Ծայրահեղ ու անհանդուրժող

Ծայրահեղ ու անհանդուրժող

Թերեւս գենդերային օրենքի ազդեցությունն է պատճառը, որ մարդիկ սկսել են ամեն ինչի տակ սեքսուալ բռնություն փնտրել: Ամենուր տեսնում են այլասերում, սեքսուալ շեղումների քարոզ, պեդոֆիլիա եւ բոլոր հնարավոր ու անհնարին մեթոդներով պայքարում են դրա դեմ: Լուսանկարը, որտեղ ոստիկանը հպվել է աղջկա պարանոցին, մի քանի օր է` վրդովմունքի, հուզմունքի, ատելության ու պատժելու բուռն պահանջ է առաջացրել հասարակության մեջ: Եվ այս ալիքն ընդունակ չէ կասեցնել անգամ այն, որ աղջիկը կարծես թե չի բողոքում, գուցե անգամ չի ուզում, որ իր շահերն այդքան բուռն պաշտպանեն եւ իր նկարն այդքան անթաքույց տարածեն: Անգամ այն, որ ոստիկանությունն արդարանում է եւ ինչ-որ, թեկուզ անհամոզիչ, բացատրություններ տալիս: Անգամ այն, որ, ամեն դեպքում, մարդկանց արյունլվիկ անելն ավելի վատ բան է, քան... համբուրելը: Մեր հասարակությունը շատ զգայուն է անբարոյականության նկատմամբ: Բայց նաեւ պահպանողական է ու անհանդուրժող իր պատկերացումներից փոքր-ինչ տարբերվող անձանց ու տեսակների նկատմամբ: Մի կողմից չկա մարդ, որ իր շրջապատում գոնե մի քանի հոգու չգիտի, որոնք սեռական այլ կողմնորոշում ունեն, մյուս կողմից՝ ոչ մի կերպ հասարակությունն այդ անձանց եւ նրանց կողմնորոշման նկատմամբ ադեկվատ վերաբերմունք չի որդեգրում: Մի կողմից, ամենաբարձր մակարդակներից հովանավորվող, թաքնված սեռական շեղումներ, մյուս կողմից՝ դրա նկատմամբ խուլ ատելություն եւ պայքար: Ինչու է մեր հասարակության վերաբերմունքն այդքան բեւեռացած մի երեւույթի նկատմամբ, որն աշխարհին հայտնի է վաղնջական ժամանակներից, եւ աշխարհը վաղուց այդ երեւույթի նկատմամբ որոշակի վերաբերմունք ու կանոններ է մշակել, որից մենք հաստատապես չենք կարողանալու խուսափել եւ, ի վերջո, մի օր մենք էլ ենք հանգելու դրան:



 



ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ