Հավատում էինք, որ մեզ մահ չկա...

Հավատում էինք, որ մեզ մահ չկա...

Նախապատերազմական այս իրավիճակում բոլոր ծնողների աչքերը սևեռված են ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, իսկ բանակի հրամանատարի աչքերն ուղղված են Հիսուսին՝ Տեր, պահապան եղիր, հայ զինվորին: Քրիստոնյայի ամենամեծ զենքը:
Նման մի դրվագ եմ հիշում Արցախյան պատերազմից: Կոտայքի կամավորականների ջոկատը՝ Կիմ Գիլոյանի հրամանատարությամբ, Գորիսի Կատարի բարձունքում գորիսեցու անդորրն էր պահպանում: Մի անգամ նա ինձ խնդրեց.
-Հաս ջան, որ մեր բաճկոնները տամ, կարո՞ղ եք նրանց վրա խաչ գործել:
- Ինչու՞ չէ, Կիմ ջան, եթե դա ձեր բազուկը կզորացնի, մի գիշերում կգործենք:
Այդպես էլ արի, բաճկոնները հանձնեցի գորիսեցի զինվոր ունեցող մայրերին ու նրանք մի գիշերում արվեստի գործեր ստեղծեցին: Այնքա՜ն գեղեցիկ էին, որ Կիմը հմայվել էր.
-Մեզ էլ մա՛հ չկա:
Հիմա և՛ Կիմը կա, և՛ նրա արծիվները: Պատերազմից 15 տարի հետո հանդիպեցի նրան «Ազատագրում» գրքի շնորհանդեսի ժամանակ: Ես ամբիոնում խոսում էի. նա մոռացավ, որ գրքի շնորհանդես է ու վազելով, շքանշանների տակ կքված, հասավ ամբիոնին.
-Հասմո… ,- այդպես էր ինձ անվանում:
Տղաները նույնպես եկան ու բոլորս միմյանց գրկած լաց էինք լինում ու խաչը հիշում: Դրանից ավելի պատկերավոր գրքի շնորհանդես չէր լինի: Նշեմ, որ շնորհանդեսին ներկա էին մարտական փառապանծ ուղի անցած մարտիկներ, ովքեր բարձր կոչումներ ունեին և իրական կռվողներն էին…
Սեյրան Օհանյանին տեսնելով խաչի առաջ, զինվորի խտացած միասնության ազդակ տեսա: Ի՜նչ լավ կլիներ, եթե զինվորներին տրվող հագուստի թևի վրա հայ մայրերի ձեռքով ասեղնագործվեր զորության խաչը: Սա գուցե ռոմանտիկ բան թվա, բայց հավատացնում եմ, այն ժամանակ կռվող տղաներն ասում էին.
-Խաչը մեզ տասնապատիկ ուժ տվեց ու հավատում էինք, որ մեզ մահ չկա: - Այդ ի՜նչ հավատ էր…



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ