Աղքատության մեջ գոյատեվում են

Աղքատության մեջ գոյատեվում են

Շարուրի 10 հասցեում ապրող Հակոբյանների ընտանիքը գոյատեւում է հարեւանների շնորհիվ: 3 ամիս է, ինչ ընտանիքը համալրվել է նոր անդամով, որն ուրախացրեց ընտանիքին, բայց, միեւնույն ժամանակ, հոգսերի պատճառ դարձավ: «Ես էլ եմ ուզում իմ ընտանիքն ունենալ, ինչքան էլ վատ պայմաններում ենք ապրում, միեւնույն է՝ պետք է օրերից մի օր ամուսնանայի»,-ասում է 30-ամյա Հակոբ Հակոբյանը՝ հավելելով, որ երեխայի շնորհիվ կյանքն իմաստավորվել է: Հակոբը հասկանում է, որ երեխայի ծնունդից հետո պետք է ավելի շատ աշխատի, բայց մասնագիտություն չունի, նույնիսկ դպրոցը չի ավարտել: «Արդեն հասկանում եմ, թե ինչ դժվար է ընտանիք պահել, ծնողի համար ինչքան դժվար է տեսնել, որ երեխան սովածության պատճառով լացում է, ու դու ոչնչով չես կարող օգնել նրան»,- ասում է Հակոբը` հավելելով, որ, որպես առաջին երեխա, 50 հազար դրամ գումար են տվել, որի շնորհիվ երեխայի համար կարողացել է հագուստ եւ այլ պարագաներ գնել: Նրա խոսքով, եթե այդ գումարը չլիներ, երեխային երեւի հիվանդանոցից էլ տուն չէին բերի: «Ճիշտ է, ես օրականով կարողանում եմ հաց գնել, բայց գումարս չէր հերիքում, որ հագուստ, տակդիր, նման բաներ գնեմ ու մի քիչ էլ պարտք փակեմ»,- անկեղծանում է Հակոբը: Հարեւանները, տեղյակ լինելով ընտանիքի սոցիալական վիճակին, փորձում են օգնել ինչով կարող են:



«Հարեւանները երբ լսում են, որ աղջիկս անընդհատ լացում ու չի քնում, մեկ էլ դուռը ծեծում են, ուտելու բան են տալիս, որ ուտեմ ու կերակրեմ»,- ասում է Հակոբի կինը՝ Սարգսյան Միլենան, հավելելով, որ երեխան տաք հագուստ չունի, ստիպված փաթաթում են: Տանը որեւէ հարմարություն չունեն, հագուստը դասավորված է տոպրակների մեջ, հյուրասենյակի մեջտեղում երեխայի օրորոցն է դրված եւ մի հնամաշ բազմոց, որի վրա պառկած է Հակոբի մայրը՝ տիկին Տիգրանուհին: Երկար ժամանակ է, ինչ Հակոբի մայրն անկողնային է, չի կարողանում տեղաշարժվել: «Եթե հիվանդությունս չլիներ, ես տղայիս ձեռք կմեկնեի, կօգնեի, բայց հիմա հոգս եմ դարձել, տենց օր չկա, որ շտապօգնություն չկանչենք, մենակ ուրախ եմ, որ տղաս երեխա ունի, ուզում եմ, որ գոնե թոռս մարդավայել մեծանա»,-ասաց տիկինը՝ ավելացնելով, որ թոշակ պետք է ստանա, բայց հիվանդության պատճառով չի կարողանում թղթերը կարգավորել: Հակոբի խոսքով, աշխատելուց չի նեղվում՝ 15 տարեկանից աշխատում է: «Հայրս մահացավ, նրա մահից հետո ես եմ օգնում մորս, որպեսզի կարողանանք սննդի հարցերը լուծել, այդպես ուսումս աչքաթող արեցի ու սկսեցի աաշխատել»: Ասում է, որ գրել-կարդալ չիմանալու պատճառով մինչ օրս շահագործում են իրեն: Տղան անձնագիր չունի, ուզում է նոր անձնագիր ձեռք բերել, բայց անընդհատ նոր փաստաթղթեր են պահանջում, որոնք էլ ձեռք բերելու համար գումար է հարկավոր: «Այժմ իմ մասին չեմ մտածում, երեկոյան ժամերին զիբիլ եմ թափում, որ գումար աշխատեմ, որ աղջիկս սոված չմնա,- ասում է՝ ավելացնելով:- Ամեն ինչ թանկացրել են, օրական 2 հազար դրամով չեմ կարողանում նույնիսկ երեխայի ծախսերը հոգալ, ուր մնաց հաց առնեմ ու մտածեմ կոմունալները ոնց եմ վճարելու»:



 



Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ