Ավագանու ԲՀԿ-ական անդամները կոնստրուկտիվ մոտեցման կողմնակից են

Ավագանու ԲՀԿ-ական անդամները կոնստրուկտիվ մոտեցման կողմնակից են

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարբեր ստորաբաժանումները տարբեր քաղաքական կեցվածք ու դիրքորոշում ունեն: Եթե խորհրդարանում ընդդիմություն են ու լծվել են իշխանափոխության ծրագրին, ապա քաղաքապետարանում հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում միայն ՀՀԿ-ի ծրագրերն ու որոշումները դակողներ են, ավելին՝ երբեմն էլ ԲՀԿ խմբակցության ղեկավարը չի զլանում եւ դակելուց առաջ մի դիֆերամբ է ձոնում տվյալ նախագծին, այն դեպքում, երբ «Բարեւ, Երեւանը» հակափաստարկներով դիմադրում է: Լուրեր էին շրջանառվում, որ ԲՀԿ առաջնորդը դժգոհ է ավագանու աշխատանքներից եւ հրահանգել է ակտիվ լինել՝ ինչպես խորհրդարանում: Սակայն արդյունքը նկատելի չէր: Բայց այսուհետ նրանք ստիպված են ակտիվանալ, քանի որ կուսակցության գործելաոճն է փոխվում: Թե ինչու է ավագանիում ԲՀԿ-ն կաղում, եւ ինչպես են վարվելու այսուհետ, երեկ ավագանու նիստի ավարտին հետաքրքրվեցինք ավագանու ԲՀԿ-ական անդամ Ջիվան Պողոսյանից, ով նաեւ ԲՀԿ-ի Մալաթիա-Սեբաստիա տարածքային կառույցի ղեկավարն է: «Մենք միշտ եղել ենք կառուցողական, եթե մեր առաջարկներն անցնում են, չենք բերում՝ պոպուլիստական քննարկման առարկա դարձնում: Որ ճիշտն ասեմ՝ մեր պատգամավորները մի քիչ նախանձախնդիր են լինում էդ հարցում, մեզ ասում են՝ ինչի՞ է ձեր մոտ նորմալ ընթանում, մեզ մոտ տենց չի: Ո՞նց է, որ սրացված չի մեզ մոտ՝ ավագանիում, բայց միգուցե Ազգային ժողովում իմպերատիվ են դրված էդ հարցերը… բայց քանի որ մեզ մոտ կոնստրուկտիվ է, առաջարկությունների մեծամասնությունն անցնում է, նման խնդիր չի լինում»:



Մինչ ԲՀԿ-ականները հանրահավաքներ են անում եւ «խարխլում» իշխանության հիմքերը, ավագանու ԲՀԿ-ական անդամները պատրաստվում են Էրեբունի-Երեւան տոնակատարությանը եւ Տարոն Մարգարյանի ու ՀՀԿ-ականների հետ ուս ուսի տված՝ մասնակցելու են տոնական միջոցառումներին: «Բայց մի՞թե դա մենակ իշխանական թեւի մայրաքաղաքն է, հանրահավաքներին մենք էլ ենք մասնակցելու, ես նույնիսկ իմ հանրապետական ընկերներին եմ հումորի տեսքով կոչ արել, որպեսզի իրենք էլ մասնակցեն…»: Իսկ իրենք ի՞նչ են պատասխանել։ «Կոնկրետ մեր հանձնաժողովն ասեց՝ որ լավ VIP տեղ վերցնեք, մենք էլ կմասնակցենք»: