Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի առցանց հեռարձակում

Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի առցանց հեռարձակում

Կայացավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի եւ նվագախմբի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեց նվագախմբի նոր՝ 2014-2015 համերգաշրջանի, Արամ Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնի, ինչպես նաեւ Երիտասարդականի նախաձեռնությամբ եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ կյանքի կոչվող՝ հայ իրականության մեջ նախադեպը չունեցող նորարարական ծրագրի մեկնարկը:



Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան) հայտարարում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացվող` Արամ Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնի մեկնարկի մասին, ներկայացնելով աննախադեպ բացման արարողություն-համերգ:



Այսպես, սեպտեմբերի 16-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը` նվիրված Երեւանի պետական համալսարանի 95-ամյակին: Փառատոնն անցկացվում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության հովանու ներքո եւ Բրիտանական խորհրդի աջակցությամբ: Միեւնույն բեմում Երիտասարդական նվագախմբի հետ հանդես կգան հանրահայտ դիջեյ Սուիչը/DJ Switch (Միացյալ Թագավորություն) եւ Բիթբոքսի հայկական ասոցիացիայի ղեկավար Բագրատ Տերտերյանը: Հանդիսատեսին կներկայացվեն Գաբրիել Պրոկոֆեւի ձայնարկչի եւ նվագախմբի համար կոնցերտը եւ Մայլս Հենքոքի ձայնարկչի, բիթբոքսերի եւ նվագախմբի կոնցերտը (համաշխարհային պրեմիերա):



Երիտասարդականի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ իրականություն է դառնում նվագախմբի եւս մեկ նախաձեռնություն: Այսուհետ դասական երաժշտության սիրահարը հնարավորություն կունենա հետեւել Երիտասարդականի, մասնավորապես՝ Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում ներկայացվող բոլոր համերգներին՝ անկախ գտնվելու վայրից, պարտադիր պայման է միայն ինտերնետի հասանելիությունը: Սկսած սեպտեմբերի 16-ից՝ յուրաքանչյուր համերգ հնարավոր կլինի դիտել առցանց՝ ուղիղ հեռարձակմամբ փառատոնի պաշտոնական կայք-էջում՝ www.akhif.am, ինչպես նաեւ նվագախմբի պաշտոնական էջում՝ www.syoa.tv:
«Տեխնոլոգիաները կոչված են ծառայելու մշակույթին. որքան ավելի հաճախ կարողանանք տեխնոլոգիաները կիրառել մեր երկրի հենասյունը հանդիսացող ոլորտները սատարելու համար, այնքան ավելի մեծ հաջողությամբ մենք կկարողանանք պահպանել մեր ինքնատիպությունը: Մշակույթի ձայնն այսօր ավելի հնչեղ է եւ լսելի, երբ համապատասխան գործիքներ են կիրառվում: ՎիվաՍել-ՄՏՍ-ն ուրախ է Երիտասարդական նվագախմբին տրամադրել միջոցներ, որոնք ավելի հասանելի կդարձնեն երաժշտությունն ավելի մեծ թվով մարդկանց»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



Հիշեցնենք, որ փառատոնի ընթացքում իրականացվում են մեծ թվով միջոցառումներ՝ համերգներ, վարպետության դասեր եւ այլն: Ծրագրի շրջանակներում Երեւանը հյուրընկալելու է ինչպես հռչակավոր երաժիշտների, այնպես էլ երիտասարդ տաղանդների աշխարհի տարբեր ծայրերից, ովքեր լսարանին են ներկայացնելու խաչատրյանական գեղեցիկ արվեստը: Նշենք մենակատարներից մի քանիսին միայն՝ Զախար Բրոն, Վահագն Պապյան, Աննա Տիֆու, Ալեքսանդր Ռոմանովսկի, Նին Ֆեն, Մարիա Դոմաշենկո եւ այլք: Մեկ անգամ ներառվելով երաժիշտների երկացանկերում՝ Մաեստրոյի ստեղծագործություններն իրենց կատարողների համար կդառնան ամենասիրելիները եւ, անկասկած, ապագայում մշտապես կընդգրկվեն նրանց յուրաքանչյուր ծրագրում: Այսպիսով, անգամ օտարերկրյա երաժիշտներն անուղղակի կաջակցեն մեր մշակութային ժառանգության եւ ազգային հարստության՝ Արամ Խաչատրյանի փայլուն երաժշտության պահպանությանը: