Իսկ ե՞րբ են կոլաիցիայից դուրս գալիս, ընտրություններից առա՞ջ

Իսկ ե՞րբ են կոլաիցիայից դուրս գալիս, ընտրություններից առա՞ջ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը ընդդիմության խոստացած բազմահազարանոց հանրահավաքների մասին լսել է, բայց չգիտե՝ այդ «բազմահազարանոց հանրահավաքների» ժամանակ ինչ են ասելու, ինչ պահանջ են ներկայացնելու, որովհետև այդ մասին ընդդիմությունը դեռևս լռում է։



«Էսօրվա մեր հանրահավաքային քաղաքական դաշտում դրված է ընդամենը մեկ խնդիր՝ արդյոք բազմահազարանոց հանրահավաք կկայանա՞, թե՞ չի կայանա, արդյոք կգան կասե՞ն իշխանափոխություն, թե՞ ոչ։ Սա է ամբողջ խնդիրը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հ․ Սահակյանը։
Անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, թե փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փոխարեն հնարավոր է դաշնակցական Դավիթ Լոքյանին նշանակեն, ինչն էլ կարող է սկիզբ նել ՀՅԴ-ՀՀԿ նոր կոալիցիայի, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց․ «Ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում, Արմեն Գևորգյանը դեռևս պաշտոնավարում է, և կոռեկտ չեմ համարում, որ նրա պաշտոնավարման ընթացքում այլ անուններ են շրջանառվում»։
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի հետ կոլաիցիա կազմելուն, Սահակյանն ասաց, որ դրանք քաղաքական դաշտի այն թեմաներն են, որոնք ցանկացած ժամանակ ցանկացած քաղաքական ուժի հետ հնարավոր է քննարկել, և եթե կան տեսակետների համընկնում կամ այնպիսի մի խնդիր, որի շուրջ կարելի է համախմբվել, իհարկե, կարելի է գնալ նաև կոալիցիոն համագործակցության․ «Այս սկզբունքով ենք մենք կոալիցիոն կառավարման գնացել ՕԵԿ-ի, ՀՅԴ-ի կամ ԲՀԿ-ի հետ»։




Hraparak.am-ի դիտարկմանը, թե փորձը ցույց է տալիս, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմած ուժերը ժամանակի ընթացքում դուրս են գալիս այդ կոալիցիայից՝ ՀՀԿ-ին թողնելով միայնակ, ՀՀԿ խմբակցության պատգամավորը պատասխանեց հռետորական հարցադրմամբ․ «Իսկ ե՞րբ են դուրս գալիս, ընտրություններից առա՞ջ։ Իհարկե ընտրություններից առաջ։ Մեր ընդդիմությանը թվում է, թե ընդդիմադիր կամ կիսաընդդիմադիր կեցվածք ընդունելով ավելի շատ ձայներ կարելի է հավաքել, կարող են ամեն ինչ ներկայացնել այնպես, որ շատ ավելի վատ է ու դրանով փորձել շահել ժողովրդի վստահությունը»։




Սահակյանը այս համատեքստում հիշեցրեց նաև շրջանառության հարկի մասին օրենքին կողմ քվեարկած այն ընդդիմադիր ուժերին, ովքեր հիմա ժողովրդի հետ դուրս են եկել փողոց ու դեմ են արտահայտվում այդ օրենքին։




«Երբ որ նայում ենք, թե ովքեր են կողմ քվեարկել այդ օրենքին և ովքեր են գնացել ու ինչ են խոսում ժողովրդի առաջ․․․ Մարդիկ գալիս քննադատում են մի օրենք, որը 95 ձայնով անցել է, իմ տրամաբանությամբ՝ ճիշտ կլինի, որ գնան ասեն՝ ժողովուրդ, մենք էս օրենքը քվեարկելու ժամանակ չենք հասկացել, որ կարող են նման խնդիրներ առաջանալ, ինչը ասացինք մենք՝ ի դեմս կառավարության ու վարչապետի։ Ոչ թե տեսնում են՝ մի 200-300 մարդ է կանգնած, իրենց պատառոտելով գնում են ու փորձում են էդ մարդկանց ուղղորդել մեր դեմ»,-ասաց ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ