Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր․ Վիդիադհար Սուրաջպրասադ Նայփոլ

Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր․ Վիդիադհար Սուրաջպրասադ Նայփոլ

2001 թվականին գրականության Նոբելյան մրցանակը, որի դրամական հատուցումը 943 հազար դոլար էր, տրվեց մի խնդրահարույց գրողի` Վիդիադհար Սուրաջպրասադ Նայփոլին, որ ծնվել է 1932 թվականին, Տրինիդադ կղզում: Այդ կղզին Կարիբյան ծովի հարավում՝ Վենեսուելայից 15 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում: Նրա ծնողները հնդիկ էին:



Նայփոլը 1950թ. կրթաթոշակ է ստանում, անցնում է Անգլիա ուսանելու և վերջնականապես այդտեղ էլ հաստատվում: Օքսֆորդի համալսարանը ավարտելուց հետո սկսում է գրել անգլերեն և անգլերենի ամենահայտնի վարպետներից մեկն է դառնում: Նշանավոր են նրա վիճելի մեկնաբանությունները զարգացող աշխարհի մասին:



Նայփոլն այս դարավերջի գրականության առաջին Նոբելյան մրցանակը ստացավ «շնորհիվ այն գործերի, որոնք մեզ պարտադրում են նշմարել և ճանաչել գաղութացման բոլոր այն դեպքերը, որոնք մեզանից թաքուն էին մնացել»,- ասում է Շվեդական ակադեմիայի պետը, ապա ավելացնում «նա գրականության ծովագնաց է, քանի որ տարիների ընթացքում այցելել և ուսումնասիրել է գաղութային երկրները, նրանց պատմությունը և համապատասխան գործեր է հեղինակել»:



Չնայած, որ 1950թ.-ից ի վեր Անգլիայում է հաստատվել և թագուհու կողմից ասպետացել է Sir տիտղոսով և David Cohen-ի և ուրիշ անգլիական գրական մրցանակների է արժանացել, սակայն Նայփոլն իրեն ներկայացրել է «առանց երկիր ունեցող մի դիտող»: Նա ինքն իրեն տեսնում էր «առարկայական, անկողմնակալ ճշմարտությունը որոնող մի անհատ, որ զուրկ է քաղաքական և գաղափարախոսական օրակարգից»: Նա մի հարցազրույցի ժամանակ ասել է. «Բրիտանիան մի ուրիշի բնապատկերն է… ես ինքս իմ գրողն եմ և իմ գործը ցույց է տալիս որ ես ամբողջովին անջատված եմ ուրիշ երկրներից…»: Ծագումով հնդիկ լինելով՝ նա իրեն օտարական է զգում թե´ Տրինիդադում և թե´ Անգլիայում: Այս «օտարական» լինելու փորձառությունը նա օգտագործել է իր որոշ վեպերի մեջ:



Իր սկզբնական գործերի համար Նայփոլն օգտվել է Վեստ Ինդիայի միջավայրից: Շվեդական Ակադեմիան արժևորել է Նայփոլի յուրահատուկ և մշտական ոճը, մասնավորապէս գնահատել է իր ինքնակենսագրական վեպը՝ «Ժամանակի առեղծվածը», ուր հեղինակը նկարագրել է Տրինիդադից Անգլիա եկած մի հնդիկի կյանքը: «Նայփոլն այս գրքում «խուզարկում» է Անգլիայի եղելությունը մի մարդաբանի նման, որ ուսումնասիրում է մինչև հիմա չհետազոտված մացառուտում բնակվող ցեղերը»: «Այս գործի հեղինակը ցույց է տալիս հին գաղութների դանդաղ փլուզումը», - ասում է Ակադեմիան:



Շվեդական ակադեմիան խույս է տալիս անդրադառնալ Նայփոլի ավելի վիճելի գործերին, ինչպես իսլամական արմատականների իր քննադատությունը, որ մէջբերված է «Հավատացյալների միջև` մի իսլամական ուղևորություն» գրքում: Այդ գիրքը հրատարակվել է 1979թ.-ին, իրանական հեղափոխության ժամանակ: Մի քննադատի կարծիքով՝ հեղինակն այդ գրքում փորձում է իսլամը գործածել մի շեշտված հակակրանքով:



Չնայած տարիներ շարունակ Նայփոլը Շվեդական ակադեմիայի թեկնածուների շարքի մեջ էր, սակայն այդ տարվա ընտրությունը, ինչպես խոստովանեց Ակադեմիայի պետը, քաղաքական բնույթ է կրել և որոշ չափով կապ է ունեցել Նյու Յորքի առևտրի շենքի աշտարակների կործանման հետ: Նա այդ առթիվ ասում է. «Ես չեմ կարծում, որ այս ընտրության համար մենք բուռն բողոք կստանանք իսլամական երկրներից: Եթե նրանք ուշադրությամբ ընթերցեն Նայփոլի ճամփորդական գրքերը, կտեսնեն, որ նրա կարծիքն իսլամի մասին շատ ավելի նրբանկատ է «նրա ոչ արաբ իսլամական երկրների մասին գրած գրքերում (ինչպես, օրինակ, իր «Հավատքի մյուս կողմը» գրքում) հեղինակի դիրքորոշումն իսլամի հանդեպ ավելի դրական է», - ասում է Ակադեմիան:



Նայփոլը մի դյուրագրգիռ, տաքարյուն բնավորություն ունի: Նա հայտնի է իր աղմկալի վեճերով և հարձարկումներով` ուրիշ հեղինակների, նույնիսկ իր գործերի և կամ անհատների վրա: Օրինակ, նրան մի անգամ հարցնում են․«Ինչո՞ւ որոշ հնդիկ կանայք մի կարմիր խալ են դնում իրենց ճակատին»-, Նայփոլը պատասխանում է` «Նրանք ուզում են ասել, որ իրենց գլխի մեջ խելք չկա…»: Նայփոլը սովորություն է դարձրել հարձակվել հայտնի հեղինակների վրա` մեռած կամ կենդանի: Մի անգամ Չարլզ Դիկենսի մասին ասել է, որ «նա մահացավ ինքնածաղրերգության պատճառով»: Նա վերջերս հարձակվել է Է. Էմ. Ֆոստերի «Մի ուղևորություն դեպի Հնդկաստան» գրքի վրա՝ այն համարելով «Մի կեղծիք, մի լրիվ տխմարություն…»: Նա Ֆոստերին հայհոյում է միասեռականության պատճառով և հետո ասում է, որ «ժամանակ չունի Սալման Ռուշդի կարդալու համար»:



«Նա մի խնդրահարույց անհատ է, երբեք հետ չի քաշում իր բռունցքի հարվածները» - ասում է Նայփոլի նախկին խմբագիր Դիանա Աթիլը, ապա շարունակում է, «Նա մի հանրածանոթ դեմք է դարձել, և մարդիկ կարծում են, որ միայն իր անհատի պատճառով է, որ նա Նոբելյան մրցանակի է արժանացել, բայց դա իր անհատի պատճառով չէ, մրցանակը իրականում իր գրքերին է տրվել»:



Նայփոլը 45 տարվա ընթացքում 26 գիրք է գրել, որոնց պատճառով նույնչափ բարեկամ է շահել, որքան թշնամի: Այդ գրքերից 12-ը խմբագրել է Աթիլը, որ այդ առթիվ ասում է․ «Մենք ոչ մի ուղղում չէինք կատարում նրա գրքերի մեջ: Նա հստակ կերպով գիտի՝ որտեղ ստորակետ և որտեղ միջակետ է պետք: Մենք միայն ստուգում էինք, որ տեսնենք՝ գրաշարն ամեն ինչ ճիշտ է շարել… նա մի կատարելագործ գրող է…»:



Նայփոլի առաջին գիրքը, որ հաջողություն ունեցավ, տպվել է 1959 թվականին «Միգել փողոց» խորագրով, որի դեպքերը տեղի են ունենում Տրինիդադ կղզու մայրաքաղաքում: Դա մի տղայի պատմությունն է, որ մեծանում է, ինքնապահ դառնում, ապա արտասահման է գնում ուսանելու համար: Նա ասում է․ «Ես նրանց թողեցի և շտապ գնացի դեպի սավառնակը… հետ չնայեցի, միայն տեսնում էի առջևս ընկած մի շվաք, որ գաճաճի նման պարում էր…»:
1961-ին լույս է տեսնում նրա «Մի տուն պարոն Բիսուասի համար» գիրքը, որ շատերի կարծիքով Նայփոլի գլուխգործոցն է:Պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես մի Բրահմինի հնդիկ` Մոհունս Ֆիսուանսը, ամեն գնով ուզում է իր անհատականությունը և անկախությունը ձեռք բերել, դրա համար նա աշխատում է իր սեփական տունն ունենալ: Բիսուասը որոշ չափով հեղինակի հոր բնօրինակն է: Բիսուասը ծննդից ի վեր մի դժբախտ մարդ էր, բայց նրա կյանքի միակ նպատակը իր սեփական տուն ունենալն էր: Հեղինակը այս վեպի մեջ խառնում է զավեշտը և պաթոսը, ապա ցույց է տալիս թէ ինչպես Բիսուասը տարբեր գործեր կատարելով պայքարում է իր նպատակին հասնելու համար:



1960-ից մինչև 1970-ը Նայփոլն այցելում է Հնդկաստան, Աֆրիկա, Իրան, Պաղեստան, Մալեզիա, Հյուսիսային և Հարավային Ամերիկա: Իր «Գրական ծովագնացությունը» սկսում է իր «Միջին անցք» գրքով, որը մի պտույտ է Կարիբյանում, ապա անցնում է Հնդկաստան, որի մասին գրում է երկու վեպ` «Մի խավարած հողատարած» և «Հնդկաստան` մի վիրավոր քաղաքակրթություն», որոնց մեջ նա նկարագրում է հնդկական հողը, որ խոցված է իսլամական նվաճումով և Բրիտանական տիրապետությամբ…



Յոթ ամիս Իրանում, Պաղեստանում, Մալեզիայում և Ինդոնեզիայում շրջագայելուց հետո Նայփոլը 1981-ին գրում է իր «Հավատացյալների մեջ մի իսլամական ճամփորդություն» գիրքը: Նայփոլն այս գրքում գրում է, որ «Իսլամական արմատականությունը մի քաղաքական անապատ է, որ ոչինչ չշնորհեց իր հետևորդներին: Նրանք ուզում են վերադառնալ վերացականից դեպի իրականություն և նորից տոհմական պատերը բարձրացնել…»: Նայփոլը մի ուրիշ տեղ ասում է, որ «Նոր իսլամը սրբացրել է զայրույթը հավատքի համար, քաղաքական զայրույթը, որ կարող է մեկը մյուսին նմանվել»: Այս գիրքը խիստ կերպով քննադատվել է մահմեդականների կողմից՝ որպես մի նեղմիտ և կանխամտածված տեսակետ իսլամի մասին:



Նայփոլի վերջին ճամփորդական գիրքը տպվել է 1998-ին «Հավատքի մյուս կողմը` իսլամական շրջապտույտներ դարձի բերված ժողովուրդների մեջ» խորագրով: Այս գրքում հեղինակը նկարագրում է իր ճամփորդությունները ոչ արաբ երկրներում ինչպես Իրան, Ինդոնեզիա, Պաղեստին և Մալեզիա: Նայփոլը փորձում է հասկանալ իսլամական հավատքի արմատական մոլեռանդությունը, ապա ասում է` «Հավանորեն ոչ մի կայսերապաշտություն չի եղել արաբների և Իսլամի նման»: Իրանում նա խոսակցում է Իրաքի դեմ պատերազմած նախկին զինվորների հետ, որոնք իրենց հիասթափությունն էին արտահայտում և ասում էին, որ իրենք շահագործվել էին մոլլաների կողմից:



Նայփոլն Աֆրիկա այցելելուց հետո գրում է իր «Մի ոլորան գետի մեջ» գիրքը: Սա մի հոռետեսական վեպ է Աֆրիկայի մասին, որտեղ հեղինակը ներկայացնում է մարդկային այլասերումը: Պատմությունը տեղի է ունենում մի երկրում, որ շատ նման է Զայիրին և կամ Ուգանդային: Սալիմը` պատմողը, մի մահմեդական է, որի ընտանիքը հնդիկ վաճառականներ էին հարյուրավոր տարիներ Աֆրիկայում էին ապրել: Սալիմը խանութ է հիմնում մի քաղաքում, դրա գետի ոլորանի մոտ և մեծ հաջողություն է ձեռք բերում: Սակայն նա զգում է, որ ապագա չունի մի երկրում, որի ցմահ նախագահը «Մեծ Մարդն» է: Այստեղ էլ գլխավոր հերոսը մի օտարական է: Նա գիտակցում է, որ իր կյանքի ընթացքը համարյա իր վերջն է հասնում, ի վերջո նա պիտի իր ամեն ինչից ձեռք քաշի, բայց ոչ մի տեղ չկա գնալու համար: «Աֆրիկան քաղաքակրթություն չունի»,- ասել է Նայփոլը: Այսպես պատմությունը կիսատ է մնում: Այս գրքի առթիվ Դերեք Ուալքոթը` Վեստ Ինդիայի բանաստեղծը, որ 1992-ին Նոբելյան մրցանակ ստացավ, արժևորել է Նայփոլի յուրահատուկ ոճը, ապա ավելացրել. «Եթե նրա վերաբերմունքը և իր նողկալի փոքրիկ ծաղրանքները… նեգրերի փոխարեն, օրինակի համար հրեաներին ուղղված լիներ, ինչքան մարդիկ նրան կգովեին իր անկեղծության համար…»:



Իր վերջին գիրքը՝ «Մի կյանքի կեսը», հրատարակվել է 2001-ին: Գլխավոր հերոսն Ուիլի Շադրանն է, որ ծնվել է Հնդկաստանում, ապա անցել է Լոնդոն: Նա ընկնում է Լոնդոնի Բոհեմական միջավայրի մեջ, մի գիրք է հրատարակում և ամուսնանում է Անայի հետ` մի կին, որ Աֆրիկյան խառնուրդ ուներ, ապա իր կնոջ հետ անցնում է Աֆրիկա: Իր կնոջ նահանգում Ուիլիի համար խնդիրներ են հարուցվում: Նա որպես մի «Բրահմանի» որդի մի «անդիաչելիի» հետ էր ամուսնացել: Ուիլին ապստամբում է իր հոր և նրա խորհուրդների դեմ, խնայած որ նրա հանդեպ մեծ հարգանք ուներ և սրտի խորքում նրան համակարծիք էր: Իր կնոջ՝ Անայի երկրում, ուր գաղութային սիստեմը խախտվել էր, Ուիլին այդտեղ էլ մի «օտարական» էր: 18 տարի հետո նա որոշում է իր կնոջից բաժանվել` իր իսկական ինքնությունը գտնելու համար: Նա մի կես կյանք, մի շվաք կյանք էր ապրել… սակայն հեղինակը չի ասում, թե Ուլիին ինչ է պատահում: Ուիլիի գոյութենապաշտ փնտրտուքը շարունակվում է, իր պատմության մնացածը կիսատ է մնում…



Ուլիի որոշումը նման է ամերիկացի գրող Պոլ Թհերուի որոշմանը, որ խախտում է իր տասնամյա ընկերությունը Նայփոլի հետ և 1998-ին իր «Աըր Վիդայի շվաքը» գրքում մի աններելի հարձակում է գործում իր վաղեմի ընկերոջ վրա: Թհերուն, որ հավանորեն մերժվել է Նայփոլի կողմից, անդրադառնում է, որ դուրս է եկել Նայփոլի շվաքից և իրեն անկախ և ազատ է զգում: Թհերուն Նայփոլին իր ուսուցիչն էր համարում, բայց այդ բարեկամությունը խզվում է և Թհերուն իր գրքում մեղադրանքների տեղատարափ է թափում նրա վրա: «Ես հիանում էի նրա տաղանդով, ասում է Թհերուն, մի որոշ ժամանակից հետո ոչնչով չէի հիանում: Վերջում սկսեցի զարմանալ նրա տաղանդի վրա՝ լրջորեն զարմանալ և կասկածել դրա վրա, երբ ես տեսնում էի, որ կարդալու ժամանակ ես բաց էի թողնում նրա վերջին գրքերի էջերը: Նախկինում ես կասեի որ մեղքն իմն է, սակայն հիմա ես գիտեմ, որ նա կարող է մի մոլագար լինել` թե իր անցյալում տպված գրքերում և թե իր կյանքում»: Ապա ավելացնում է, որ իր նախկին ընկերը և խորհրդականը մի ագահ և ախտաբանորեն մի սնոբ և վայրագ մարդ է»: «Գուցե այդպես է, եթե այդպես է, նա առաջին հայտնի գրողը չէ, որ վայրագ է: Ընդհանրապես դյուրալի մարդիկ շատ բան չեն անում մեր գրական աշխարհի համար»,- ասում է քննադատ Ռոբերտ Հուգը…



Այսպես, քաղաքական ազդեցությունները մի կողմ թողնելով, որպես եզրակացություն պիտի ասել, որ բացի իր յուրահատուկ և բարձրորակ ոճից Նայփոլն արժևորում է իր այն գծերով, որոնք ներկայացնում են հին գաղութները և գաղութային ղեկավարման դանդաղ փլուզումը»։



Ներկայացրեց Արմինե Կունդակջյանը