«Ժառանգությունը» կամաց-կամաց քայքայվում է

«Ժառանգությունը» կամաց-կամաց  քայքայվում է

Աշնան կեսն արդեն անցել ենք, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանի խոստացած հեղափոխության հոտն այդպես էլ չի զգացվում: Դրա փոխարեն «Ժառանգության» շուրջ եւ դրա ներսում ընթացող գործընթացներից ու խոսակցություններից հասկանալի է դառնում, որ կուսակցությունը կամաց-կամաց քայքայվում է:



Բոլորովին վերջերս հայտնի դարձավ, որ ինչ-ինչ տեխնիկական պատճառներով հետաձգվում է կուսակցության աշնանը նախատեսված համագումարը, իսկ օրերս էլ տեղեկություն ստացանք, որ փակման վտանգի առջեւ է կանգնած նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնադրած Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը՝ ՌԱՀՀԿ-ն: Գաղտնիք չէ, որ սույն փորձագիտական կենտրոնի ֆինանսավորումը տարիներ շարունակ իրականացվել է ԱՄՆ-ի կողմից, այդով վերջինը փորձել է Հայաստանում, ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, ձեւավորել ամերիկյան կամ արեւմտյան քաղաքական մի ուժ, որի միջոցով հնարավոր կլինի նաեւ ազդեցություն ունենալ հայաստանյան քաղաքական գործընթացների վրա: Բայց Րաֆֆի Հովհաննիսյանը, փաստորեն, անկարող եղավ արդարացնել իր հետ կապվող հույսերը, ինչի արդյունքում այժմ նպատակահարմար չի համարվում ՌԱՀՀԿ-ն ֆինանսավորելը: Կենտրոնի փորձագետներից շատերը մեզ հետ մասնավոր զրույցում չհերքեցին առկա խնդիրները, բայց դեռ վաղ համարեցին կառույցի փակվելու մասին խոսել: Մեկն անգամ իրավիճակն այսպես բնութագրեց. «Անհատական կամ անձնական բնույթի խնդիրներ չկան կոլեկտիվում, միայն համակարգային ինչ-որ խաթարում կա, որը, հավանաբար, լուծում կգտնի»:



 



Նրանք մեզ ուղղորդեցին առավել հանգամանալի բացատրություններ ստանալ տնօրինությունից. ի դեպ, որոշ տեղեկություններով, կենտրոնի բնականոն աշխատանքներն արդեն վերջին ամիսներին ամբողջովին խաթարվել են, եւ փորձագետները գրեթե չեն լինում գրասենյակում: Կենտրոնի տնօրեն Կարապետ Կալենչյանը երեկ տանն էր, բայց ասաց, որ ճնշումն է բարձր, սկզբում հերքեց համակարգային խաթարված մթնոլորտի մասին լուրը, ապա չթաքցրեց, որ կենտրոնը ֆինանսական խնդիրներ ունի, այլ հարցերի Կալենչյանը չցանկացավ պատասխանել, բորբոքվեց ու հորդորեց Րաֆֆի Հովհաննիսյանից պարզել, թե ինչու են «խնդիրներ առաջացել»: Կուսակցության մամլո պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանն էլ հայտնեց, թե առաջին անգամ չէ, որ ՌԱՀՀԿ-ն ֆինանսական խնդիրների առաջ է կանգնում, բայց փակվելու մասին ինքը որեւէ ինֆորմացիայի չի տիրապետում. նա էլ «պաս տվեց» Րաֆֆի Հովհաննիսյանի մամլո պատասխանատու Լիլիթ Սարուխանյանին: Վերջինը կտրականապես հերքեց մեր տեղեկությունները, համենայնդեպս, իրեն ոչ մի բան հայտնի չէ:



 



Թե ինչ ճակատագիր է սպասվում այս կենտրոնին, կփորձենք հետեւել առաջիկայում, բայց որ նման խաթարումներ կան նաեւ «Ժառանգության» ներսում, դա նույնպես ակնհայտ է: Լուրեր կան անգամ, որ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ է հոգնել իր նախագահությունից ու հերթական անգամ որոշել է կուսակցության ղեկը հանձնել մեկ ուրիշի: Հավանաբար, աշնանը հեղափոխություն անելու խոստումը վերաբերում էր ոչ թե երկրի ներսում անելուն, այլ՝ կուսակցության:



Ի դեպ, խոստացված հեղափոխության եւ թեժ աշնան մասին երեկ «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում Րաֆֆի Հովհաննիսյանը բավական խրոխտ պատասխան է տվել: Հարցին, թե «խոստացել էիք, որ աշնանը կտրուկ գործողությունների կդիմեք, բայց աշունն արդեն կիսվեց», նա պատասխանել է. «Կարծում եմ՝ այս անընտիր իշխանությունն արդեն մեծ խռովքի մեջ է, որովհետեւ ինքը գիտակցում է, որ գողացել է այս ընտրություններին ժողովրդի քվեն, եւ դա երեւում է քաղաքացիների եւ միջազգային հանրության վերաբերմունքից»:



Նաեւ ասել է, որ սա մի մարդու խնդիր չէ, բոլորը պետք է մասնակցեն, իսկ վերջում վստահություն է հայտնել, որ «ծանր երկունքից հետո նոր Հայաստան կծնվի»:



Երեկ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին հարցրինք.



- «Ժառանգությունը» որոշել է քայլ առ քայլ նահանջե՞լ քաղաքական ասպարեզից, ինչո՞ւ հետաձգվեց աշնանը խոստացված համագումարը, ասելիք չկա՞:



- Բացարձակ, եթե ուշադիր լինեիք, ապա «Ժառանգությանն» ամենաակտիվ կուսակցությունը կարելի էր համարել իր ֆինանսական ռեսուրսների համեմատ: Առավել եւս մի բան էլ նկատի ունեցեք, որ «Ժառանգությունն» այն երեք կուսակցություններից մեկն է՝ ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի հետ միասին, որը եւ խորհրդարանում, եւ Երեւանի ավագանիում է ներկայացված, բայց համեմատեք երկուսի ֆինանսական միջոցները մեր վիճակի հետ եւ տեսեք, որ «Ժառանգությունը», չնայած իր միջոցներին, գործունեությամբ շահեկանորեն տարբերվում է մնացածից: Իսկ համագումարը հետաձգվեց տեխնիկական խնդիրների պատճառով:



 - Ի՞նչ է նշանակում տեխնիկական:



- Տեխնիկական:



- Այս ամսվա մեջ կլինի՞ համագումար:



- Չէ, չի լինի:



- Իսկ ե՞րբ կլինի:



- Երբ նպատակահարմար գտանք՝ կանենք, բայց, համենայնդեպս, մենք այդպիսի խնդիր չունենք, որ ժամկետի հետ կապված խնդիր առաջանա:



- Րաֆֆի Հովհաննիսյանը թեժ ամառ էր խոստանում, իսկ աշնանը՝ շարժման հանգուցալուծում, բայց աշունը շուտով կթողնենք հետեւում, իսկ ոչ «Ժառանգության» ակտիվությունն է նկատվում, ոչ հեղափոխությունը:



- Ամառն էլ թեժ եղավ, աշունն էլ է թեժ, բայց ինչ մնում է ասել, որ աշնանը հեղափոխություն է լինելու, ոչ ինքն ասեց, որ դրա անհրաժեշտությունը կա:



- Եթե անհրաժեշտությունը կար, ինչո՞ւ չեղավ կամ չի լինում:



- Որովհետեւ բազմաթիվ պատճառներ կան. առաջինը, որ ընդդիմությունը միասնական չէ, մնացածն էլ չասեմ:



- Իսկ ամիսներ առաջ ի՞նչ հույսերով էր հայտարարվում, որ աշնանը հանգուցալուծում կլինի, հույսե՞ր ուներ, որ ընդդիմությունն աշնանը կմիավորվի:



- Ես կրկնում եմ՝ ինքն ասեց, որ հեղափոխությունն անհրաժեշտ է, իսկ անհրաժեշտությունը բացարձակ չի կորել, ավելին՝ խորացել է:



- Իսկ ե՞րբ կօգտվեք ստեղծված իրավիճակից կամ ի՞նչ եք անելու:



- Մենք միշտ պատրաստ ենք այդ միասնական պայքարի առաջին գծում լինել, միասնականությանը կողմ ենք:



 



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ



[email protected]