Բնապահպանության նախարարն ամփոփել է գործունեության 100 օրը

Բնապահպանության նախարարն ամփոփել է գործունեության 100 օրը

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ամփոփել է իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում իրականացրած աշխատանքների արդյունքները: Նախարարն ընդգծել է, որ առաջնորդվելով ՀՀ կառավարության նոր ծրագրով և ՀՀ Նախագահի հանձնարարականներով` վերջին երեք ամիսների ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարությունը փորձել է վերհանել բոլոր հրատապ և առաջնահերթ խնդիրները, մշակել լուծման արդյունավետ եղանակները և հետևողական քայլեր անել դրանց կարգավորման ուղղությամբ:



Կարևորելով հասարակական կազմակերպությունների դերը բնապահպանական խնդիրների լուծման գործում՝ Արամայիս Գրիգորյանը տեղեկացրել է, որ իր պաշտոնավարման առաջին օրերին հանդիպել է ՀԿ ներկայացուցիչների հետ և հանդիպումը համարում է արդյունավետ: Հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու նպատակով հանդիպման կողմերը որոշել էին ձևավորել նախարարին կից հասարակական խորհուրդ, որի ուղղությամբ տարվող աշխատանքներն արդեն ավարտական փուլում են: Նախարարը բարձր է գնահատել նաև ոլորտում գիտական գործունեություն ծավալող գիտնականների հետ հանդիպումը, որի ընթացքում հնչած առաջարկի հիման վրա ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ձևավորվել է նախարարին կից գիտատեխնիկական խորհուրդ: Արամայիս Գրիգորյանը կարևորել է Հայաստանում գործող 15 օրհուս տեղեկատվական կենտրոնների դերը, որոնց ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել հասարակությանը բնապահպանական մատչելի տեղեկատվություն տրամադրելը և հանրային իրազեկման ուղղությամբ նրանց ծավալած գործունեությունը:



Անդրադառնալով Սևանա լճին՝ նախարարը նկատել է, որ լճի բարձրացման խնդիրները ՀՀ Նախագահը և վարչապետը իրենց հսկողության տակ են պահում և պլանավորված է, որ մինչև 2030թ. նրա մակարդակը պետք է հասնի 1903.5 նիշին: Նախարարն ափսոսանքով է նկատել, որ տարվա սակավաջրությամբ պայմանավորված, ԱԺ ընդունած որոշման համաձայն, այս պահին արդեն լճից բաց է թողնվել 230մլն խ/մ ջուր և նախորդ տարվա համեմատ ունենք 9 սմ-ի բացասական ցուցանիշ: Նախարարը հույս է հայտնել, որ այն արագ կլրացվի ոռոգման շրջանի ավարտից հետո:



Արարատյան հարթավայրի խորքային ջրերի հարցի վերաբերյալ Արամայիս Գրիգորյանը հայտնել է, որ կա խնդիր, և նախարարությունը հետևողականորեն գնում է դրա լուծման ճանապարհով՝ հաշվի չառնելով հայտնաբերվող խախտում կատարած ջրօգտագործողի ով լինելը:



ՀՀ բնապահպանության նախարարը տեղեկացրել է, որ խնդիրներ կան նաև հատուկ պահպանվող տարածքների և հարակից համայնքների սահմանների հարցում, ինչի ուղղությամբ իր կողմից ձևավորված հանձնաժողովն արդեն աշխատանքներ է տանում:



Ըստ նախարարի, առաջիկայում կարևոր նախաձեռնություններից է լինելու GIS Աշխարհագրական տեղեկատվական համակարգի ներդրումը հատուկ պահպանվող տարածքներում, այդ թվում նաև Սևանի ավազանում: Այն իրենից ներկայացնում է տեղեկությունների բազզա տվյալ տարածքում առկա կենսաբազմազանության վերաբերյալ, ինչը թույլ կտա նաև առցանց ռեժիմով հետևել կենսաբազմազանության վիճակին: Նման համակարգեր գործում են միայն զարգացած երկրներում և Բնապահպանության նախարարությունն այս նպատակով արդեն բանակցություններ է վարում դոնոր կազմակերպություների հետ՝ ֆինանսական միջոցներ ներգրավելու համար:



Բնապահպանության նախարարը հայտարարել է, որ հատուկ ուշադրություն է դարձվելու փոքր ՀԷԿ-երի կողմից բնապահպանական պարտավորությունների պահպանմանը: Հետևողական աշխատանքներ են տարվելու նաև հանքարդյունաբերական ընկերությունների կողմից սահմանված բնապահպանական նորմերի կատարման ընթացքի վերահսկողության ուղղությամբ: Մասնավորապես՝ բնապահպանության նախարարը շեշտել է, որ վերոհիշյալ ընկերությունների պոչամբարների տարածքներ կատարած իր աշխատանքային այցերի ժամանակ հայտնաբերվել են խախտումներ, և ընկերություններին հանձնարարվել է սեղմ ժամկետներում շտկել դրանք: Հակառակ դեպքում, ըստ Արամայիս Գրիգորյանի, Բնապահպանության նախարարությունը կձեռնարկի կոնկրետ քայլեր՝ ընդհուպ մինչը տվյալ ընկերությանը լիցենզիայից զրկելու միջնորդության ներկայացումը:



Պատասխանելով լրագրողների հարցերին՝ բնապահպանության նախարարը շեշտել է, որ ցանկացած տնտեսական գործունեություն սկսելու փորձաքննությունն անցկացնելիս առաջնահերթ պետք է հաշվի առնվի հասարակության /ազդակիր համայնքների բնակիչների/ կարծիքը, ինչն ամրագրված է նաև ԱԺ-ի կողմից նոր ընդունված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում:



Վերջում նախարարը նկատել է, որ ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ և դրանք հնարավոր է լուծել հասարակության լայն շերտերի ու ԶԼՄ-ների աջակցությամբ: Հետևաբար՝ Բնապահպանության նախարարությունը լինելու է բաց, ոչ միայն իր գործունեության մեջ, այլև՝ համագործակցության և համատեղ աշխատանքի: