Ժամ չմտած՝ խոսում են պատարագից

Ժամ չմտած՝ խոսում են պատարագից

Հիմա ոմանք այնպես են խոսում ժամանակակից գրականության ու գրողների մասին, կարծես կարդացել, կարդում են տպագրված բոլոր գրքերը, մամուլի նյութերը, կայքերի հրապարակումները, ամեն ինչին քաջատեղյակ են ու մանրակրկիտ ուսումնասիրել են բոլոր ստեղծագործողների… կյանքն ու գործունեությունը: Ներեցեք, բայց դա պարզապես անհնար է զուտ ֆիզիկական առումով: Այսօր` չգիտեմ, բայց տարիներ առաջ ամեն օր լույս էր տեսնում մի քանի անուն գեղարվեստական գիրք: Նման պայմաններում ծանոթ լինել այդ ամենին, ընթերցել դրանք… Չէ, իսկապե՜ս ներեցեք… Դա իրոք անհնար է: Ուղղակի բարոյականությունն այս դեպքում պահանջում է ասել, օրինակ. «Իմ կարդացած գրքերի մասով…», «Ինձ ծանոթ հեղինակների վերաբերյալ…», «Որքանով ես եմ տեղյակ…»: Այլապես վարմունքը տգեղ է, խոսքն անհամոզիչ է ու… սուտ:



Ի դեպ` ծանոթ չլինելն էլ խիստ ամոթալի չէ: Մեր պայմաններում դա է վիճակը: Ընդ որում` կա մեկ այլ վտանգավոր երեւույթ: Հիշում եմ. տարիներ առաջ մի շատ հայտնի գրականագետ հարցազրույցում նշել էր, որ ինքը (ներկայացնեմ ասվածի բովանդակությունը) կարդում է այն հեղինակների գրքերը, որոնց անուններն արդեն հայտնի են, շրջանառվում են, որովհետեւ եթե ուրիշ որեւէ մեկի գործն արժեք ունենար, նրա անունը նույնպես կլիներ ծանոթ: Սա արդեն ավելի քան վտանգավոր մտածելակերպ է: Վարակի՛չ: Չէ՞ որ ուրիշներն էլ կարող են այսպես մտածել…
Չգիտեմ` ասեմ զարմանալի է, թե բնական, բայց մեր ժամանակներում այս շրջանառվող անունների շրջանակից դուրս գալու ցանկություն անգամ չկա, որի համար արդեն դժվար է բանական բացատրություն գտնելը:



Ապացույց` խնդրեմ: 2004 (կամ` 2005) թվականին Գրողների միությունն ընդունում էր միայն Գրողների միության անդամների գրքերը, որպեսզի պլենումի համար նախապատրաստվի զեկուցում… ժամանակակից գրականության մասին: Ասել է` ժամանակակից գրականության մասին ընթերցվում էին զեկուցումներ միայն Գրողների միության անդամների գրքերի հիման վրա: Մնում է միայն ասել, որ բարոյականությունն այստեղ նույնպես պահանջում էր խոսել ոչ թե ժամանակակից արձակի, պոեզիայի (եւ այլն), այլ սոսկ Գրողների միության անդամների գրքերի մասին:
Ի վերջո, անտեղյակությունը թաքցնելու պատճառ` չիք: Ժամից եկողը հո գիտի՞, թե ով պատարագին չի եղել…



Գուրգեն ՄԻՔԱՅԵԼՅԱՆ