Ի սմեխ, ի գրեխ

Ի սմեխ, ի գրեխ

Մինչ հայ հասարակությունը թանկացումներից ու ներքաղաքական սկանդալներից աչք չի բացում, երեկ քննարկումների նոր թեմա հրապարակ նետվեց. կարճել են ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գործը: Այն գործը, որի հետ կապված՝ հսկայական աղմուկ բարձրացվեց, ՀՀ գլխավոր դատախազը ծանր ու մեծ մտավ խորհրդարան եւ պահանջեց անձեռնմխելիությունից զրկել այլեւս ընդդիմադիր դարձած գործչին, ով նաեւ քաղաքական մեծ ամբիցիաներ ուներ եւ իշխանություններին քննադատելու գործում գերազանցում էր շատերին: Ապա հայրենի խորհրդարանի «որակյալ» մեծամասնությունը քվեարկեց քրեական գործ հարուցելու եւ քննելու օգտին: Հետո սկսվեց «Սիվիլիթասի» երկար ու հոգեմաշ պայքարը, որին փորձում էին աջակցել անգամ օտարերկրյա դեսպանները: Եթե չեք մոռացել՝ Եվրամիության անդամ երկրների եւ ԱՄՆ դեսպաններն աննախադեպ ասուլիս տվեցին եւ բաց տեքստով ասացին, որ դատապարտում են քաղաքական հետապնդումը: Իշխանությունը, սակայն, ոչ մի կերպ չէր «կոտրվում»՝ անգամ գնացին արտառոց քայլի. եթեր գործուղեցին գործը քննող ԱԱԾ քննչական խմբի ղեկավարին, որը «սահմռկեցուցիչ» փաստեր շարադրեց եթերից: Թվում էր՝ օղակը սեղմվում է «զոհի» պարանոցին, եւ նրան այլեւս ոչինչ չի կարող փրկել օրենքի մահակից: Մանավանդ՝ պարբերաբար լուրեր էին շրջանառության մեջ դնում, որ շուտով, շատ շուտով գործը կմտնի դատարան, եւ նախկին բարձրաստիճան պաշտոնյան պատասխանատվության կենթարկվի: Բայց, ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ եկավ. քրեական-քաղաքական գործը կարճվեց: Երկու հետեւություն կարելի է անել կատարվածից. ԲՀԿ-ն եւ Վարդան Օսկանյանն այլեւս, որպես քաղաքական հակառակորդ, վտանգ չեն ներկայացնում, եւ նրանց նեղելու իմաստն է վերացել: Եվ՝ քրեական գործն այնքան խախուտ էր, որ ի սկզբանե դատական հեռանկար չուներ: