Ինչո՞ւ ընդդիմությունն էլի չմասնակցեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ասուլիսին

Ինչո՞ւ ընդդիմությունն էլի չմասնակցեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ասուլիսին

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունն այսօր Ազգային ժողովում ասուլիս տվեց ու կրկին միայն Հանրապետականներով․ պատվիրակության ընդդիմադիր անդամները կրկին չէին մասնակցում ասուլիսին։ Եվ սա այն դեպքում, երբ նույն ընդդիմությւոնից ՀՅԴ խմբակցության ղելավար Արմեն Ռուստամյանն այս ամբողջ ընթացքում, ինչ վերադարձել են Ստարսբուրգից, մեր ոչ մի հարցին չէր պատասխանում՝ նշելով, որ բոլոր հարցերի պատասխանը կլինի ասուլիսի ընթացքում։ Այդ դեպքում ո՞ւր է Արմեն Ռուստամյանը։



 



Այս կապակցությամբ Hraparak.am-ը հետաքրքրվեց պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանից, թե ինչու պատվիրակության ոչ իշխանական անդամներ չեն մասնակցում ասուլիսին, և ինչու են ասուլիսներն անցնում հիմնականում ՀՀԿ-ականների մասնակցությամբ։



 



Նշենք, որ ասուլիսին ներկա էին միայն ՀՀԿ-ականներ Հերմինե Նաղդալյանը, Արփինե Հովհաննիսյանն ու Նաիրա Կարապետյանը։ Հերմինե Նաղդալյանն ասաց, որ ինքը ևս ճիշտ չի համարում իր գործընկերների պահվածքը, որ ասուլսիներին չեն ներկայանում, և նշեց, որ հիմնականում այս տակտիկան ավանդույթ են դարձրել հատկապես ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանն ու ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը։



 



«Չեմ համարում, որ դա ճիշտ է: Մեծ հարգանք ունենալով յուրաքանչյուրի քաղաքական գծի ու մոտեցումների, սկզբունքների հանդեպ՝ կարծում եմ, որ որևէ բան չի խանգարում այստեղ ներկա գտնվել ու պատասխանել ձեր հարցերին, նույնիսկ եթե ներկայացնեն իրենց հակասությունները»,-ասաց նա՝ նկատելով, որ արդեն ավանդույթ է դարձել, որ այս ասուլիսին ընդդիմադիրները չեն մասնակցում․ «Լևոն Զուրաբյանն ու Արմեն Ռուստամյանը հետևում են ավանդույթին և չեն մասնակցում ասուլիսին, ԲՀԿ-ի ներկայացուցիչները Հայաստանում չեն, Մհեր Շահգելդյանն էլ ասաց, որ մարզային հանդիպում ունի, ու եթե հնարավոր լիներ ասուլիսի ժամը փոխել, միգուցե նա հասցներ մասնակցել»։



 



Հերմինե Նաղդալյանը  հայտնեց, որ ինքը կձգտի այսուհետ այնպես անել, որ այդ ավանդույթը խախտվի և իրենց ընդդիմադիր գործընկերները նույնպես մասնակցեն պատվիրակության ասուլիսներին։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ