Գյումրու արվեստի բուհերի միավորումն աբսուրդ է

Գյումրու արվեստի բուհերի միավորումն աբսուրդ է

Երեւանի գեղարվեստի ակադեմիայի, Կոնսերվատորիայի եւ Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղերը ԿԳՆ-ի ծրագրով միավորվելու են մեկ միասնական տանիքի տակ: Սա իրականացվում է բուհերի խոշորացման ծրագրի շրջանակներում: Մենք արդեն անդրադարձել ենք Վանաձորում «Լոռվա համալսարան» ստեղծելու գաղափարին, որի մեջ ներառվելու են պետական բուհերի Վանաձորի մասնաճյուղերը: Այդ նույն ծրագիրը նախատեսված է նաեւ Գյումրիում: Բայց այստեղ, փաստորեն, երկու նմանատիպ միավորում կստեղծվի: Մեկում կմիավորեն արվեստի բուհեր, մյուսում` պետական բուհերի մասնաճյուղերը: Նշենք, որ, ըստ նախարարության, բուհերի խոշորացման ծրագրի նպատակը նյութատեխնիկական բազայի խոշորացումն է ու կրթական որակի բարձրացումը: Սակայն ինչպես Վանաձորում, այնպես էլ Գյումրիում այս ծրագիրը գրկաբաց չի ընդունվում: Հատկապես անտրամաբանական է համարվում արվեստի բուհերի միավորումը: Ճիշտ է, բուհերի միավորման գաղափարը դեռեւս նախագիծ է, որը, ԿԳՆ մասնագիտական կրթության եւ քաղաքականության մշակման բաժնի պետ Էդգար Ալեքսանյանի խոսքով, ուղարկվել է շահագրգիռ նախարարությունների քննարկմանը, սակայն արդեն դիմադրություն է հասունանում:



Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Համբարձում Ղուկասյանի խոսքով, նախ` ծրագիրը կազմելիս ոչ մի քննարկում չի եղել, մասնաճյուղերի տնօրենների կարծիքը չի հարցվել: Իրենք ծրագրի մասին իմացել են, երբ արդեն որոշած-վերջացրած են եղել: Ղուկասյանն ինքը դեմ է արվեստի բուհերի միավորմանը: Նախկինում նման փորձ եղել է, եւ պարզվել է, որ դա անարդյունավետ է: Միավորման մեկ այլ փորձ արվել է նաեւ 2000-ին, սակայն դրա արդյունքում էլ իրենք չեն կարողացել օպտիմալ աշխատել, 2 տարում որեւէ ցուցահանդես չեն կազմակերպել: Դրա համար էլ մտավախություն կա, որ նորից կհայտնվեն նույն վիճակում: «Հեչ միանման մասնագիտություններ չեն: Երաժշտությունն ուրիշ բան է, կերպարվեստն ու թատերական արվեստն ուրիշ բան են: 15 տարի առաջ, երբ այդ բուհերը բաժանվեցին, մեծ զարգացում ապրեցին, եւ այսօր բոլորս տեսնում ենք, թե դրանք ինչ հզոր ակադեմիա, բուհեր են: Հիմա նորից ուզում են նույն սխալը կրկնել: Միավորման արդյունքում քաղաքում այլեւս միջազգային բիենալեի մակարդակը կկորի: Դա նաեւ քաղաքի համար մեծ մինուս է: Այդ միավորումը կդառնա պրոֆտեխուսումնարան, ինչպիսին արդեն կա Գյումրիում, որտեղ պրոֆեսիոնալիզմի որեւէ նշույլ չկա, իսկ ներկայում մենք մեծ հաջողությունների ենք հասել, մեր ուսանողները մեծ կապեր ունեն դրսի հետ,- դժգոհեց Ղուկասյանը` ավելացնելով:- Ճիշտ է, իրենց համար հեշտ կլինի, իրենց առաջ մի ռեկտոր նստած կլինի, ով իրենցից ոչ մի բան չի պահանջի, ոչ մի բան չի անի` մակարդակից ելնելով, բայց դա իրական աղետ կլինի»:



Նշենք, որ Գյումրիում բուհերի միավորմանը դեմ է արտահայտվում միայն Ղուկասյանը: Թատերականի եւ Կենսերվատորիայի մասնաճյուղերի տնօրենները լռելյայն համաձայնությամբ սպասում են ԿԳՆ-ի ծրագրի իրագործմանը: Ղուկասյանի խոսքով, նրանց լռությունը պայմանավորված է հույսով, թե իրենք են դառնալու նորաստեղծ միասնական բուհի ռեկտորը: Սակայն, որոշ տեղեկություններով, միասնական բուհի ռեկտորը լինելու է Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ներկայիս տնօրեն Կարինե Ավդալյանը` հաշվի առնելով նրա ազգակցական, բարեկամական որոշ կապերը: «Ով ուզում է լինի` այդ նախագիծն աբսուրդ է: Ուզում է ես լինեմ, մեկ է` դա աբսուրդ է, այդպիսի բան չի կարող լինել: Ես երբեք ինձ թույլ չեմ տա գնալ եւ աբսուրդ ղեկավարել»,- ասաց Ղուկասյանը:



Բուհերի միավորմանը դեմ է նաեւ Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը: Վերջինս մտավախություն ունի, որ միավորման արդյունքում տարիների իրենց աշխատանքը կարող է ջուրն ընկնել: «Ես դեմ եմ դրան, մեր մասնաճյուղը կարգին, կայացած մասնաճյուղ է, մենք դրա վրա բավական աշխատանք ենք տարել, բայց եթե այդ որոշումն ընդունվել է արդեն, պետք է չարյաց փոքրագույնն ընտրել, որպեսզի դրա ղեկավարը լինի այնպիսի մարդ, որը կարողանա աշխատանքները ճիշտ համակարգել: Ուրիշ բան չեմ կարող ասել»,- մեզ հետ զրույցում ասաց Իսաբեկյանը` ավելացնելով, որ նախագծի կազմման ժամանակ իրենցից կարծիք չեն հարցրել, այլ պարզապես տեղեկացրել են: «Եթե միավորվի, ես որեւէ ձեւով որեւէ մասնակցություն չեմ ունենա»,- եզրափակեց Գեղարվեստի ակադեմիայի ռեկտորը:



Ի տարբերություն վերջինիս, բուհերի միավորմանը դեմ չէ Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը, չնայած այդ մասին տեղեկացել է միայն մամուլից: «Գուցե ոչ մեր բուհի, բայց ընդհանուր կոնցեպտի առումով մեր հանրապետւթյունը, ունենալով իր խնդիրները, բնակչության իր քանակը եւ հաշվի առնելով մարզային բնակչության խնդիրները, ավելի տրամաբանական է գտնում մարզային պետական բուհերի բանաձեւը: Ինչպիսին, օրինակ, Պեկինի համալսարանն է, որը ներառում է եւ բժշկական, եւ ֆիզիկայի, եւ թատրոնի դպրոցներ: Այս կոնտեքստում ամեն մարզ կունենա մեկ համալսարան` ներառելով այն բոլոր մասնագիտությունների բաժինները, որի կարիքն ունի մարզը` ուսուցիչներ, ինժեներներ, դերասաններ եւ այլն»,-կարծում է Մազմանյանը: ԿԳՆ-ին մնում է նախագիծը կյանքի կոչելուց առաջ հաշվի առնել մասնաճյուղերի տնօրենների կարծիքը, քննարկման նստել նրանց հետ, իսկ գուցե՝ անգամ վերանայել որոշումը: 



 



Սոնա ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ