Նորից հիշեցին խնայբանկի ավանդները

Նորից հիշեցին խնայբանկի ավանդները
Այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ, քննարկելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող Արցախյան պատերազմի մասնակիցներին` ազատամարտիկներին, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, կառավարությունը գտնում է, որ ներկայացված նախագծի ընդունման անհրաժեշտությունը ներկայումս բացակայում է: Առաջարկվող կատեգորիայի անձանց փոխհատուցում տալու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են նախկինում ընդունված որոշումներով, իսկ 2013թ. մայիսի 23-ին ՀՀ ԱԺ-ի հավանությանն արժանացած ՀՀ կառավարության ծրագրի` սոցիալական քաղաքականության ոլորտի նախատեսումներով իրականացվում են ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման շարունակական ծրագրեր:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը տեղեկացրել է, որ սոցիալական բոլոր թիրախավորված խմբերը, այդ թվում` ազատամարտիկները, 2006թ. սահմանված առաջնահերթություններով, ստացել են իրենց ավանդների փոխհատուցումները: Այդ ընթացքում ավելի քան 60 հազար քաղաքացու վճարվել է շուրջ 10 մլրդ դրամի փոխհատուցում:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է առաջիկա երեք տարիների համար հստակեցնել խնայբանկի ավանդների փոխհատուցումների տրամադրման թիրախային խմբերը, կառավարության հաստատմանը ներկայացնել ծրագրային առաջարկություններ, առաջնահերթ ուշադրություն դարձնելով Հայրենական պատերազմի դեռևս փոխհատուցում չստացած մասնակիցներին, Արցախյան ազատամարտի մասնակիցներին, ազատամարտիկներին, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքներին: