Եթե մարդը մտքին դնի փախնել՝ պատերազմի դաշտից էլ կփախնի

Եթե մարդը մտքին դնի փախնել՝ պատերազմի դաշտից էլ կփախնի

Հարցազրույց գրականագետ, Արցախյան ազատամարտի մասնակից Վարդան Դեւրիկյանի հետ



 



-Պարոն Դեւրիկյան, այսօր Հայոց բանակի կազմավորման 22-ամյակն է, որի ձեւավորման գործում Ձեր ավանդը նույնպես մեծ է։ Ինչպիսի՞ն է մեր բանակն արդեն այսօր՝ 22 տարի անց։






- Բանակը մեր պետական համակարգի մասն է կազմում, եւ շատերը կարոտով ասում են՝ էն ժամանակ ուրիշ էր, ոգին ուրիշ էր, այդ բոլորն իրապես այդպես է, որովհետեւ այն ժամանակ մեր ժողովրդի սերուցքը գնաց պատերազմ, եւ դա անհամեմատելի էր։ Բայց այսօր, բարեբախտաբար, բանակը պետական կառույցի մաս է դարձել, այսինքն՝ նաեւ ամենօրյա աշխատանքի մաս է դարձել՝ անկախ ոգուց, անկախ ամեն ինչից, այն մեր սահմանները հսկող կառույց է դարձել։ Օրինակ, ինձ համար մեծ ուրախություն եւ հպարտություն է, որ 6 ամիս «ուչեբկա» գնացած զինվորը շատ ավելի բան գիտի՝ իր զինվորական, տեխնիկական պատրաստվածությամբ, քան թե ես, իսկ դա ցույց է տալիս հսկայական առաջընթաց։ Ամեն դեպքում, այսօրվա մեր բանակն իսկապես համազգային բանակ է, ժողովրդական բանակ՝ ունակ բոլոր խնդիրները կատարելու։ Երբեմն մամուլում ինքնակոչները տարբեր մազոխիստական բաներ են ասում՝ եթե կռիվ լինի, ո՞վ զենք կվերցնի. ասեմ, որ բոլորն էլ կվերցնեն, բայց ամենակարեւորը՝ այսօր բանակը կա, եւ նույնիսկ դրա կարիքը չի լինի, որովհետեւ պետությունն ինքն է պատասխանատվություն կրում։ Բոլոր հաստատությունները, հեռուստատեսությունը, անգամ մամուլը խոսում են անհատի անունից, բայց բանակը միակ կառույցն է, որ համազգային հաստատություն է եւ խոսում է ընդհանուր մեր ազգային շահից, պետությունից, ինչը զինվորների համար դաստիարակիչ գործոն է։ Կարելի է ասել, որ այսօր մեր բանակը մեր միակ բարոյական կառույցն է, մնացած բոլոր բաները մարդկայնորեն հասկանալի են։



 



- Այսօր կարո՞ղ ենք մեր բանակը համարել իսկապես տարածաշրջանի ամենամարտունակ, հզոր բանակը։ 






- Գիտեք, ես ռազմական փորձագետ չեմ եւ այդ հարցին պատասխանելու համար պիտի իմանամ ադրբեջանական բանակի մասին, բայց թող ներեն ինձ ընթերցողները, պետք է ասեմ, որ վրացական բանակն ընդհանրապես մարդահաշիվ չի, ու ամեն դեպքում վստահ եմ, որ մեր բանակն ադրբեջանական բանակից ուժեղ է։ Հետեւաբար, եթե տարածաշրջան ասելով նկատի ունենք Հայաստան, Վարստան, Ադրբեջան, անվերապահորեն մեր բանակն ավելի ուժեղ է, քան ադրբեջանական բանակը, եւ վերջին դեպքն էլ հենց դա ցույց տվեց։



 



- Վերջին տարիներին բանակի բարոյահոգեբանական վիճակի եւ այնտեղ տիրող իրավիճակի մասին տարբեր վիդեոներ հայտնվեցին, եթե այդ կտրվածքով նայեք, ինչպիսի՞ն է այսօրվա բանակի բարոյահոգեբանական վիճակը։






- Բացարձակ իմաստով՝ գոհացուցիչ չէ, բայց եթե համեմատում ենք մեր իրականության հետ, ամեն դեպքում, մեր բանակի վիճակը մեր իրականությունից մի գլուխ բարձր է, հետո՝ զինվորական հրամանատարությունը ձգտում է ոչինչ անպատիժ չթողնել, չկոծկել, բացի այդ, տեխնիկական հարց էլ կա, բջջային հեռախոսները հեղաշրջում մտցրին մեր կյանքում,  եւ այսօր հնարավոր չէ դիրքում որեւէ բան թաքուն պահելը։ Պետք է հաշվի առնենք նաեւ այն, որ զինվորները բանակ գնում են մեր հասարակության, առօրյա կյանքի բեռը, որոշակի կոմպլեքսներ շալակած, եւ դա ամենաարտառոց արտահայտություններն է գտնում բանակային կյանքում, որովհետեւ էքստրեմալ  իրավիճակներում թաքնված մարդկային շատ հատկանիշներ ի հայտ են գալիս։ Հետո, վտանգավոր հոգեբանական միտում կա. բանակն այսօր ընկալվում է անօգնականների, ով չի կարողացել փող տալ, իր տղուն փախցնել դիտանկյունից։ Այդ քարոզչությունը որ կա, դա էլ է որոշակիորեն ընկճում զինվորներին, եթե այն ժամանակ հպարտությամբ ասում էին՝ մենք կամավոր ենք, հիմա որեւէ մեկը, դժբախտաբար, հպարտությամբ չի ասում՝ ես ծառայում եմ, որովհետեւ իրեն չեն կարողացել ազատել բանակից, բայց մենք պետք է միշտ  ներշնչենք, որ բանակում ծառայելը պատվաբեր է։ Նաեւ ասեմ, որ մարդուց է կախված, եթե մարդը մտքին դնի փախնել՝ կփախնի, ամենահեշտ բանը դա է, պատերազմի ժամանակ էլ ինչպիսի շրջափակման մեջ էլ որ ընկնեիր, եթե մտքիդ դնեիր փախնել, զենքը ձեռքիցդ կգցեիր ու կփախնեիր-կփրկվեիր։ Այնուամենայնիվ, ինչքան էլ որ զինվորն օրենքի պարտադրանքով է գնում բանակ, բայց ներքին ինքնամղումի բան կա, որ ինքը չի խուսափել, չի փախել, ինքն իրեն հաշմանդամ չի դարձրել եւ գնացել է հայրենիքին ծառայելու, այսինքն՝ կամավորականության ինքնագիտակցության տարր կա, անկախ ամեն ինչից։



 



- Պատերազմի վերսկսման հավանականության մասին վերջերս շատ է խոսվում, անցնելով այդ ճանապարհը՝ ինչքանո՞վ եք գնահատում պատերազմի վերսկսման հավանականությունը։






- Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ասում էին՝ այդ ինֆորմացիային 7 հոգի է տիրապետում, իսկ եթե ինֆորմացիայի չես տիրապետում, սուրճի բաժակ նայելու պես բան է, դրա համար չեմ կարող ասել, թե ինչքանով է հավանական պատերազմի վերսկսվելը։ Պարզապես մենք պետք է մտածենք այնքան ուժեղ լինենք, որ պատերազմը չվերսկսվի, ես Գարեգին Նժդեհին հաճախ չեմ ուզում մեջբերել, որ իշխանամետության ընկալում չլինի, բայց, ամեն դեպքում, ուզում եմ նրա մտքերից մեկը նշել. խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի։ Այդ պատրաստվածությունը միշտ պետք է լինի, եւ եթե մեր ՊՆ-ն վկայակոչենք, ապա իսկապես այն գիտակցությամբ պիտի հերթապահես եւ նիստերը վարես, որ մի քանի րոպե հետո մարտական գործողությունները պետք է սկսվեն։ Ինչքան այդ գիտակցությունը բարձր լինի, այնքան պատերազմի հավանականությունը քիչ կլինի ռազմատեխնիկական առումով։ Մնացած արտաքին քաղաքական գործոններին չեմ տիրապետում։ Առիթից օգտվելով, ուզում եմ ասել, որ զարմանքով նայում եմ, թե մեզ մոտ ինչ հորթային, թող ներվի ասել, հրճվանքով հետեւում ու ասում են՝ Ուկրաինայում, Մայդանում այսպես եղավ, այնպես եղավ, մնում եմ ապշած, դրանք բոլորը մեր ազգային շահերին հակասող բաներ են, ասենք՝ Ուկրաինայի նախկին իշխանությունները միշտ հակահայկական քաղաքականություն են վարել, այս իշխանությունները գոնե լոյալ են, չեզոք, հետո՝ մենք մեր դարդերը թողած, ընկել ենք Մայդանի հետեւից։ Այս ընթացքը վտանգավոր է նրանով, որ Ադրբեջանը միշտ հարվածների է սպասում, ընդհանրապես, երբ նայում ենք մեր պատմությունը, տեսնում ենք, որ երիտթուրքերն օգտվեցին Առաջին համաշխարհային պատերազմից, այսինքն՝ քանի Ռուսաստանի գլուխը խառն է լինում ուրիշ արտաքին գործոններով, մարտական գործողությունների վերսկսման հավանականությունն Ադրբեջանը մեծացնում է, հետեւաբար, մենք ավելի զգոն պետք է լինենք մեր երկրի համար։ Կամ այդ իդիոտային հարցադրումները, թե ինչո՞ւ մենք Մայդան չունեցանք, վերջիվերջո պետք է հասկանանք, որ Ուկրաինայի թիկունքում եվրոպական երկրներն են, ո՞վ է մեր թիկունքում՝ Ադրբեջանը, Թուրքիան. գլխավոր պատասխանը դա է, ոչ թե՝ մեր ժողովուրդն այսպես է կամ այնպես։ 



 



Սոնա ԱԴԱՄՅԱՆ



[email protected]