Շահան Շահնուր. մեծ զայրույթ

Շահան Շահնուր. մեծ զայրույթ

«Էմիլ՝ իմ անունս է, տասնվեց ամիսե ի վեր: Ավելի ճիշտ պիտի ըլլար ըսել՝ տասնվեց ամիս եւ կոտորակներ: Այդ կոտորակներեն առաջ ես կկոչվեի Ժան-Փիեռ, Առման եւ Ռոպեռ անուններ, որ ինծի տրված են հաջորդական գործատեղիներու մեջ, տեսակ մը պայմանադրությամբ: Ֆրանսիացիները իմ վավերական անունս կարտասանեն այնպես, ինչպես կարելի չէ գրել եւ ոչ մի լեզվով: Օտար անունները նման են զույգ մը նեղ կոշիկներու, որոնցմե մեկը լայն է: Բայց ես ավելի դյուրավ վարժված եմ կաղալու, քան թե բուն իսկ աշխատության: Ես աշխատությանը հակառակ եմ: Սա սկզբունքի հարց է: Հակառակ եմ»:



Շահնուրը, հակառակ էր իր ճակատագրին, հակառակ էր իր սահմանած գրականության պատմությանը, հակառակ էր այնտեղ, ուր դժվար է պատկերացնել հակառակումի անգամ չնչին տրամաբանության ծնունդը: Ինչքան էլ որ համալսարանական շրջանակներում փառաբանվում է «Նահանջը», մեկ է` պատերի տակ կրկին լսելի է մերժման մլավոցը: Իր հոգում Արարատ չունեցող, Նարեկացուն ուշաթափ գիրկը չառնող «շփացած տղեկը» մնաց թերակերտ իր «ազգասեր» եղբայրների համար, բայց ճշմարիտ ու խիզախ` թիրախի ընտրության մեջ: «Նահանջը» միմիայն ինքնության կորստի նեղուցով տանելու մղումն ասես վեպի (ոչ հեղինակի) մտածված որոգայթը լինի, կարծր դիմադրություն՝ անխափան տգիտության, կեղծ կուսակցականության, բարոյախոսության, նեղմտության ու միջակության: Շահնուրի կյանքն ու գրականությունը, ասես, դիմադրության կատաղի ու անվերջանալի թվացող մի պատմություն է: Նույնիսկ դաժան հիվանդությունն էր տուրք տալիս նրա ապրելու կամքին:



«Գիտեմ թէ ձեր ձեռքէն մեծ բան չի կրնար գալ դրամական տեսակէտով, բայց դուն եւ Տէր-Յակոբեանը կրնաք, կը խորհիմ պզտիկ գումար մը ճարել, որպէսզի բժիշկ կանչեմ: 200 ֆրանք կուզէ մարմնածակումին համար: Ինքնութեան թուղթիս համար ալ 135 ֆրանք: Կաղաչեմ, շատ կաղաչեմ, գրեցեք ինձ: Նույնիսկ եթե չկարենաք նիւթապէս օգնել ինձ, գրեցէք: Գիտեմ թէ ձեր ամբողջ կարելին կընէք: Աւելի գրելու անկարող եմ: Ներէ ինձ, Գեղամս, քեզ այնքան չարչարելուս համար»: 



Գեղամ Ֆէներճեանին ուղղված նամակում գրում է Շահնուրը:



«Ինչպես կարելի է մի մարդու արձան տեղադրել, ում ողջ կյանքը պայքար է»: Դոստոեւսկու մասին այսպես է արտահայտվել Լեւ Տոլստոյը:



Շահնուրի արձանները չեն տեղադրվում: Նրան կամ բարձրագոչ փառաբանում են, կամ կտրուկ խայթում: Երկուսն էլ Շահնուր Քերեսթեճյանին դժվար թե հետաքրքրեն, որովհետեւ, անկախ ձեւակերպումներից, նրա Մեծ զայրույթը դադար չունի:



 



Արամ ՊԱՉՅԱՆ