Գալիս են հայոց լեռներեն, ինչո՞ւ չեն խոսում հայերեն...

Գալիս են հայոց լեռներեն, ինչո՞ւ չեն խոսում հայերեն...

Հայաստանյան քաղաքական դաշտում հայաստանաբնակ քաղաքագետները (գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանին նկատի չունենք) հավուր պատշաճի տիրապետում են հայերենին: Սակայն նրանցից մի քանիսը Հայաստանում մշտապես ռուսերենով են հաղորդակցվում` հարցազրույցներ տալիս, մեկնաբանություններ անում ռուսերենի ղարաբաղյան կամ Բաքվի ընդգծված առոգանությամբ: Զարմանում ես, ապշում, թե ինչու այդ մարդիկ, երկար տարիներ Հայաստանում ապրելով, իրենց մի փոքր նեղություն չեն տալիս, ասելիքը հայերեն չեն շարադրում, Հռոմի պապից ավելի կաթոլիկ են ձեւանում ռուսերենին իրենց նվիրվածության մեջ` Բաքվի առոգանությամբ:



 



Երեւի հասկացաք, որ խոսքն Իգոր Մուրադյանի, Ալեքսանդր Իսկանդարյանի եւ էլի մի քանիսի մասին է: Բազում առիթներով համոզվել ենք, որ այս մարդիկ հայերենին լավ էլ տիրապետում են, լեզվի իմացության խնդիր չունեն: Պարզապես հաստակող են, «տանիքի» նման բան ունեն գլխավերեւում ու թքել են «մանր-մունր» օրենքների վրա, առավել եւս` «Լեզվի մասին» օրենքի: Այս դասի մարդիկ սիրում են, որ իրենց նկատմամբ դրսեւորվի բացառիկ հանդուրժողականություն, ինչը բնորոշ է սնոբիզմով տոգորված խավին: Չզարմանանք, թե ինչու չի հայտնվում գեթ մեկը, որ նրանց գոնե հիշեցնի, որ իրենք նույնպես ՀՀ քաղաքացիներ են եւ բացի իրավունքներից ունեն նաեւ պարտականություններ: Լեզվի հարցում այդ հիշեցումն առաջնահերթորեն պարտավոր է իրականացնել Լեզվի պետական տեսչությունը, որի գոյության մասին քչերն են այսօր հիշում: Գոնե տեսչության պետ Սերգո Երիցյանը պե՞տք է նրանց զգուշացներ, որ թոթափեն իրենց հաստակողությունը` հարգեն երկրի Սահմանադրությունը: Չէ՞ որ նրանց անհարգի համառությունը գցում է նաեւ Լեզվի տեսչության հարգը եւ դարձնում ավելորդ պետական կառույց:



 



Հաճելի անակնկալ էին Բաքվում, հունիսի 17-19-ը ՆԱՏՕ-ի կազմակերպած «Ռոզ-Ռոութ» սեմինարին մասնակցած հայաստանյան պատվիրակ, քաղաքական վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանի երեւանյան մեկնաբանությունները հայերեն: Ամենակարեւորն այն է, որ ազգությամբ հայ, ծնունդով օտարերկրացի վերլուծաբանը գիտակցում է ՀՀ քաղաքացու իր կարգավիճակը, որ պարտավորված է հարգել ՀՀ Սահմանադրությունը, «Լեզվի մասին» ՀՀ օրենքը, ասել է թե` ՀՀ պետական լեզուն հայերենն է: Հաճելի է, որ նա կարճ ժամանակամիջոցում հաղթահարել է հայերենին տիրապետելու իր համար բարդ ուղին եւ հանրությանն է ներկայանում բաց ճակատով: Ի դեպ, այդ ճանապարհը ժամանակին անցել են ռուսախոս Հովհաննես Իգիթյանը, Լարիսա Ալավերդյանը, ինչ-որ անհաջող փորձեր է արել անգամ Զորի Բալայանը:



Վստահ լինենք, որ հեռուստատեսային էկրաններին հաճախ հայտնվող Ալեքսանդր Իսկանդարյանը եթե հայերենով ներկայացնի իր ասելիքը, ապա նրա ղարաբաղյան առոգանությամբ հայերենը նույնքան «բարեհունչ» կհնչի, որքան Ռիչարդ Կիրակոսյանի անգլերեն խոսքի ամերիկյան շեշտադրությամբ հայերենը:



Թեեւ կասկած կա՝ Ալեքսանդր Իսկանդարյանը քաղաքացիական կամք դրսեւորելու ցանկություն ունի՞…



 



Մարտին եւ Արամայիս



ԱՍԼԱՆՅԱՆՆԵՐ 



Ճարտարագետ-նախագծողներ