ՕԵԿ-ն ինչ-որ շատ է շարժվում

ՕԵԿ-ն ինչ-որ շատ է շարժվում

ՕԵԿ-ն իր փոխնախագահի, իսկ այսօր արդեն նախագահի բերանով հայտարարել է, որ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն չի բացառում: ՕԵԿ-ը, սակայն, չի մանրամասնում, թե հատկապես ի՞նչ կարգավիճակում է պատկերացնում Քոչարյանին՝ քաղաքականություն վերադառնալուց հետո:



 



Մինչև ՕԵԿ-ը, Քոչարյանի վերադարձի հնարավորության մասին շատերն են բարձրաձայնել: Այնպես որ այս կարծիքը ՕԵԿ-ի սեփականությունը չէ: Բայց եկեք ընդունենք, որ այդ մասին ՕԵԿ-ը մի քիչ խորհրդավոր ու մի քիչ էլ վատ թաքնված հուզմունքով է բարձրաձայնում: Ստիպված ենք նաև արձանագրել փաստը՝ ՀՀԿ-ի թևի տակ արջի քուն մտած այդ կուսակցությունը ընդհանրապես շարժվել է սկսել:



 



Դեռ մեծ հարց է՝ ՕԵՆ է շարժվո՞ւմ, թե՞ ՕԵԿ-ին են շարժում: Այսինքն ՕԵԿ-ը դեռ չի՞ կորցրել արտաքին իմպուլսների հանդեպ ընկալունակությունը, թե՞ ՀՀԿ-ի հակաքոչարյանական թևի բզոցից են զարթնել: Ինչ որ է, ՕԵԿ-ը շարժվում է:



 



Մհեր Շահգելդյանը Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին իր «կասկածների» մասին հայտարարելիս շատ հեռուն չէր գնացել: Ուղղակի ասել էր՝ չի բացառվում, որ վերադառնալու նպատակով էր կռիվ գցել Տիգրան Սարգսյանի հետ: Արթուր Բաղդասարյանը, սակայն, ոչ միայն Մհեր Շահգելդյանից է առաջ անցել, այլև ողջ քաղաքական դաշտից: Նա նկատել է, հանկարծ, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն, հնարավոր է, վերադառնա, այլև քաղաքական հենարան ունի՝ ի դեմս ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի: Այ սա արդեն նորույթ է, իշխանության ներկայացուցչի կողմից ասված թերի, բայց ամեն պարագայում՝ նորույթ: Բաղդասարյանը մոռացել է հենարանների շարքում նշել նաև ՀՀԿ-ի այն ստվար խավը, որի մասին Ռոբերտ Քոչարյանը դեռ 2007-ին արտահայտվեց որպես իր քաղաքական հենարանի:



 



Այն պահից սկսած, ինչ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր Քոչարյանի՝ քաղաքական հենարան չունենալու մասին, դեռ ոչ ոք հակառակը չէր պնդել, ոչ ոք մի կողմից այս աստիճան չէր հիասթափեցրել առաջին նախագահին, իսկ մյուս կողմից էլ՝ այս աստիճան չէր քծնել երկրորդ նախագահին: Բաղդասարյանն այս տեսանկյունից առաջինն է:



 



Չսարքենք «Կիկոսի մահը», բայց, այնուամենայնիվ հետաքրքիր է իմանալ՝ որտե՞ղ կհայտնվի բարոյական ՕԵԿ-ը Քոչարյանի վերադարձից հետո, եթե, իհարկե, Քոչարյանը չվերադառնա որպես համայնքապետ: Սերժ Սարգսյանը կկարողանա՞, արդյոք, ՕԵԿ-ին ու Արթուր Բաղդասարյանին քաշել ղարաբաղյան հովանու տակ, որ մյուս ղարաբաղցին նրան բան չասի: Իսկ եթե հանկարծ այնպես պատահի, որ ՕԵԿ-ը հայտնվի ընդդիմադիր դաշտում, որևէ մեկը կմիջնորդի՞, որ Առաջին նախագահի ճամբարից նրան ծվեն-ծվեն չանեն: Այս ամենը, սակայն, միամիտ մտահոգություններ են թվում, երբ  հիշում ես ՕԵԿ-ի անսովոր կենսասիրությունն ու հարմարվողականության ունակությունը: Հայաստանում ով գալիս է իշխանության, ՕԵԿ-ը նրա հետ է լինում:



 



Իսկ այն պատմություները, որ Քոչարյանն այսպես ու այնպես ՕԵԿ-ին վռնդեց իշխանությունից, բոլորովին այլ խոսակցություններ են ու կապ չունեն մեր այսօրվա թեմայի հետ:



 



Մենք, կարծես, չպատասխանեցինք ամենակարևոր հարցին՝ ՕԵԿ-ն է շարժվո՞ւմ, թե՞ ՕԵԿ-ին են շարժում: Առայժմ այսպես կասեինք՝ Արթուր Բաղդասարյանը, լինելով «պեռվի կռուգի» ինֆորմացված  անձնավորություն, իրար է անցել: Մնացածը հետո կերևա:



 



Էդիկ Անդրեասյան