«Մենք կախված ենք անհատի ճաշակից»

«Մենք կախված ենք անհատի ճաշակից»

«Քարը մեր քաղաքում շատ է, շնչելու թթվածին չկա: Շատ ցավալի է, որ հին Երևանի շենքերը քանդվում են, իսկ դրանց փոխարեն միօրինակ էլիտար շենքեր են կառուցվում»,-ասաց քանդակագործ Լևոն Թոքմաջյանը`հավելելով, որ հուշարձան շենքերը քանդելով դրանց տեղում ոչինչ չեն կառուցում և դրանք վերածվում են աղբանոցների: «Այդքան շենք կառուցել չի կարելի, այսօր մեզ հարկավոր է այգի, շնչելու օդ քաղաքում չկա»,-ասաց Թոքմաջյանը: Խոսելով Փակ Շուկայի ճակատագրի մասին` վերջինս նշեց` մեծ ցավ է ապրում, երբ տեսնում է, որ պատրաստի հուշարձան շենքը ոչնչացվել է: «ճիշտ է արտաքին տեսքը պահպանել են բայց ներսում ամեն ինչ փոխված է, իսկ դա արդեն անընդունելի է »,-ասաց արվեստագետը: Ըստ Թոքմաջյանի` մենք այսօր կախված ենք անհատի ճաշակից, այդ իսկ պատճառով էլ մեր քաղաքի տեսքը սա է: «Հիմնականում կառույցների հեղինակները իշխանության ներկայացուցիչներն են, ովքեր անճաշակ բաներ են կառուցում: Նրանք պետք է մտածեն, որ մեկ օրվա համար չէ, այլ դարերի համար են շենքերը կառուցում»,-ասաց Թոքմաջյանը` հավելելով, որ գումար ունեցողը դարձել է ճաշակ թելադրող: