Կառավարությունն ընդունել է Օմբուդսմենի առաջարկները

Կառավարությունն ընդունել է Օմբուդսմենի առաջարկները

Այսօր հերթական նիստի ժամանակ Կառավարությունը, հաշվի առնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ՀՀ Վարչապետին ներկայացված առաջարկությունը, քաղաքաշինությանը վերաբերող մի շարք իրավական ակտերում փոփոխություններ է կատարել:



 Խնդիրն այն էր, որ բազմաբնակարան բնակելի շենքերին կից գտնվող տարածքները հաժախ ճանաչվում էին որպես «բացվածք», որի պարագայում այդ տարածքը տնօրինող անձինք չէին կարողանում օգտագործել և տնօրինել այն ըստ նպատակի և անհրաժեշտության: Առավել մտահոգիչ էր նաև այն, որ «բացվածք» հասկացությունը օրենսդրությամբ առհասարակ ամրագրված չէ, ինչը նպաստում էր պրակտիկայում տարաբնույթ մեկնաբանությունների ձևավորմանը:



 Կառավարության ընդունած որոշմամբ վերացվեց մի շարք իրավական ակտերում «բացվածք» հասկացությունը, իսկ համապատասխան այլ իրավական ակտերում այն փոխարինվեց օրենսդրությամբ ամրագրված «ոչ բնակելի տարածք» եզրույթով: Վերջինի հասկացությունը սահմանվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում, որոնցով ամրագրվում է շենքին կից գտնվող ոչ բնակելի տարածքի համապատասխան բաժնի սեփականատեր հանդիսացող անձանց` այդ տարածքի ազատ  տնօրինման և օգտագործման հնարավորությունը: