Աֆրիկյանների շենքը քանդեցին ու հեռացան

Աֆրիկյանների շենքը քանդեցին ու հեռացան

Ոչ մի բանի առաջ կանգ չառնելով՝ օր առաջ քանդեցին Աֆրիկյանների տունը, հավանաբար, հուշարձանը տեղում պահպանելու համար պայքարողներին ապացուցելու, որ կարող ենք եւ շենքը հողի երեսից մաքրել, ինչն էլ արեցին համառ կամքի դրսեւորմամբ, որ նշանակում էր, թե մեր որոշումների դեմ խաղ չկա։ Փաստորեն, միակ նպատակը հուշարձանն իր տեղից քերելն էր, քանի որ ոչ որեւէ շինություն են կառուցում տեղում, ոչ էլ ձեռնարկում են ինչ-որ կերպ տարածքը կարգի բերել, որպեսզի հասկանալի լիներ կամ ինչ-որ կերպ արդարացվեր այդչափ հապճեպ գործելու տրամաբանությունը։ Պարզապես նպատակը մեկն է՝ Երեւանի կենտրոնից մաքրել, ոչնչացնել քաղաքի պատմությունն ու կենսագրությունն ամփոփող հուշարձանները, որը մինչ օրս հաջողությամբ ու հետեւողականորեն գլուխ են բերել մեր քաղաքային իշխանություններն ու մշակույթի նախարարությունը։




Ճարտարապետ, Աֆրիկյանների տան համար պայքարի առաջամարտիկ Սարհատ Պետրոսյանը բացատրում է. «Արագ-արագ քանդեցին ինչ-որ հարցեր լուծելու համար, ես ուղղակի չեմ կարող իրենց պես մտածել, ինչ-որ մի բանի համար պետք էր, չեմ կարողանում հասկանալ։ Միակ բանը, որ կարող եմ ենթադրել, այն է՝ շուտափույթ ուզում էին տարածքը հուշարձանից ազատել, թե, իբր, «Հին Երեւան» ծրագիրն արագացնելու համար, թե ինչ անելու, չեմ հասկանում»։ Իսկ ի՞նչ են տեղում կառուցելու, ո՞վ է տարածքի տերը, Պետրոսյանն այդ մասին այնքան էլ իրազեկված չէ, միայն նշեց, որ խոսակցություն կար, թե ինչ-որ հյուրանոց պետք է կառուցեն, ասում էին, որ «Միլենիում քոնսթրաքշըն» ՍՊԸ-ին է պատկանում։




Ճարտարապետը կարծում է, որ հուշարձանը շատ վատ են ապամոնտաժել, շատ վատ պայմաններում են պահում քարերը՝ իրենց ունեցած տվյալներով։ «Ամենացավալին այն է, որ շենքի մի մասն են ապամոնտաժել, մնացած մասը բուլդոզերով քանդել են։ Այդ մարդիկ չգիտեն, թե ինչ է նշանակում ապամոնտաժելը, այդ շենքը չի ապամոնտաժվել, այդ շենքը քանդվել է։ Թող գնան-նայեն, թե դրսում ինչպես են ապամոնտաժում, ապամոնտաժումն ուրիշ բան է, բայց ոչ իրենց արածը»,- ասում է Պետրոսյանը։ Իսկ «Հին Երեւան» ծրագիրը որքանո՞վ է իրատեսական, որ արդեն քանի տարի շեշտում են, հատկապես ծրագրի հեղինակ ճարտարապետ Լեւոն Վարդանյանը, թե քանդված բոլոր հուշարձան-շենքերը հավաքելու են ու վերականգնելով մեկտեղելու Բուզանդի փողոցի տարածքում, բայց այդպես էլ գլուխ չի գալիս։ «Եթե քաղաքի կենտրոնում տալիս են թույլտվություններ 18-20 հարկանի շենքեր կառուցելու, ո՞վ է գալու «Հին Երեւան» ծրագրի վրա փող դնի, տրամաբանությունը ո՞րն է այդտեղ, փոխարենը 20 հարկանի շենք կկառուցի, ինչո՞ւ պետք է գա ու ընդամենը 2-3 հարկանի շենքի համար գումար ծախսի։ Այդ ամբողջը բլեֆ է, բլեֆ է, որ այդպիսի շենքեր կան այդտեղ, բլեֆ է, որ Նարեկ Սարգսյանն իր ազդեցության տակ պահի Լեւոն Վարդանյանին։ Ես չեմ հավատում, կեղծիք եմ տեսնում «Հին Երեւանի» առումով, դա ուղղակի շիրմա է, որ իրենց խնդիրները լուծեն»,- շարունակում է Պետրոսյանը։




Մենք չգիտենք էլ, թե նախկինում քանդված շենքերի քարերը որքանով են պահպանվել եւ ի՞նչ պայմաններում են պահվում, ընդհանրապես գոյություն ունե՞ն, թե՞ ոչ, որպեսզի հասկանանք՝ ինչ են վերականգնելու «Հին Երեւան» ծրագրով։ «Երեք շենքի մասին տեղեկություններ կան, Հայկ Բիանջյանն է գնացել ու լուսանկարել, մնացածը բուլդոզերով են քանդել, քարերը տարել-կորցրել են, դրանց էլ միայն ֆասադի քարերն են պահած, իսկ ներսը քանդել-կորցրել են։ Ո՞վ ասաց, որ շենքը միայն ճակատային պատն է, շենքն իր ամբողջության մեջ է հուշարձան, իր պատշգամբներով, իր փայտային մասով։ Մակերեսային մոտեցում է, որ միշտ է եղել, նույնն էլ այս դեպքում է։ Աֆրիկյանների տան փայտային մասը, պատշգամբները բուլդոզերով են քանդել, իսկ ֆասադի քարերը ոչ բոլորն էին համարակալված, ներքեւի 3-4 շարքերը համարակալված չէին, դրանք էլ են քանդել հենց այդպես՝ առանց համարակալման»,- տեղեկացնում է Սարհատ Պետրոսյանը։




Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ