Քաղաքականացված տղայական կռիվ է եղել

Քաղաքականացված տղայական կռիվ է եղել

Հունվարի 12-ին «Զորակն» հիմնադրամի եւ «Հայազն» կուսակցության ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցած միջադեպը հայտնվեց մամուլի ուշադրության կենտրոնում: Իսկ դեպքը եղել է այսպես. նախապես ժամադրվում ու հունվարի 12-ին հանդիպում են «Զորակն» հիմնադրամի եւ «Հայազն» կուսակցության տղաները, իսկ հանդիպման առիթ էր հանդիսացել «Հայազնի» տղաներից Դավիթի էլեկտրոնային նամակն Անդրանիկ Վարդանյանին։ «Շատ սիրուն ու խաղաղ օր էր, ընկերներիցս մեկը՝ Զաքար Խոջաբաղյանը, մի գրառում էր գրել «Հայազնի» մասին, ես էլ ներքեւը մեկնաբանել էի. «Իրականում իրանց բանի տեղ դնող մեկը չկայ բացի իրանցից»։



 



Մեկ էլ գիշերը հայազնականներից մեկն ինձ նամակ է գրում մի այլ տիպի լի՜քը հայհոյանքներով, որի կեսից շատը չհասկացա, ինձ ասում է՝ իշխանության եսիմինչ, ու հանդիպում է պահանջում։ Զբաղված էի, ցրեցի, ու մի քանի օր հետո զանգվեցինք ու պայմանավորվեցինք»,- պատմում է Անդրանիկ Վարդանյանը եւ շարունակում որոշ մանրամասներ ներկայացնել հանդիպումից. «Քանի որ իմ մոտիկ ընկերը, որը հիմա բանակում է, ժամանակին «Զորակն» հիմնադրամի դպրոցն էր այցելել, «Հայազնի» հետ նախորդ կոնֆլիկտի ժամանակ էլ հենց իրենք էին հարթել միջադեպը, իրենց պատմեցի նոր միջադեպի մասին: Մենք հանդիպեցինք հիմնադրամի գրասենյակից ոչ հեռու: Դավիթը մոտեցավ, հայհոյանք տվեց, ագրեսիվ իրավիճակ ստեղծեց,  եւ հետո կռիվը սկսվեց, իրենք հարվածեցին, իհարկե, մենք էլ հակահարվածեցինք, տեսնելով, որ չենք խեղճանում, դեռ մի բան էլ պատասխան են ստանում, արդեն հետ քաշվեցին: Կռվից հետո նոր իմացա, որ դանակահարություն է եղել: Մեր կողմից մեկը դանակահարել է իրենց կողմից մեկին, մեր կողմից Հովոն է եղել՝ իմ ընկերը, իսկ իրենց կողմից անունը չգիտեմ, թե ով է եղել»։ 



 



 



Անդրանիկը պատմում է, որ սիրիահայ է, 2 տարի առաջ է տեղափոխվել Հալեպից Հայաստան, 18 տարեկան է, սովորում ու աշխատում է՝ փորձաշրջան է անցնում ծրագրավորման մի ընկերությունում ու միտք չունի լքել Հայաստանը. «Ժամանակին կապ ունեի «Հայազնի» հետ, իրենց հետ գնացել եմ արշավների ու սիրիահայերի հետ կապված ցույցերի ու դրամահավաքների ժամանակ իրենց հետ եմ եղել։ Հետո, երբ դարձան կուսակցություն, զգացի, որ հարցը խիստ քաղաքականացված է, եւ փորձեցի հեռանալ, ու մի քիչ լարված դարձան մեր հարաբերությունները, նույնիսկ մի անգամ ինձ գրեցին, թե դեփորթ կանեն Հայաստանից»։



 



Կռվից ու դանակահարության դեպքից հետո «Հայազնի» տղաները բողոքում են ոստիկանություն։ «Մենք գնացինք ոստիկանություն, ու հարցը փակվեց, ոչ մի քրեական գործ, ոչ մի բան տեղի չի ունեցել։ Մեր կողմից դանակահարողը այցելել  է դանակահարվողին, ու էդպես հարցը փակվել է։ Տեղյակ եմ, որ բողոքից հետո քննիչը գնացել էր հիվանդանոց, արդեն դուրս էին գրել, լուրջ իրավիճակ չկար, քաղաքականացված տղայական կռիվ է եղել»,- ասում է Անդրանիկ Վարդանյանը։



 



 



Փորձեցինք «Հայազնից»՝ Արմեն Աղայանից տեղեկություններ ստանալ, թե իրենք ինչպես են մեկնաբանում կատարվածը՝ դեպքը միակողմանի ներկայացնելուց խուսափելու համար։



«Ես այդ մասին արդեն ամեն ինչ ասել եմ, ու շատ բան տարբեր տեղերում գրվել է: Կներեք, էլ ոչ մի ցանկություն չունեմ այս թեմայով խոսել: Թող իրենք խոսեն: Դուք արդեն ակամա միակողմանի եք ներկայացնում, երբ ասում եք, թե «Զորակնի» հետ ինչ-որ մեկն ինչ-որ կոնֆլիկտ է ունեցել: Եթե եղել է դանակահարություն, ապա տեղեկության աղբյուրը ոստիկանությունն է: Խոսեցրեք տուժողին, դանակահարողին, քննիչին: Իսկ ինձ, խնդրում եմ, դիմեք բացառապես քաղաքական հարցերով»,- պատասխանեց Արմեն Աղայանը:



 



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ