Ապրելու, կռվելու, մեռնելու երջանկությունը

Ապրելու, կռվելու, մեռնելու երջանկությունը

Երկնքից ծորող մազութը քաղաքի փողոցների վրա, որոնք եղանակի պատճառով Հայոց բանակի կազմավորման համար չեն կարողանում ժպտալ, բայց երեւի ուրախ են:



 



Հոգու խորքում երեւի ուրախ են նաեւ անտուններն ու թափառականները: Նրանք անակնկալ տեղերից հանկարծ դուրս են թռչում հարազատ ուրվականների պես՝ քթների տակ հայհոյելով կամ մուրելու ձեռքն առաջ պարզած՝ առանց ավելորդ հույսերի: Գուցե գիտեն կամ չգիտեն, որ բանակը վաղուց կազմավորվել է, դեռ կա: Իրենց անվտանգությունը պահպանելու մեծ երաշխիքի բարօրության համար սոված մարդիկ դժվար թե եկեղեցիներում աղոթք անեն, բայց ո՞վ իմանա, գուցե մոլագարի պես աղոթում են:



 



Երկնքից ծորող մազութը քաղաքի փողոցների վրա: Սեւ մազութի մեջ մի սրճարանի ցուցափեղկին կանաչ տանկ է նկարված՝ տանկի գլխին փողփողում է եռագույնը: Փոքրիկ, բարի տանկ է, ավելի շատ պաշտպանվում է, քան հարձակվում՝ մեր բանակի նման, որից մենակ ադրբեջանցիներն են վախենում, դրա համար էլ գրոհում են հերոսական բացականչություններով, փորձում կանխել միտքը:



 



Բանակը փողոցում եմ փնտրում: Բայց գրելու բան չկա՝ արդեն գրել եմ: Աղոթելու համար ես անհավատ եմ, մեր բանակի համար աղոթողներ շատ կան: Մաղթանքներս հին կլինեն, ցանկություններս՝ անհավասար: Ես ատում եմ մեր բանակը ու սիրում: Ուզում եմ, որ նա չլինի, եւ ուզում եմ, որ հարատեւի: Ես չգիտեմ, թե որն եմ ավելի շատ ուզում, եւ անգիտությունից ծնված մեղքի զգացողության հետ չգիտեմ ինչ անել: Հայ «մեծն» ազգայնականները հոխորտում են տեղում դոփող կաթվածահար ձիերի տկարությամբ, հարձակվում են բանակը քննադատողների վրա, հայհոյում են, միս են պոկում, արյուն են ուզում, ապազգային են հռչակում մարդկանց, ովքեր օրինավոր ու կարգապահ բանակ են տենչում՝ առանց անիմաստ զոհերի, առանց բռնության ու դաժանության: Մի քանի օր առաջ սահմանին հայրենիքի համար կյանքը զոհած Արմեն Հովհաննիսյանը կուզեի ապրեր եւ չլիներ հերոս:



 



Որովհետեւ արդեն հերոս էր: Դիտախորշում հերթապահություն տանող տղերքը հերոսներ են: Սոցիալական ծանր պայմաններում ապրող ծնողների երեխաների ուսին նստած «ողջերս», գուցե գործել է պետք, գուցե այնքան էլ լավ չէ երազանքի բանակն ապականության մեջ տեսնել. տեսնել մտահոգ դեմքերով ղեկավարներին, որոնց զավակները կիլոմետրերով հեռու են  մարտական դիրքերից:



Քաղաքի վրա երկնքից ծորող մազութը մարտական հենակետի վրա իջած մառախուղ է հիշեցնում: Երկարատեւ խաղաղության երանություն մեր հողը չի տեսել: Զանգերը ղողանջել են այն ժամանակ, երբ թվացել է, թե չկա վտանգի որեւէ առիթ: Մենք չգիտեք, թե ինչքան կտեւի «խաղաղությունը», մենք պարզապես ուզում ենք, որ այն տեւի: Դրանք շատ տարբեր բաներ են: Կցրվի մառախուղը, եւ գուցե հայոց բանակը տեսնի իր վրա ընթացող թշնամու ահռելի զանգվածը: Կցրվի մառախուղը, եւ գուցե հայոց բանակը թշնամու հեռացող զորքերի մեղանչող շառաչը լսի: Չգիտենք՝ անթափանց մառախուղ է: Մենք ապրում ենք հուսալով, որ չի լինի աղետը, որ մեր զինվորները տուն կվերադառնան: Տղերքը, որ գիտեն ապրելու, կռվելու, մեռնելու երջանկությունը:



 



Արամ ՊԱՉՅԱՆ