Ուղեվարձի թանկացման հարցով հանրային հանձնաժողովն այսօր քննարկման է հրավիրում

Ուղեվարձի թանկացման հարցով հանրային հանձնաժողովն այսօր քննարկման է հրավիրում

Տրանսպորտային համակարգի խնդրով զբաղվելու  համար  գումարված հանրային հանձնաժողովն իր առաջին քննարկումը կանցկացնի այսօր: Այս մասին ասված է «Վճարում ենք 100 դրամ» շարժման տարածած հաղորդագրության մեջ: «Մի քանի օր առաջ Տարոնը Մարգարյանի որոշմամբ ստեղծվել է կեղծ հանձնաժողով՝ տրանսպորտի ուղեվարձի ձևավորման, դրա կիրառման մեխանիզմների քննարկման և առաջարկներ ներկայացնելու անվան տակ ուղեվարձը թանկացնելու նպատակով: Փաստորեն, փորձ է արվում առանց համակարգային բարեփոխումների թանկացնել ուղեվարձը: Մենք հրաժարվել ենք այդ հակասահմանադրական և ձևական հանձնաժողովի մաս կազմել և նախաձեռնում ենք իրական հանրային շահը պաշտպանող հանձնաժողով տրանսպորտային համակարգի խնդիրներով զբաղվելու համար: Հանրային հանձնաժողովում բաց սկզբունքով կներգրավվեն տարբեր շերտերի ներկայացուցիչներ` տնտեսագետներ, իրավաբաններ, ուղևորափոխադրողներ, ՀԿ ոլորտի ներկայացուցիչներ, քաղաքական միավորներ, վարորդներ, սպառողներ։ Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Բարև Երևան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները ևս հրաժարվել են մասնակցել Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ստեղծված հանձնաժողովին` հղում անելով ուղեվարձի թանկացման վերաբերյալ որոշման անօրինականությանը, հանձնաժողովի կեղծ լինելու հանգամանքին և ժողովրդի ծանր սոցիալական վիճակին: Բոլոր նրանց, ովքեր մտահոգված են տրանսպորտի ոլորտի հիմնախնդիրներով և ուղեվարձի թանկացման հարցով, հրավիրում ենք հանրային հանձնաժողովի ստեղծման մասին հանրային քննարկման, որը կկայանա Մաշտոցի պուրակում ս.թ. սեպտեմբերի 30-ին՝ ժամը 18:30-ին:



«Վճարում ենք 100 դրամ» շարժման անդամներ»