Եվրոպահայոց Երրորդ համագումարին մասնակցել են նաև Հովիկ Աբրահամյանը, Բակո Սահակյանն ու Արամ Ա Կիլիկիո կաթողիկոսը

Եվրոպահայոց Երրորդ համագումարին մասնակցել են նաև Հովիկ Աբրահամյանը, Բակո Սահակյանն ու Արամ Ա Կիլիկիո կաթողիկոսը

Բրյուսելում հոկտեմբերի 14-15 տեղի ունեցավ Եվրոպայի Հայ Դատի Հանձնախմբի կողմից կազմակերպած Եվրոպահայոց Երրորդ համագումարը, որի աշխատանքներին մասնակցեց Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի պատվիրակությունը՝ գլխավորությամբ ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանի:



 



Համագումարի բացումը տեղի ունեցավ նորակառույց Հայ Տուն շինության մեջ (Rue du Gaz, 83, Laeken, 1020, Bruxelles), իսկ երկրորդ օրվա նիստերը՝ Եվրոխորհրդարանի մեջ:
ԵՀՄՖ պատվիրակությունը ներկայացնում էին նաև փոխնախագահ Հարություն Առաքելյանը, ԵՀՄՖ նախագահության անդամներ Լևոն Մուրադյանը և Հրայր Գևորգյանը:



 



Եվրոպահայոց Երրորդ համագումարին ողջույնի ելույթներ ունեցան Եվրոպայի Հայ Դատի Գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՆՍՕՏՏ ներկայացուցիչ Նորվան Զաքարյանը, Արամ Ա Կիլիկիո կաթողիկոսը և այլոք:



 



ԵՀՄՖ նախագահ պարոն Գրիգորյանը հանդես եկավ թեմատիկ ելույթով՝ «Մշակութային ցեղասպանություն, սպիտակ ջարդ հայության հանդեպ» վերնագրով: Սկզբում ներկայացվեց ԵՀՄՖ հրատարակած՝ երիտասարդ գիտնական Տաթևիկ Գրիգորյանի «Մշակութային ցեղասպանություն» իրավագիտական մենագրությունը, որով հեղինակին հաջողվել է սահմանել «մշակութային ցեղասպանություն» տերմին-բառակապակցությունը միջազգային իրավունքի հիման վրա: Այնուհետև բանախոսը ներկայացրեց ԵՀՄՖ-ի իրականացրած լոբբինգային գործունեությունը՝ ուղղված թուրք-ազերական տանդեմի հակահայ գործունեության վնասների չեզոքացմանը:



 



ԵՀՄՖ նախագահը նաև համագումարին ներկա պետական այրերի ուշադրությունը սևեռեց Հայաստանի ներկայիս աղետալի վիճակին՝ այն որակելով որպես սպիտակ ջարդ հայաստանցիների հանդեպ, որի հիմնական բաղադրիչներն են անպատժելիությունը «ընտրյալների» հանդեպ, կոռուպցիան և բազմաբնույթ ու տարատեսակ անօրինականությունները, որոնք էլ մեծ խթան են հանդիսանում սպիտակ ջարդի՝ արտագաղթի համար:



 



Նա հատուկ շեշտեց, որ եթե իրավիճակը ևս 4-5 տարի այսպիս զարգացում ունենա, կամ կկատարվի մեր թշնամիների երազանքը՝ Հայաստանը կունենա մեկ միլիոնից պակաս բնակչություն և չի կարողանա դիմակայել ազեր-թուրքական էքսպանսիային, կամ կմտնի Ռուսաստանի մեջ որպես շրջան՝ ինկլավ:



 



Բանախոսը ներկայացրեց ԵՀՄՖ սեպտեմբերի համագումարին ընդունված արդի սահմանումը Հայ Դատի ընդլայնված խնդիրների շուրջ. ավանդական պահանջատիրության կողքին ավելացվեց Հայաստանի ներքին քաղաքական կյանքին սփյուռքի և հատկապես եվրոպահայության մասնակցության բացառիկ անհրաժեշտությունը: Նա նշեց, որ «մեր իդեաների Հայաստանը կարող է կառուցվել միայն համամարդկային արժեքների վրա հենվելով և քաղաքակրթության պատկերացումներին համապատասխան»:



 



Ելույթի վերջում ԵՀՄՖ նախագահը ընթերցեց կոչ, որտեղ ամփոփ ներկայացված էր վերը նշված դիմումը ՀՀ վարչակազմին՝ անարյուն իշխանափոխության պահանջով, և առաջարկեց այդ կոչը ընդունել որպես Եվրոպահայոց Երրորդ համագումարի մասնակիցների կողմից կոչի նախագիծ՝ ուղղված ողջ սփյուռքին: Առաջարկը և ելույթը ընդունվեց բուռն ծափերով:



 



Որպես վարչակազմի կառկառուն ներկայացուցիչ ԱԺ նախագահ Հ.Աբրահամյանը իր պատասխան ելույթում անիմաստ տեղը փորձեց արդարանալ ողջ վարչակազմի փոխարեն, սակայն ապարդյուն, քանի որ արտահայտեց սովորական դարձած ընդհանուր ֆրազներ, իսկ վերջում հրավիրեց Հայաստան, առաջարկելով պառլամենտում կազմակերպել քննարկումներ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու և արտագաղթի պատճառները վերացնելու հարցի շուրջ:



 



Ստորև ներկայացնում ենք եվրապահայությանն ուղղված Կոչի տեքստը ամբողջությամբ:



 




ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՉԸ



 



Սիրելի՛ հայրենակիցներ, Հայ ժողովրդի առջև ներկա պատմական փուլում ծառացած են բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնց մի մասը ժառանգություն ենք ստացել դեռ նախորդ դարերից, և բազմաթիվ հայորդիներ փորձում են վերացնել դրանց հասցրած վնասները, և գալիք սերունդներին իրազեկել պատմական անարդարությունների մասին, մասնակից դարձնել հայրենասիրական և հայապահպանման ծրագրերի իրագործման գործին, ինչպես նաև Հայ Դատի խնդիրներին:



 



Եվրոպահայոց Երրորդ համագումարի մասնակիցները գտնում են, որ այսօր սակայն վտանգված է հայ ժողովրդի գոյությունը փաստացի պատերազմի մեջ գտնվող Հայաստանի Հանրապետությունում, որտեղ համատարած անարդարության հետ մեկտեղ կոռուպցիան վաղուց վերածվել է ազգային անվտանգությանը սպառնացող լուրջ խնդրի` խժռելով ազգային ունեցվածքը, պաշարները, չխնայելով անգամ բնությունը և մարդկանց, գալիք սերունդների առողջությունը, որն էլ մեծ խթան է հանդիսանում արտագաղթի համար: Մարդիկ արտագաղթում են, գերադասելով ապրել և արարել այլ երկրների նվաստացուցիչ պայմաններում, քան սեփական Հայրենիքում:



 



Հիմք ընդունելով վերը նշված բարդագույն իրավիճակը Հայրենիքում՝ կոչ ենք անում սփյուռքահայությանը և ՀՀ քաղաքացիներին միանալ անցած ամիս Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Համագումարին առաջարկված և ազդարարված «Համահայկական ճակատ»-ին, որի հիմնական նպատակն է լինելու մեկտեղել համայն հայության ներուժը` Հայաստան երկրում արդարության, օրինականության, քաղաքացիների իրավական պաշտպանվածության հաստատման և անցնցում իշխանափոխության իրականացման համար:



 



Միայն ժողովրդի վստահությունը վայելող իշխանությունը ունի իրավունք հանդես գալ Հայաստան պետության անունից և կարող է լուծել համայն հայության խնդիրները, իսկ Սփյուռքը իրավասու և պարտավոր է իր անմիջական մասնակցությունը բերել Ազգի հրատապ փրկության այս գործընթացին:



 




ԵՀՄՖ մամլո քարտուղարություն
15.10.2013թ.