հատկացրել է 480 մլն դրամ գումար: Դա նշանակում է, որ մեծ ծավալի աշխատանքներ կիրականացվեն Գյումրիում,-ասաց բնակկոմունալ բաժնի պետը:



 



Համայնքի սեփականությունը ՀՀ կառավարությանը նվիրաբերելուն սկզբունքորեն դեմ է ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը: Նա առաջարկում է նվիրաբերելու փոխարեն անժամկետ կամ ժամկետով՝ 90 տարի է, 50 տարի, օգտագործման հատկացնել կառավարությանը՝ համայնքի գույքը պահպանելով:



 



Ավագանին, սակայն, որոշել է գույքը նվիրել կառավարությանը: