Սերը պահանջում է ամեն ինչ եւ ունի դրա իրավունքը

Սերը պահանջում է ամեն ինչ եւ ունի դրա իրավունքը
Լյուդվիգ Վան Բեթհովեն



1808 թվականին աշխարհահռչակ Լյուդվիգ վան Բեթհովենը երաժշտության դասեր է տվել 16-ամյա գեղեցկուհի կոմսուհի Ջուլիետա Գուակարդիին: Այդ օրերին Բեթհովենը մի շարք սիրային նամակներ է գրել գեղեցկուհուն, ինչպես նաեւ նրան է նվիրել իր հանրահայտ «Լուսնի սոնատը»: Ջուլիետան այդ ժամանակ արդեն նշանված էր մի միջակ երաժիշտի հետ:***



Իմ հրեշտակ, իմ կյանք, իմ երկրորդ կես, այսօր միայն մի քանի բառ եմ գրում, այն էլ՝ մատիտով: Վաղվանից բնակարան պիտի փնտրեմ: Ունեցածս անհարմար է այժմ ինձ համար:



Մի՞թե սերը կարող է գոյություն ունենալ առանց զոհաբերության:



Մի՞թե դու կարող ես անել այնպես, որ ես պատկանեմ միայն քեզ եւ դու ինձ… Աստված իմ: Սերը պահանջում է ամեն ինչ եւ ունի դրա իրավունքը: Այդ իմաստով ես զգում եմ այն, ինչ դու, միայն դու մոռանում ես, որ ես ապրում եմ երկուսիս համար:



 



***



Իմ հրաշք, դու տառապում ես: Հիմա նոր հասկացա, որ նամակները պետք է ուղարկել առավոտյան շուտ: Երկուշաբթին եւ հինգշաբթին միակ օրերն են, որ փոստը հասնում է քեզ: Դու տառապում ես: Որտեղ ես եմ, այնտեղ դու ես ինձ հետ: Դու տառապում ես: Համոզված լինելով, որ իմն ես, կանեմ ամեն ինչ, որ միանանք: Ա՜խ, ինչ կյանք կլինի, այո՛: Եթե առանց քեզ ապրեմ, կարժանանամ մարդկանց արհամարհանքին, որին, իմ կարծիքով, արժանի չեմ ու չեմ ուզում արժանանալ: Երբ տիեզերական չափանիշներով եմ նայում ինձ, ո՞վ եմ ես: Ո՞վ է նա, ում մեծ են համարում: Բայց հենց այստեղ է թաքնված մարդու աստվածային սկիզբը: Ես արտասվում եմ, երբ մտածում եմ, որ մինչեւ շաբաթ չես ստանալու նամակս: Որքան էլ սիրես ինձ, այնուամենայնիվ, ես քեզ ավելի եմ սիրում: Միշտ անկեղծ եղիր ինձ հետ: Բարի գիշեր: Քանի որ ես վաննաների բուժում եմ ընդունում, պետք է ժամանակին քնեմ: Աստված իմ, այսքան մոտ ու այսքան հեռու: Ամբողջ երկինքն է բացում իր հետ մեր սերը: Եվ արդյոք այն նույնքան  անսասան չէ՞, ինչպես երկինքը:



 



Աշխեն ՔԵՇԻՇՅԱՆ