«Բարև Տարոն ջան»

«Բարև Տարոն ջան»

Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անվանումը մինչև Նոր տարի կամ Նոր տարուց հետո ամենայն հավանականությամբ կփոխվի: Շրջանառության մեջ ենք դնում երկու տարբերակ՝ «Բարև Տարոն ջան» կամ՝ «Բարև դոկտոր Տարոն»:



 



Վերանվանման անհրաժեշտությունը ծագել է այն բանից հետո, երբ ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը, պատի ծակը չոփ, սկսել են համատեղ հանդես գալ իշխող կոալիցիայի դեմ և իրենց առաջին քայլերն անել գալուստսահակյանական հորդաների կամայականությունները կասեցնելու ուղղությամբ:



 



Այս հանգամանքը, պարզվում է, Երևանի ավագանու «Բարև Երևան« դաշինքի սրտով չէ: Հատկապես խանդով են վերաբերվում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության գործողություններին: Տարոնի հետ նստող-վեր կացող ժառանգականներին, ասացեք խնդրեմ, դուր չի գալիս, որ Զարուհի Փոստանջյանը, ով ի դեպ, «ժառանգության» վերջին մոհիկանն է այդ խմբակցությունում, հարաբերվում է ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի համանուն խմբակցությունների ներկայացուցիչների հետ:



 



Մեկ-երկու օր առաջ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ, ակտիվիստ Դավիթ Սանասարյանը մի այսպիսի ուշագրավ հայտարարությամբ էր հանդես եկել. «Միգուցե, ինձ մեղադրեք պառակտելու մեջ, բայց ավելի խորը մտածելուց հետո չեմ ուզում պայքարի ճամփա ընկնել այն քաղաքական ուժերի հետ, որոնք կողմ են Մաքսային միությանը, այն քաղաքական ուժի հետ, որի միահեծան լիդերը անվտանգության խորհրդի անդամ է ու դիմավորում կամ ճանապարհում է Սերժ Սարգսյանին, այն քաղաքական ուժի հետ, որի լիդերը, ըստ էության, շատ է արժեւորում Մոսկվայի ու Պուտինի դերը ՀՀ-ի համար, այն քաղաքական ուժի հետ, որի կարկառուն ներկայացուցիչները դեսպան են նշանակվում...»: Ապա ավելացրել. «Պարզ տեքստով ասեմ` չեմ տեսնում ինձ այն ալյանսի մեջ, որի ձեւավորող ուժերն են` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն...»:



 



Իսկ այսօր արդեն «Բարև Երևանի» ամենաշուստրի նախկին երիտասարդը՝ Ստեփան Սաֆարյանն է իր ֆեյսբուքյան պատին ինչ-որ աննորմալ բաներ գրել նախօրեին տեղի ունեցած ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նիստի մասին, որի արդյունքում ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը հեռացվել է այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Արդ, ուրեմն, իր այդ խզբզոցի մեջ Ստեփան Սաֆարյանը, ՀՀԿ-ի սրտից ջուր խմած, կասկածի տակ է վերցնում, ինչպես նաև անլուրջ է համարում այն, որ հանձնաժողովի անդամներն իրենք, չլինելով դահլիճում, որոշել են չեղյալ հայտարարել 72 պատգամավորի քվեարկություն:



 



Շատ հետաքրքիր մարդ է այս Ստեփան Սաֆարյանը: Մի հարցնող լինի՝ Ստյոպիկ, դու որտեղի՞ց իմացար, որ 72 մարդ կողմ է քվեարկել: Այդ թիվը պետք է հայտարարեր հաշվիչ հանձնաժողովը, իսկ հանձնաժողովն այդպիսի թիվ չի ֆիքսել: Եթե դու հենվում ես Հովիկ Աբրահամյանի չոբանահաշվի վրա, այլ հարց: Ուրեմն այդպես էլ ասա, էլ ի՞նչ ես սուտ ձեռ առնում ՀՀԿ-ին, թե քվեարկել են ձեռիկներով և ոտիկներով:



 



Վստահաբար կարելի է ասել, որ Երևանի ավագանու «Բարև Երևանը» խմբակցությունը լուրջ խնդիրներ ունի ոչ միայն ԱԺ «Ժռանգություն» խմբակցության հետ, այլև ոչ իշխանական ուժերի միասնական գործողությունների հետ: Իսկ թե իչով կարող են պայմանավորված լինել այդ խնդիրները, կարծում ենք դժվար չէ հասկանալ:



 



Էդիկ Անդրեասյան