Շոտլանդիան քվեարկեց ավելի հզոր խորհրդարան ունենալու համար

Շոտլանդիան քվեարկեց ավելի հզոր խորհրդարան ունենալու համար

Այսօրվա սերնդի համար Շոտլանդիայի անկախության խնդրին վերջակետ է դրվելու: Հանրաքվեի արդյունքում, սակայն, «Շոտլանդիան քվեարկեց ավելի հզոր խորհրդարան ունենալու համար, որին պիտի աջակցի ավելի հզոր և անվտանգ Միացյալ Թագավորությունը»: Շոտլանդիայի հանրաքվեն պատմական նշանակություն ուներ նաև այն առումով, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը պարտավորություն ստանձնեց վերանայել ոչ միայն Շոտլանդիայի, այլ նաև թագավորության կազմում ընդգրկված՝ Ուելսի, Հյուսիսային Իռլանդիայի և Անգլիայի ժողովուրդների մի շարք իրավունքներ:



Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթի Լիչն, անդրադառնալով սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներին և նշանակությանը, լրագրողներին փոխանցեց ՄԹ վարչապետ Դեյվիդ Քեմերոնի գնահատականները:



Շոտլանդական հանրաքվեն` նախադեպ այլ երկրների համար



Հարցին, թե կարող է Շոտլանդիայի հանրաքվեն նախադեպ դառնալ այլ երկրների համար, ՀՀ-ում ՄԹ դեսպանը պատասխանեց, թե դժվար է ընդհանուր դասեր քաղել Շոտլանդիայի անկախության հանրաքվեից, քանի որ յուրաքանչյուր հիմնախնդիր պահանջում է ուրույն մոտեցում և ուրույն լուծում: Դեսպան Լիչի խոսքով` յուրաքանչյուր հակամարտության պարագայում, երբ հակասության մեջ են ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքները, խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, բայց յուրաքանչյուր հակամարտության լուծումը տարբեր է: «Ես կրկին օրինակ կբերեմ մեր փորձից, թե ինչպես մենք աշխատեցինք Շոտլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի հետ: Շոտլանդիայի պարագայում մեզ մոտ ստացվեց, որովհետև ներգրավված բոլոր կողմերը հետևում էին խաղաղության սկզբունքին, և նրանք համաձայն էին ամեն դեպքում ընդունել քվեարկության արդյունքները: Այսօր Հյուսիսային Իռլանդիայի հանրաքվեի մասին խոսք չկա, բայց կա «բարի ուրբաթի» համաձայնագիրը` կնքված 1998 թ., որտեղ նշված է, որ եթե Հյուսիսային Իռլանդիայի ժողովուրդը որոշի հանրաքվե անցկացնել, դա կընդունվի: Այս պահին Հյուսիսային Իռլանդիայի երկու համայնքները հակասական մոտեցումներ ունեն, թե ինչպես կազմակերպեն իրենց ապագան»: Ի դեպ, Շոտլանդիայի հանրաքվեն ուրույն էր նաև գրանցված մասնակիցների ռեկորդային թվով:

Հայաստան-ՆԱՏՕ արդյունավետ համագործակցությունը` հրաշալի օրինակ



Դեսպան Քեթի Լիչը, պատասխանելով հարցին, թե որքանով կարող է խորանալ Հայաստան- ՆԱՏՕ համագործակցության շրջանակները, ասաց, թե ՆԱՏՕ-ն փորձում է քաջալերել իր հետ համագործակցող երկրներին, որպեսզի նրանք ևս նպաստեն միջազգային անվտանգության պահպանմանը: ՆԱՏՕ-ն առաջարկում է իր աջակցությունը, բայց համագործակցող երկիրն ինքն է որոշում կայացնում:
«Այս համատեքստում Հայաստանը հրաշալի օրինակ է, որ իր ռազմավարական անվտանգության տեսանկյունից կարողանում է համագործակցել և ՀԱՊԿ-ի, մասնավորապես Ռուսաստանի, և ՆԱՏՕ-ի հետ:



Լրագրողների խնդրանքով դեսպան Լիչն անդրադարձավ նաև տարածաշրջանի անվտանգության պահպանման, ինչպես նաև հակամարտությունների կարգավորման խնդիրներին:



ՀՀ-ՄԹ համագործակցությունը կշարունակվի Բրիտանական աշուն ծրագրի շրջանակներում



Մամուլի ասուլիսի ավարտին դեսպան Քեթի Լիչը ներկայացրեց ՀՀ-ում ՄԹ դեսպանատան նախաձեռնած միջոցառումները «Բրիտանական աշուն» ծրագրի շրջանակներում: Նրա խոսքով Մեծ Բրիտանիայի դեսպանատունը շարունակելու է զարգացնել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցությունը կրթության, մշակույթի, բիզնեսի ոլորտներում: